HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Սարգսյան. «Եթե ԲՀԿ-ն նախագահի հրաժարականի մասին դեռ չի հայտարարում, չի նշանակում, որ չի հասկանում դրա կարևորությունը»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

- Ոչ իշխանական չորս կուսակցություններից որևէ մեկը չհամաձայնեց մաս կազմել իշխող կոալիցիային, թեև շատերը հակառակն էին պնդում` վստահեցնելով, որ քառյակը կպառակտվի: Ինչո՞ւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, Ձեր կարծիքով, մաս չկազմեցին կոալիցիային:

- Շատերի երազանքն էր, որ քառյակը պառակտվի, որովհետև այն իրենից միավոր է ներկայացնում: Բայց ինչպես տեսնում եք` երազանքները այդպես էլ չիրականացան: Քառյակի յուրաքանչյուր անդամ շատ լավ գիտակցում է` միասին բամաթիվ խնդիրներ կարող ենք լուծել: Ի պատիվ մեր գործընկերների, որոնց տրամադրությունների մեջ մասամբ կար կոալիցիոն կառավարության մեջ մտնելու մտադրությունը, որը պայմանավորված էր որոշակի ճշտումներով, ի սկզբանե, իմ կարծիքով, իրականանալի չէր: Այդ ուժերը շարունակեցին առաջնահերթ համարել քառյակում համագործակցությունը ու մաս չկազմեցին իշխանությանը: Խորտակվող նավի մեջ մտնելն այդ ուժերի կողմից քաղաքական կարճատեսություն կլիներ, իսկ ես համարում եմ, որ ներկայիս իշխանություններն ու գործող համակարգը խորտակվող նավ են: Կարելի է միայն ուրախանալ, որ քառյակում համախմբման պրոցեսը շարունակվում է, չի նահանջում: Վաղ թե ուշ, բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ապագայով, խոսքս վերաբերում է նաև քաղաքացիական շարժումներին, տեսնում են, որ երկրում առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը իշխանափոխությունն է, ի վերջո պետք է համախմբվեն այդ գաղափարի շուրջ:

- Բայց քառյակի մյուս ուժերը, ում հետ դուք համագործակցում եք, արդյոք գիտակցո՞ւմ են, որ երկրում առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Կարծում եք, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ կմիավորվե՞ն, երբ մինչև այս պահը հայտարարում են, թե իրենց օրակարգում նման հարց դրված չէ:

- Ամեն մեկն իր ճանապարհն է տեսնում, ամեն մեկն իր մոտեցումն ունի դեպի իշխանափոխություն: Մեր (նկատի ունի ՀԱԿ խմբակցության-հեղինակ) դիրքորոշումը շատ հստակ է, մենք գիտակցում ենք, որ կառավարության փոփոխությամբ երկրում բարեփոխումներ իրականացնել հնարավոր չէ, և եթե նույնիսկ վարչապետը աս լինի, նա, մինույն է, կաշկանդված է երկրի նախագահի հետ պայմանավորվածություններով: Հետևաբար, կառավարության փոփոխությամբ համակարգային փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: Կարծում եմ, որ մեր մոտեցումը շատ հստակ է` հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր  իշխանություն ձևավորել:

Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցում մենք ևս միասնական կարծիք կունենանք:

- Այսինքն հիմա չունե՞ք միասնական կարծիք:

- Ես ասացի` հույս ունեմ, որ մենք կունենանք միասնական կարծիք:

- ՀԱԿ-ը վերջերս հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ քառյակը պետք է գնա Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ճանապարհով: Հավատո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդիմեն այդ քայլին:

- Եթե մեր խմբակցությունը` ՀԱԿ-ը, նման հայտարարությամբ հանդես է գալիս, և քառյակի մյուս անդամ-խմբակցությունները այդ հայտարարության նկատմամբ իրենց դժգոհությունը չեն արտահայտում, ուրեմն ունեն նաև նման մոտեցում: Եվ դա ցույց է տալիս, որ, վերջիվերջո, մեր մոտեցումները ընդհանուր են լինելու:

- Դժգոհություն չեն արտահայտում, բայց գոհունակություն էլ չեն հայտնում:

- Ժամանակ է պետք, ժամանակի ընթացքում, կարծում եմ, կհասնենք նաև դրան:

- Կարծիքներ կան, որ ԲՀԿ-ն չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, որովհետև կուսակցության գործարար թևը չի դիմի ունեցվածքը կորցնելու ռիսկին: Դուք համաձա՞յն եք այս դիտարկումներին:

- Ես շատ բարձր եմ գնահատում ԲՀԿ-ի այսօրվա քաղաքական դիրքորոշումը: Այո, ոչ մեկ չի կարող հերքել, որ Գագիկ Ծառուկյանը բավական հաջողակ գործարար է, մենք էլ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս երկրում գործարար լինելն անվտանգ չէ: Եթե ԲՀԿ-ն այդ մասին դեռ չի հայտարարում, դա չի նշանակում, որ չեն հասկանում Սերժ Սարգսյանի հրաժարականի կարևորությունը: Վերջին հաշվով, պարտադիր չէ, որ Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին հայտարարություն արվի ամիսներ առաջ, ոչ, կարևորը գործողություններն են: ԲՀԿ-ն այսօր իրեն շատ բարոյական է պահում, շատ կառուցողական, և այն խնդիրները, որոնք վեր է հանել Գագիկ Ծառուկյանը, որոնք նաև մեր կողմից մշտապես շեշտված խնդիրներ են եղել, խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն հասկանում ու տեսնում է երկրի խնդիրները, լուծումներ է փորձում գտնել մեզ հետ միասին:

- Ձեզ հետ միասին գնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ճանապարհով, բայց այդ մասին չեն բարձրաձայնո՞ւմ, լռո՞ւմ են:

- Չէ, ես նման բան չասացի: Ես պարզապես չբացառեցի, որ մի օր կհասնենք դրան: Իսկ այն, որ մեզ հաջողվում է համագործակցել միմյանց հետ, հույս է ներշնչում, որ մեր աշխատանքը կառուցողական է, փոխըմբռնման մթնոլորտը բավական բարձր է:

- Օրերս իշխող կոալիցիայից դուրս եկավ «Օրինաց երկիր» կուսակցությունը: Պատրա՞ստ եք ՕԵԿ-ին ընդունել ձեր շարքերը, ընդլայնել քառյակի կազմը:

- Այս հարցում ես կարող եմ միայն իմ անձնական կարծիքը հայտնել` որպես ՎՍԴՀԿ ատենապետ, որովհետև քառյակը պետք է որոշի` ընդունե՞լ ՕԵԿ-ին, թե՞ ոչ: Բնականաբար, եթե ՕԵԿ-ը իշխանություն չէ, ընդդիմություն է, բայց եթե քաղաքական ուժն իրեն ընդդիմադիր է հայտարարում, դա դեռ չի նշանակում, որ համապատասխանում է ընդդիմադիր լինելու բոլոր չափորոշիչներին. ընդդիմությունը փողոցներում է, ընդդիմությունը տարիներ շարունակ վեր է հանել խնդիրներ, որոնց ժամանակ ՕԵԿ-ը կոալիցիայի կազմում էր, որոշումներ էր կայացնում ՀՀԿ-ի հետ համատեղ: Շատ շուտ է ՕԵԿ-ին դիտարկել որպես ընդդիմադիր: Մեզ համար ՕԵԿ-ն այն քաղաքական ուժն է, որի հանդեպ չկա վստահություն, հանրային դրական վերաբերմունք: 2008թ. ՕԵԿ-ը գցեց ժողովրդին` վերցնելով ընդդիմադիր հատվածի ձայներն ու մտնելով իշխող կոալիցիա, իսկ արդյունքում տեղի ունեցավ Մարտի 1-ի սպանդը` 10 անմեղ զոհերով:

- Մտավախություն չունե՞ք, որ կկրկնվի նույնը, 2017-18 թթ. ընտրություններից առաջ ՕԵԿ-ը դուրս եկավ` նորից վերադառնալու ակնկալիքով:

- Չեմ բացառում, որովհետև նման փորձ մենք ՕԵԿ-ի հետ կապված ունենք: Անվստահելի գործընկեր է…

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

vardan
inc piti meknabanenq erb piti es anastvacnern heranan axr es cem karoxanum angam hac gnel aseq inc anem inqnqspan linem

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter