HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Նա, ով կփրկի մի կյանք, կփրկի ամբողջ աշխարհը

Շինդլերի ցուցակը

Լեհաստան 1939 թվական: Նացիստական իշխանության հրամանով լեհական հրեաները պետք է հավաքվեն խոշոր քաղաքներում ու գրանցվեն գետտոներում տեղակայվելու համար: Գերմանացի գործարար Օսկար Շինդլերը ժամանում է Կրակով, որպեսզի էմալապատ իրերի ֆաբրիկա գործարկի: Գործարարը հրեաազգի ունևորներից հայթայթում է անհրաժեշտ գումարը, ինչի դիմաց տնօրինությունը հանձնվում է հրեաների խորհրդի նախագահ Իցխակ Շամիլին, ու հրեաները աշխատանք են ստանում:

Կյանքը դժվար է, բայց ապրելի: Լուծվում է ազգի գոյության խնդիրը: Բայց ճակատագիրը դաժան է: Պետք է փակվի Պլաշովի ճամբարը ու հրեաներին պետք է ուղարկեն Աուշվից` ոչնչացման: Շինդլերը կարողանում է կաշառքով համոզել ՍՍ-ի սպա Ամոն Գեթին ու Չեխիա տեղափոխել ֆաբրիկան` իր աշխատողներով: Շինդլերն ու Շտերնը կազմում են այն աշխատողների ցուցակը, ովքեր պետք է տեղափոխվեն Շինդլերի հայրենի քաղաք ու փրկվեն ոչնչացումից: Աշխատած վերջին գրոշը Շինդլերը ծախսում է այդ ցուցակում էլի մի անուն գրելու համար: Երբ սպառված են նյութական բոլոր միջոցները, գալիս է ազատագրման օրը: Շինդլերը փրկիչ կամ ազատարար է գերի հրեայի, բայց ոչ խորհրդային  բանակի համար ու որպես նացիստ ստիպված է փախչել: Հրաժեշտի պահին նրա ֆաբրիկայի բանվորները նվիրում են բռնավորներից մեկի ոսկե ատամներից ձուլած մատանի, թալմուդից մի փոքրիկ մեջբերումով. «Նա, ով կփրկի մի կյանք, կփրկի ամբողջ աշխարհը»:

Հարաբերական են չարի ու բարու ընկալումները այնպես, ինչպես հարաբերական է ժամանակի ընկալումն իր խզվածքում` սև-սպիտակ անցյալում, գունագեղ նոր կյանքի մեջ: Պատկերը փոխվում է, սկսվում է վերականգնվել կտրտված ժամանակը հուշի մեջ`Շինդլերի հիշողության մեջ դրոշմված անվանացանկում, որն էլ իր վերջնական ամբողջականությունն է ձեռք բերում ֆիլմին որպես սաունդթրեք ծառայող երաժշտական բալադում, որի ուղեկցությամբ «Շինդլերի հրեաները» նոր ժամանակում, արդեն ի նշան հարգանքի, հերթով մոտենում ու մի փոքրիկ քար են դնում նրա գերեզմանասալին: Ամենավերջին կադրում ծաղիկներ է դնում մի մարդ, ում դեմքը չի երևում: Դա Շինդլերի դերակատար Լիամ Նիսոնն է:

Ինչու՞ հիշեցի քսանամյա վաղեմության կինոն:

Իմ ցուցակի հետ կապված:

Օրերս նորանշանակ վարչապետը, ականջալուր խնամի ընդդիմությանը, փոքր ու միջին գործարարին հիշեց: ՆԷՊ խոսքը հնչեց Ծաղկաձորում ու արձագանքեց կենտրոնական հրապարակում` դիպչելով կառավարության շենքի պատին: Ես էլ միամիտ-միամիտ, ոգևորված, նոր ձեռնարկը գլխումս` սկսեցի մտաբերել ու ցուցակագրել իմ շրջապատում առկա արտադրողներին` երևակայորեն արտադրական մակերեսներ, հաստոցներ, անտոկոս երկարաժակետ վարկեր բաժանելով վարչապետի հետ միասին: Հիսուն հազար ընտանիքի արժանապատիվ գործի դրեցի, հիսուն հազար ընտանիք դարձրի միջին խավ, Հայաստանը դարձրի բարգավաճ, ծաղկուն ինդուստրիալ երկիր, փրկվեցի ու նոր վարչապետի հետ միասին փրկեցի իմ ազգը… մտովի: Երկու ժամում կայծակնային արագությամբ թղթի վրա ՆԷՊ-ը սարքեցի, դրեցի վարչապետի առաջ: Հեշտ ու հանգիստ: Ստացվեց անել հեշտ, այն պարզ պատճառով, որ ես դա տեսել, ապրել եմ: Դրա միջով անցել եմ ես մի անգամ արդեն: Վաղուց:  

Ես եղել եմ  նեպման

1988-ից 1994 թվականը, մինչ այն օրը, երբ ստիպված էի փախչել իմ երկրից, առաջին անգամ:

ԽՍՀՄ փլուզման առաջին իսկ պահից շատ արագ, երկու տարվա ընթացքում Հայաստանում ձևավորվեց մանր ու միջին արտադրողների ստվար բանակ, որն արտադրում էր ամեն ինչ և, ի դեպ, բավականին որակյալ: 1992 թվականից սկսվեց տնտեսության քայքայումը, ու քաղաքացիական բնակչության նկատմամբ հետապնդումների արդյունքում սկսվեց հոմոֆաբերի տեղահանությունը: 1995 թվականի բռնահանրաքվեով ու 1996 թվականի պետական հեղաշրջմամբ էլ վերջնականապես մորթվեց արտադրողը: Պետությունն անցավ զինվորականության ձեռքը: Ողջ մնացած պատերազմի հերոսը դարձավ իր հայրենիքի տերը: Այն մի քանի կոնյակի ու գինու տակառները, որոնք սեփականացվեցին, նշանակություն ունենալ չէին կարող ու չունեն էլ հիմա: Օղի, կոնյակ, հյութ, շաքարավազ ու տեղական նշանակության մի քանի պարկ ցեմենտ. սա է այսօրվա մեր արտադրական հզորությունը: Ու տներ, պալատներ, անբնակ շենքեր` որքան ուզես: Փոքր ու միջինը գնացել է երկրից, փախել է վաղուց, սիրելիներս: Հայաստանում մնացել է միլիտարիզացված վերնախավը և դրանց կանանց ու երեխաներին սպասարկու բնակչությունը` վարսահարդարներ, տաքսիստներ, խանութպաններ: Կա վերև ու շատ ստորին ներքև: Միջին չկա: Համարյա չկա: Մնացել է  արտադրողների շատ կարճ մի ցուցակ:

Իմ ցուցակը

Ծաղկաձորյան ֆորումում հնչեցված նեպման խոսքը ես ընկալեցի երկակի: Դիխոտոմիկ, ամբիվալենտ, ցնցված: Ոգևորված` սկսեցի մտովի ցուցակագրել նրանց, ովքեր այս պահին դեռ ինչ-որ բան սարքում են:

Վարչապետին ներկայացվելիք իմ ցուցակը պատրաստ էր արդեն, անուն առ անուն հիշողությանս մեջ` Շինդլերի նման: Շինդլերի սևեռուն հայացքն ու հիշողությամբ գերիների թվարկումը տպավորվել է իմ մեջ, ինչպես ցանկացած մոդուլյատիվ փոփոխություն, որ տանում է նյութի ավելի սուր, զգացմունքային հնչեղության: Նման էմոցիոնալ ռեզոնանսի էլ ենթադրում էի հանդիպել իմ ցուցակով ու առաջարկությամբ: Բայց հանկարծ հասկացա տագնապած, թե ինչպիսին կարող էր լինել իմ ցուցակի հետևանքը: Ի՞նչ հիմարություն էի մտածել ես:  

Տալ հասցեագրված ցուցակ գայլին գառների տեղի մասին: Ես հասկացա հանկարծ, որ բացահայտել արտադրողի տեղը` նշանակում է դատախազներ, հարկային տեսուչներ, հարկադիր կատարողներ ու թաղապետարանական մարդակեր չինովնիկների մի բանակ ուղարկել թաքստոցներում դեռ ինչ-որ բան արտադրող հայ նոր սերնդի վրա: Հիմար-հիմար, միամիտ-միամիտ..., ի՞նչ էի մտածել ես: Չէ’, լավ սթափվեցի: Ճիշտ ժամանակին: Ու հանգիստ խղճով, չհրապարակված իմ ցուցակը գլխիս մեջ, նստած համակարգչի առաջ` պտտում եմ  «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սաունդթրեքը` որպես համանման օրինակ մեր ճամբարային կյանքի:

Սև ու սպիտակ կինո, երկինք բարձրացող շոգեքարշի ծուխ, այս ու այն կողմ վազող մարդ-թիրախներ, հրաժեշտից առաջ համբուրվող զույգ ու …փրկվածներ, երկրային իր առաքելությունը կատարած մարդու քայլք երկաթուղային պերոնի վրա, վստահության մատանին մատնեմատին, շնորհակալ հրեա ժողովրդի թալմուդյան հազարամյա իմաստնության փորձությունն անցած դրոշմագրվածքով. «Նա, ով կփրկի մի կյանք, կփրկի ամբողջ աշխարհը»:

20 ապրիլի 2014 թ.

Մեկնաբանություններ (4)

Վեհարի
Այս հոդվածը կարելի էր ներկայացնել որևէ գրական մրցանակի մրցանակաբաշխության, սակայն պետք է նկատեմ, որ դրսից եկած գաղտնի գրանդների ներքո, մեր գայլերի ախորժակը բացվել է հատկապես մրցանակակիր իմաստունների նկատմամբ:
հայուհի
Սրանք բոլոր եկեղեցական տոներին եկեղեցիներում են լինում սոսկ մարմիններով, որովհետև սրանք բոլորը իրենց հոգիները հանձնել են նեռին;
nene
Ով ականջ ունի ,կլսի։Տեսնես կկարդա՞ն ,կխորհե՞ն։Լավ էր գրված
Hayko
Նրանք հրեա, մենք հայ-վայ! Մեր տերտերներն արեւմտահայաստանում թուրքին մատնություն էին անում զենք թաքցնող հայերի մասին: Իսկ կուշտ տեղացիները Երեւանում ու Էջմիածինում ծեծում, մի կողմ էին քշում ջարդից ազատված «գաղթականի լամուկներին», որ չխանգարեն «մի կտոր հալալ հաց» ուտելու (Րաֆֆի): Ազնավուրն ապշեց, թե հայերն ինչ քեֆ ու սեղաններ կարող են բացել՝ այն ժամանակ, երբ Գյումրիում սառչող մարդիկ դագաղ ու հաց են աղերսում: Հիմա սրանք ընտանեական դղյակներ, կազինոներ ու աստղերով բարդակներ են սարքում, ավտո-կոլեկցիաներ են հավաքում պատերազմող - մաքառող մի երկրում, որի գյուղերը դատարկվել ու հողերն ամայացել են արդեն! Ձայն հանողներին ու դժգոհներին էլ ինքնադատաստանի են ենթարկում՝ սեփական «օրենքի» անունով: Ահա սրանք են հիմա մեր «պատմական ու հերոսական» ազգի ընտրյալները! Հոդվածագիրը ճիշտ է գլխի ընկել - ինչպես կարող է երկու օր առաջ աղքատների նավթը գողացող իսկական մուկը (ժողովուրդը հենց էնպես անուն չի դնում!) այսօր օգնել ոտքի կանգնելու իր մրցակիցներին?!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter