HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթական աչքակապություն

Բագրատ Խաչատրյան 

Երբ կարդում ես Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել հոդվածը, տպավորություն է ստեղծվում, որ գոնե այս փոքր հարցում հաշվի է առնվել ժողովրդի արդարացի դժգոհությունը, սակայն երբ ընթերցում ես հանձնաժողովի կազմը, արդեն իսկ պարզ է դառնում, որ անիմաստ է ակնկալել որևէ բարեփոխում: Ի՞նչ կապ ունի Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ուսումնասիրությունը Հայաստանի ակտուարների միության հետ, որի հիմնական խնդիրն է` մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով և հավանականության տեսության կիրառմամբ կատարել ապահովագրության սակագների հաշվարկներ:

Կամ ի՞նչ սպասելիքներ ունենք Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Ա.Չիլինգարյանից: Եթե հիշում եք, իմ հոդվածներից մեկում ներկայացրել էի Ճանապարհային ոստիկանության պետ պարոն Ա.Գալստյանի նամակի պատճեն, որի ստորին մասում որպես կատարող նշված էր այդ նույն Ա.Չիլինգարյանը: Մի մարդ, որը չի տարբերում միմյանցից ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդ և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագիր հասկացողությունները, և, լինելով իրավաբանական բաժնի պետ, միամտորեն մտածում է, թե միջազգային իրավական ակտում կատարված ուղղումները չեն հանդիսանում նրա անբաժանելի մաս, իսկ  Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահվում որոշել` միանալ կատարված ուղղումներին, թե ոչ:

Կամ որքանո՞վ է արդարացված ՀՀ ոստիկանության պետի տեղակալ պարոն Ա.Օսիկյանի հանձնաժողովի կազմի մեջ լինելը: Չէ որ, երթևեկության կանոնների խախտումների հիմքով նշանակված տուգանքների դիմաց կատարված վճարումների գումարները մուտքագրվում են այդ նույն ոստիկանության հաշվեհամարին:

Այսինքն` գառները տալիս ենք ի պահ գայլերի՞ն: Խիստ կասկածում եմ, որ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը ոտնատակ կտա իր կազմակերպության շահերը, առավել ևս` ֆինանսական շահերը: Եվ ինչո՞ւ միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է հիշատակվել, թե՞ մարզերում ուրիշ երթևեկության կանոններ են գործում, կամ ուրիշ կերպ են նրանք խախտվում:

Իսկ ինչո՞ւ ընդգրկված չեն, օրինակ` «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ի և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների կամ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի երկայացուցիչները: Ինչո՞ւ ընդգրկված չեն նույն հարցի վերաբերյալ արտասահմանյան երկրների փորձը ուսումնասիրելու հնարավորություն ունեցող մասնագետներ: Ինչո՞ւ ընդգրկված չեն ՃԵԿ-ի խախտումների համար կիրառվող տուգանքների օրինականության խնդրին մեծ ուշադրությամբ հետևվող, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր` պարոն  Նիկոլ Փաշինյանը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող այլ անձինք:

Ափսոս, լավ նախաձեռնությունը ի սկզբանե դատապարտված է, և, իմ կարծիքով, կարող է (կոչված է) միայն ձևական բնույթ կրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter