HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բարձրավանում ամեն մեկը գյուղի փրկության իր ծրագիրն ունի

Կապանի անտառների խորքում թաքնված գողտրիկ գյուղը, որին Բարձրավան անունն են տվել, թերեւս, Սյունիքի բարձրաբերձ ժայռերի գլխին հիմնվելու պատճառով, իրեն է ձգում բոլոր այն այցելուներին, որոնք շատ հաճախ պատահաբար են հայտնվում այնտեղ: 

Անտառն ավարտվելուն պես անծանոթ այցելուի առջեւ փռվում է մարգագետինը, որով շրջապատված է գյուղը: Հայաստանյան արեւը, որ ամռան առաջին ամսին հասցնում է խանձել դաշտերին ու լեռներին բուսնած կանաչը, Բարձրավանը դուրս է թողնում այդ շրջագծից: Թավշյա կանաչը սկզբում շփոթության է մատնում, այնուհետեւ առատ կանաչի ու խոտի բույրից արբեցած՝ սկսում ես զուգահեռներ տանել քեզ ծանոթ այն երկրների հետ, որոնց գրավչությունն ամենից առաջ հարուստ ու փարթամ բուսականությունն է` Շվեյցարիա, Ֆրանսիա, Ավստրալիա...: Մինչդեռ Բարձրավանի բնակիչներից ամեն երկրորդը քեզ պատմում է գյուղից հեռանալու իր մտադրության մասին: Գյուղի փողոցներում ամենից շատ աչքի են զարնում լքված տները. 1997 թ. գյուղում բնակվում էր 150-160 մարդ, այսօր նրանց կեսն էլ չի մնացել:

Գյուղի դպրոցին կից վագոն-տնակից հնչող ուժգին զանգը դասարաններ է հրավիրում դպրոցի 7 աշակերտներին: Նրանցից երկուսը 11-րդ դասարանցի է, երկուսը` 12-րդ: Մյուս երեք աշակերտները դասընկեր ունենալու, դասաժամը նաեւ մանկական չարաճճիություններով լցնելու հաճույքը չեն զգացել: Փոքրիկ ու ցուրտ դասասենյակներում, որոնցից մեկը թվագրված է 1-ին, մեկը` 3-րդ, մյուսը` 4-րդ, նրանցից յուրաքանչյուրը մի դասասենյակ է զբաղեցնում՝ վայելելով միայն ուսուցչի ներկայությունը: Դպրոցն այս տարի 5-10-րդ դասարանցիներ չունի:

Դպրոցի 6 հոգանոց ուսուցչական կազմն արդեն 14 տարի գլխավորում է տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը: Տնօրենը դպրոցի համար ավելի վատ վիճակներ էլ է հիշում, նա պատմում է, որ 1982 թ. 5 աշակերտ են ունեցել: Բարձրավանում բնակչության ամենամեծ թիվը գրանցվել է 1997-ին` մոտ 150-160 մարդ, դպրոցում աշակերտների ամենամեծ քանակն էլ հենց այդ տարիներին են ունեցել, 1998 թ. 57 աշակերտ ունեին եւ դասերը երկհերթ էին կազմակերպում: Երկու տարի հետո, ինչպես տնօրենն է պատմում, միահերթ ուսուցման անցնելու համար հարկադրված եղավ վագոն-տնակ տեղադրել դպրոցի բակում: Սակայն դրանից հետո աշակերտների թիվը գնալով նվազել է եւ լքված դասասենյակներից մեկը վերածել են գրադարանի, մյուսը` ցախանոցի, ուսուցչանոցի եւ այլն:

«Գյուղում ծնելիություն չկա,- աշակերտ չունենալու պատճառն է բացատրում Էդիկ Հովհաննիսյանը,- երիտասարդները չեն ամուսնանում, որովհետեւ աղջիկներն այս գյուղ հարս չեն գալիս, գալիս էլ մեկ-երկու տարի հետո կամ հեռանում են, կամ իրենց հետ տանում են ընտանիքը: Այս պահին 15-20 երիտասարդ կա ամուսնության տարիքի, բայց... »: Տնօրենը հայտնեց, որ վերջին տարիներին  մոտ 7 ընտանիք է հեռացել գյուղից:

Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանի ասելով՝ մինչեւ 2000 թ.-ը գյուղից արտագաղթողներ չեն եղել: «Երիտասարդները սպասում էին, որ մի աշխատատեղ կստեղծվի գյուղում, բայց չեղավ եւ նրանց չես կարող հարկադրել, որպեսզի մնան գյուղում եւ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվեն: Համայնքապետի տվյալներով՝ Բարձրավանը ծխամատյանով 170 բնակիչ ունի, իսկ փաստացի մոտ 100 մարդ է բնակվում: «Մնացյալը դրսում են, հաշվառված են գյուղում, բայց Քաջարանի կոմբինատում աշխատում են, այնտեղ էլ բնակվում, կամ մեկնել են Ռուսաստան` արտագնա աշխատանքի»:

Օնիկ Ավագյանը, ով համայնքի ղեկավարն է տեղական ինքնակառավարման ձեւավորումից ի վեր, այսինքն` արդեն 15 տարի, գյուղից արտագաղթի հիմնական պատճառներից մեկը դպրոցն է համարում: «Ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխաներն այսպիսի դպրոց հաճախեն»,- ասում է նա եւ ավելացնում, որ համայնքի զարգացման քառամյա ծրագրով առաջին հիմնախնդիրը դպրոցի կառուցումն են համարել: Շինարարական նախագիծ են պատրաստել, սակայն, նրա ասելով, այս անգամ տնտեսական ճգնաժամը պատճառ դարձավ, որ այն չիրականանա:

1930 թ. կառուցված դպրոցը վերջին անգամ 1997-ին է վերանորոգվել, հետո անիմաստ են համարել ծախսեր կատարել փոքր ու մեծ երկրաշարժերից տարեցտարի խարխլվող շինությունը կանգուն պահելու համար: «Հիմա էլ արդեն անհույս է` 7 աշակերտի համար դպրոց չեն կառուցի: Քանի որ աշակերտ չունենք, մասնագետ ուսուցիչ չենք կարողանում պահել:  Մի ուսուցիչը 2-3 առարկա է դասավանդում, եւ ինչպես էլ լինի՝ նա մի առարկան կարող է լավ դասավանդել, մյուս երկուսը խոտան է տալու: Չնայած այս պայմաններին, մեր դպրոցից վերջին 11 տարիներին 15 հոգի բարձրագույն կրթություն է ստացել»,- դպրոցի դժվարին առօրյայի մասին իր պատմությունը առանձնակի հպարտությամբ եզրափակեց դպրոցի տնօրենը:

Համայնքի ղեկավարը նշում է, որ Բարձրավանում վերջին 20 տարիներին զարգացման ոչ մի ծրագիր չի իրականացվել, եւ պետական բյուջեից երբեւէ հատկացում չի կատարվել այս գյուղին: Համայնքի քառամյա ռազմավարական ծրագրով, դպրոցի կառուցումից բացի, գյուղի համար առաջնային են համարել գազիֆիկացումը, ոռոգման ջրի խնդիրը եւ այլն: Թվարկված բոլոր հարցերի լուծումը համայնքի ղեկավարը պայմանավորում է Կառավարության բարի կամքով, իսկ ընդհանրապես` գյուղի ապագան կապում է տուրիզմի զարգացման հետ:

«Մենք ճարտարապետական կառույցներ ունենք` 4-րդ դարի կառույց Բղենու Նորավանքը, 1821 թ. կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին եւ այլն»,- աում է նա` հավատացած լինելով, որ դրանք կարող են բավարար լինել տուրիզմով հետաքրքրվողների համար:

Բարձրավանի պատմությունը սկիզբ է առնում 1940 թ.-ից, երբ 1931 թ. երկրաշարժից հետո իսպառ բնաջնջված Երիցաթումբ գյուղը նորեկները կենդանացրել են՝ 1550 մ բարձրության վրա հիմնելով ներկայիս Բարձրավանը: Բարձրավանցիները սեփական հողատարածքներ ունեն եւ գյուղի բարձրադիր մասում, եւ Որոտանի ափին, որտեղ մրգերի ու հատապտուղների առատ տեսականի է աճում` մոշ, թուզ, թութ, հոն, արքայախնձոր, նուռ եւ այլն:

Գյուղը հարուստ է նաեւ արոտավայրերով, ցանքատարածքներով: «Եթե գյուղտեխնիկա լիներ, այստեղ տարեկան 200 հա ցանքս կարելի էր կատարել, բայց հիմա մինչեւ 40 հա է ցանվում, իսկ մյուս տարի երեւի 25 հա հազիվ մշակվի»,- ասում է համայնքի ղեկավարը: Ցանքսի նվազման պատճառը նա բացատրում է գյուղտեխնիկայի բացակայությամբ: «Հնամաշ տեխնիկա է, եղածը սեփականաշնորհել են, մի մասը սեփականատերերը գյուղից հեռանալուց առաջ վաճառել են, մի մասն էլ մի կերպ ենք գործածում»,- ասում է նա:

Առավել քան տարօրիակ է, երբ բարձրավանցիներն իրենց բախտը որոնում են Քաջարանի ու Կապանի հանքավայրերում ու ընտանիքով հաստատվում այնտեղ: «Գյուղացին այսօր հողից փախչում է, այստեղ ամեն ինչը լիքն է, բայց արդյունաբերության են ձգտում»,- ասում է դպրոցի տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը:

Չթաքցրի զարմանքս, թե տեղացիներն ինչպես են հանքավայրի դաժան ու անհրապույր աշխատանքը նախընտրում հրաշագեղ բնության մեջ բերք ու բարիք արարելուց: Բարձրավանում բոլոր պայմանները կան անասնապահությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու համար, մինչդեռ, նրանց ասելով, գնալով նվազել է նաեւ անասնապահությամբ զբաղվելու ցանկությունը: «Արդեն ֆերմերային տնտեսություններ հիմնելու միտում կա գյուղացիների շրջանում, քանի որ մսի գինը բարձրացավ»,- ասում է համայնքի ղեկավարը:

Վերջինս հայտնեց, որ խորհրդային ժամանակներից ժառանգված Բարձրավանի երեք անասնագոմերից միայն մեկն է սեփականաշնորհված առայսօր: 200 գլուխ անասունի համար նախատեսված գոմում գյուղացիներից մեկը ընդամենը 15 գլուխ կով է պահում: Խորհրդային շրջանում գյուղում հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է եղել: «Ֆերմաներ կային, 3 մեծ համալիր ունեինք եւ հատկապես վերջին տարիներին շատ լավ վարձատրություն կար, կռիվ էին տալիս կթվոր աշխատելու համար: 80-ական թվականները գյուղի համար ծաղկուն շրջան էր»,- պատմեց համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը:

Չնայած բնությունն այդքան շռայլ է գտնվել այդ գյուղի նկատմամբ, եւ նրանք սեփական կենսափորձով համոզվել են, որ մսամթերքի մեծ պահանջարկի պայմաններում բոլոր հնարավորություններն ունեն անասնապահությամբ զբաղվելու ու իրենց կյանքը բարելավելու, այդուհանդերձ, համայնքի զարգացման ծրագրում անասնապահության զարգացումը տեղ չի գտել:

Բարձրավանցիներից ամեն մեկը գյուղի փրկության իր ծրագիրն ունի, որոնց մեջ առաջնայինը տուրիզմի զարգացումն է: Մեկ այլընտրանքային տարբերակ ունի դպրոցի տնօրենը, ով Բարձրավանում կյանքի բարելավումը պայմանավորում է նաեւ մարդկանց քանակով: «Մի մանկատուն հիմնեն այստեղ, երեխաները դպրոց կհաճախեն, այնուհետեւ կբնակվեն գյուղում, իսկ մենք կստանձնենք նրանց ապագայի պատասխանատվությունը»,- գյուղի հեռանկարն այսպես է պատկերացնում Էդիկ Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ (2)

Avetik Krpeyan
Dzer gyuxe korcanvuma,bayc duq noric irar haka baner eq xosum,gone mianaq u vorosheq te inchpes prkeq hrashq Bardzravane. Minchev chtoxneq dzer gorozutyune cheq karox gyuxi het kapvac harcere luceq. Es cankanum em erku koxmerinel xonarhutyun u harganq dimacini nkatmamb. Maxtumem dzes uj u erand Bardzravan gyuxe prkelu hamar.
Անժիկ
Սառա ջան, հոդվածդ լավն է... Իսկապես հրաշք է Բարձրավանը: Այն Շինուհայրի մեր տնից երեւում է. կարծես ափի մեջ: Որոտանի կիրճի այս կողմից ես երբեմն երկար-երկար նայում էի Բարձրավանին ու... ինձ թվում էր, թե դա աշխարհի դրախտային վայրերից մեկն է... Շատ գեղեցիկ է, բայց վախենամ, որ այն պատմություն է դառնում, ինչպես այդ տարածաշրջանի որոշ գյուղեր են դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter