HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեմ եմ»-ը երկխոսության կգնա միայն կուտակային կենսաթոշակային նոր օրենքը քննարկելու շուրջ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել իրենց մոտեցումը` իշխանության հետ բանակցելու չեն գնա հակասահմանադրական հոդվածները քննարկելու շուրջ և երկխոսության առաջարկը կընդունեն միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքը քննարկելու դեպքում:

Երեկ, ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ նախագահական նստավայրի առաջ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայի իրականացնող քաղաքացիներին եւ երկխոսության կոչ արեց ցուցարարներին: Նա առաջարկեց հարցը քննարկել ոչ թե փողոցում, այլ սեղանի շուրջ: Վարչապետը խոստացավ խնդրի լուծման հարցում հաջողություն արձանագրել, եթե քննարկումներ ծավալվեն, ինչից, սակայն, «Դեմ եմ»-ի անդամները հրաժարվեցին:

«Ես ձեր բոլոր մտահոգություններին տեղյակ եմ, առաջին քայլը կատարել եմ: Պետք է խնդրեմ, որ մեր քննարկումները չլինեն փողոցում, ես պատրաստ եմ երկխոսել, և դուք կարող եք վստահել, հավատալ, որ մենք կարող ենք ունենալ հաջողություն միասին, քննարկումների արդյունքում: Մենք արդեն ստեղծել ենք խումբ, որն աշխատում է և փորձելու ենք ձեր բոլոր մտահոգությունների պատասխանները տալ: Իմ մոտեցումն է` չսպասել մինչև սեպտեմբերի 30-ը, այլ շատ կարճ ժամկետում ունենանք մի որոշում, որն ընդունելի կլինի ձեր, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի կողմից: Ես պատրաստ եմ քննարկել, առաջին քայլը ես կատարել եմ, խնդրում եմ հնարավորություն` երկխոսություն սկսկել ձեզ հետ միասին»,- նախագահի նստավայրի առջև երեկ հայտարարեց Հ.. Աբրահամյանը:

«Հետք»-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ նոր վարչապետը երեկ մասնակցեց իրենց ակցիային` շեշտելով, թե դա ամենևին չի նշանակում, որ իրենք ընդունել են երկխոսելու նրա առաջարկը: 

«Եթե մեր պահանջներն ընդունվեն, մենք պատրաստ ենք երկխոսել նոր մշակվող օրենքի շուրջ, իսկ հին օրենքի շուրջ անիմաստ է երկխոսել, ի՞նչ երկխոսենք հակասահմանադրական օրենքի շուրջ… ի՞նչը երկխոսենք, գնանք ասենք` կեսը վճարեն, կեսը չվճարե՞ն… չգիտեմ, երկխոսելու եզրեր կա՞ն, չկան, չէ՞, հակասահմանադրական օրենք է»,-  նշեց Տ. Մարտիրոսյանը:

Նախաձեռնության մյուս անդամ Հայկ Ավետիսյանն էլ «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ երկխոսելն այս փուլում անիմաստ է համարում: Պատասխանելով մեր այն հարցին, թե որքանո՞վ էին համոզիչ ձեզ համար Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները, Հայկ Ավետիսյանն ասաց, թե իրենք հավատքով չեն շարժվում:

«Մենք այս ընթացքում հավատքի վրա չենք հիմնվել, մեր պահանջները դրել ենք, կանեն` կհամոզվենք, չեն անի` չենք համոզվի: Հիմա այնպես չէ, որ 100 տոկոս հավատում ենք կամ չենք հավատում: Պահանջը դրված է, եթե Աբրահամյանը խելամիտ ժամկետներում բարձրացված հարցերին լուծում տա, ապա բոլորս կհամոզվենք, որ մարդն իր խոսքի տերն է»,- նշեց ակտիվիստը` շեշտելով, որ իրենք կերկխոսեն իշխանության հետ միայն նոր օրենքի, նոր հոդվածների մշակման շուրջ: «Պատրաստ ենք նույնիսկ որպես քաղաքացի մասնակցել այդ մշակմանը, որ նորից չպայքարենք»,- ասաց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ասել էր, թե իրենց կողմից ապօրինի քայլ չի իրականացվելու. «Պատրաստ եմ քննարկել, նորից հավաստիացնում եմ բոլորին` ձևական որևէ բան չեմ ուզում ասել, ձեզ հարգելով` եկել եմ այստեղ, խնդրում եմ լսեք, որ նայեք աչքերիս, կտեսնեք, որ անկեղծ եմ ասում, մենք ձեր թշնամին չենք, եկեք գնանք քննարկենք»:

Տիգրան Մարտիրոսյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանի քայլը միգուցե իրենց շարժումը թուլացնելու նպատակ է հետապնդել, որովհետև իրենք նախագահական նստավայր էին գնացել հանդիպելու ոչ թե վարչապետի, այլ` նախագահի հետ: «Մենք չենք կանչել վարչապետին, ինքն իր ցանկությամբ է եկել, չգիտեմ, գուցե եկել էր թուլացնելու շարժումը, չեմ կարող սա բացառել»,- եզրափակեց ակտիվիստը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter