HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Անշարժ գույքը թանկացել է. Կենտրոնական բանկ

Հայաստանում 2013 թ. պահպանվել է անշարժ գույքի շուկայում բնակարանների գների աճի միտումը: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն (2013 թ.)» հրապարակման մեջ:

Գների աճ (5.5%) դիտարկվել է Երևանի բոլոր համայնքներում, ընդ որում` առավել բարձր աճ արձանագրվել է Նոր Նորք և Աջափնյակ համայնքներում, որտեղ բնակարանների գները համեմատաբար ցածր են: Այնուամենայնիվ, անշարժ գույքի գները շարունակում են զիջել 2008թ. ցուցանիշը: Դա զգալի է հատկապես Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ համայնքներում: Բնակարանների գները 4.3%-ով բարձրացել են նաև ՀՀ մարզերի քաղաքներում և շարունակում են անհամեմատ բարձր մնալ Ծաղկաձորում, Վաղարշապատում և Աբովյանում:

ՀՀ առևտրային բանկերը, ելնելով իրենց ռիսկերի կառավարման անհրաժեշտությունից, շարունակել են պահպանողական մոտեցում ցուցաբերել և վարկ/գրավ հարաբերակցու թյունը հիմնականում սահմանել են 60-80% միջակայքում:

Տարվա ընթացքում գների աճն ուղեկցվել է բնակարանների առուվաճառքի գործարքների աճով, որը պայմանավորված է 2013թ. երկրորդ կիսամյակում արձանագրված դրական զարգացումներով: Համաձայն ՀՀ ԿԲ հարցման արդյունքների՝ առուվաճառքը համեմատաբար  ակտիվ է եղել անշարժ գույքի երկրորդային շուկայում, մինչդեռ նորակառույց բնակարանների շուկայի ակտիվությունը գնահատվում է բավականին ցածր:

ՀՀ ԿԲ վերոնշյալ հարցում ների համաձայն՝ որպես անշարժ գույք վերցված գրավի իրացվելիության ռիսկը դեռեւս համեմատաբար բարձր է, ինչը պայմանավորված է նաև նման գործարքների արագ և արդյունավետ իրականացումը խոչընդոտող օրենսդրական բարդություններով:

Նշվել է, որ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը սահմանափակող հիմնական գործոնը բնակչության եկամուտների ցածր մակարդակն է: Այս տեսանկյունից էական նշանակություն ունեն ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկերը, որոնք կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 6.1%-ը: 2008թ. հետո հիփոթեքային վարկերի ժամկետայնությունն աճում է, ինչը դրական է անդրադառնում հիփոթեքային վարկերի հասանելիության վրա:

 Ս/թ փետրվարի դրությամբ` առևտրային բանկերի հիփոթեքային պորտֆելը կազմում է 143.7 մլրդ դրամ, որից 113 մլրդ դրամը անշարժ գույքի ձեռքբերման համար, 20.7 մլրդ դրամը՝ բնակարանների վերանորոգման համար: Նախորդ տարվա համեմատ հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 16.2 մլրդ դրամով կամ 12.7%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter