HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի տնօրենի մեկ ամսվա աշխատավարձի պահումները կազմում են նրա 10 տարվա թոշակը

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան

Օրեր առաջ «Հետքը» հարցազրույց էր հրապարակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ: Հետգրությամբ նշել էինք, որ առաջիկայում հրապարակելու ենք նաև նրա տեսակետը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:

- Դուք հայտարարել էիք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար կոմբինատի աշխատավարձի ֆոնդը կավելացնեք  300 մլն դրամով, որպեսզի կուտակայինի պահումները չազդեն աշխատակիցների վրա, բայց մինչ օրս, ըստ աշխատակիցների, խոստացած բարձրացումը չի եղել: Ինչո՞ւ:

-Տենց բան չի ասվել: Բութ են: Ես մեղավոր չեմ, որ լրագրողը բութ է եղել: Թող չվիրավորվեն, բայց լրագրողներից կան մարդիկ, որ չեն հասկանում, ուրիշ բան են ասում: Ես իրենց ասել եմ, որ նմանատիպ բան եղել է, եթե հիշում եք եկամտային հարկի ստեղծման ժամանակ, առիթն օգտագործելով՝ տարեկան 300 մլն դրամով ավելացրեցինք մեր աշխատողների աշխատավարձերը: Տենց եմ խոսել, իսկ եթե հարկի լինի, էլի ավելացնելու ենք կամ պակասեցնելու ենք:

-Պարոն Հակոբյան, նույնիսկ խոսակցություններ կային, որ Ռոբերտ Քոչարյանը Ձեզ նախատել էր՝  Կուտակային համակարգի մասին Ձեր հայտարարության համար: Այդ մասին հրապարակումներ են եղել:

-Դե ինչքան  ուզում են, թող գրեն:

-Կուտակայինի պահումներ անո՞ւմ եք:

- Էն բանը, որ պետության գործող իշխանությունը որոշում է անել, պետք է համոզվել դրա ճշտության մեջ: Ինչ-որ տեղ կարող է սխալներ էլ լինեն: Այդ հարցն իր էությամբ շատ ճիշտ բան է:

 Ամբողջ աշխարհը հենված է դրա վրա, և պատահական չէ, որ հարյուր կամ հազար անգամ լսած լինեք, որ արտերկրում մարդիկ, երբ կենսաթոշակի են անցնում, ամուսիններով թև-թևի տված` ամբողջ աշխարհով ման են գալիս իրենց թոշակի հաշվին.  թոշակ ստանում են, գնում են ման գալիս, իրենք իրենց կյանքը վայելում են: Բա դա ինչպե՞ս է ստեղծվում. գումար պիտի լինի կուտակված դրա համար, մի բան լինի, չէ՞, որ էդ մարդիկ ստանան իրենց կենսաթոշակը: Հիմա նույն բանն էլ փորձում են անել մեզ մոտ, իսկ թե էդտեղ ի՞նչ խոչընդոտող բաներ կան, թե ի՞նչ հավատ կա ապագայի նկատմամբ, դա այլ հարց է, ուրիշ դաշտից է: Պետք է գնալ ուրիշ դաշտ:
 Իսկ ինչ վերաբերում է, որ ինքն իր էությամբ ճիշտ գործ է, ես աջակցում եմ դրան իմ հնարավորությունների սահմանում, բայց թե դա ի՞նչ շարունակություն, ի՞նչ վախճան կունենա, դա ինձնից կախված չէ:

- Այսինքն՝ Ձեր աշխատողները կուտակումներ անո՞ւմ են:

- Պարտադիր, ինչքան կառույցներ ունեմ՝ մոտ 80 այլ կազմակերպություններ, բոլորից պահանջել եմ, որ մասնակցեն դրան:

 Եթե ես էսօր ծրագիր եմ կազմում  էս տարածքում լավ գործեր անելու, մեր ձեռնարկությունից, մեր գործարանից ինչ-որ մեկը, մանավանդ պատասխանատու անձ, փորձի խանգարի, էդ մարդուն պարտադիր պետք է իր տեղը ցույց տալ. չթողնել, որ խանգարի: Նույն բանն էլ սա է:

Ամսական ինձանից, որ թվերն ասեմ, ուրիշ բաներ են դառնալու, չասեմ...Ուրեմն, ասեմ ձեզ. ինձանից որ պահումներ են անում, իմ մի ամսվա աշխատավարձի պահումները երկու տարվա իմ կենսաթոշակի չափն է...Չէ, երկու տարվա չէ՝ 10 տարվա: Եվ դա ճիշտ է: Մի քանի ամիս է՝ ես կենսաթոշակի եմ գնացել, ինձանից ինչ պահվում է, 10 տարվա  կենսաթոշակի չափն է:

-Բա՞րձր աշխատավարձ եք ստանում:

Այո, ես բարձր աշխատավարձ եմ ստանում և ցածր կենսաթոշակ: Եթե մենք հիմա չստեղծենք, վաղը իմ թոռնիկն էլ նույն օրն է ընկնելու: Եթե մենք այդ կուտակային ֆոնդը, իսկապես,  ստեղծենք, կարողանանք դա դնել, հիանալի գործ է, լավ գաղափար է, այդ գաղափարի հեղինակին ես ողջունում եմ, շնորհակալ եմ նրան:

Անձամբ իմ կողմից՝ որպես Հակոբյան Մաքսիմ, ես շնորհակալություն եմ ասում այդ գաղափարի հեղինակին, բայց թե դա ինչպես կիրագործվի, տենց մարդ չկա, որին  ես դիմեմ, ասեմ՝ խնդրում եմ՝շարունակես: Էսօրվա իշխանությունը գտնում է, որ դա կլինի: Վերջը անընդհատ փոփոխություններ են լինում, մարդիկ զգում են, որ դա պետք է լինի:

Հ.Գ. ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի այս հարցուպատասխանից հետո, բնականաբար, մի քանի հարցեր են առաջանում, որոնք հնարավորություն չենք ունեցել ուղղել նրան: Իսկ դրա պատճառն այն է, որ մեզ օղակած մարդիկ՝ կոմբինատի աշխատակիցներն ու թիկնապահները, շտապեցնում էին: Նշենք նաև, որ նրա հետ մեր հանդիպումն անսպասելի էր: Մենք ուղևորվել էինք Կապանի խմելու ջրի ակունքների վայր՝ Աջաբաջ, որտեղ, ըստ լուրերի, հանքի հետախուզական աշխատանքներ էին սկսվել:  Այդ նույն համայնքում է գտնվում նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ին շահագործման իրավունքով պատկանող Հանքասարի հանքավայրը: Այս տարածքում կանգ էինք առել, որպեսզի լուսանկարեինք պոչամբարը, որից քիչ ժամանակ անց երեք սև մեքենաներ կանգ առան հանքավայր տանող ճանապարհին: Ավելացնենք, որ առաջիկայում անդրադառնալու ենք այդ հանքավայրի բնապահպանական խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter