HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու երգ՝ «Ռետրո 80-ականների» պատմությունից

Նաիրա Հայրապետյան

1986թ. հունիսին թողարկվեց «The Lady in Red» սինգլը, որը թվով երկրորդն էր իռլանդաբրիտանական ծագմամբ երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր Քրիս դե Բուրգի (Chris De Burgh) «Into the Light» ալբոմից: Հենց նրան էր վիճակված փառքի ճանապարհ բացել այս երաժշտի համար, քանի որ թողարկվելուց անմիջապես հետո մեծ մասսայականություն վայելեց՝ վերածվելով  համաշխարհային հիթի: Այն մինչ օրս երաժշտական ստանդարտ է համարվում, դասական գործ և Քրիս դե Բուրգի ձեռագրային ստեղծագործությունը: Իր իսկ գնահատմամբ՝ այս երգը երաժշտի կյանքում այն խորհրդանշական աշխատանքն էր, որը նրան լիովին և վերջնականապես տեղ ապահովեց բեմում՝ կնքելով որպես արտիստի և դարձնելով աշխարհի մասշտաբով ճանաչված երաժիշտ: 

Այսպիսով՝ «The Lady in Red»-ը 80-ականների երաժշտական մթնոլորտում աղմկոտ հաջողություններ ունեցավ. այն միանգամից առաջին տեղը գրավեց 25 երկրի հիթ-շքերթներում, իսկ գարնանը հաստատվեց նաև ԱՄՆ-ում՝ 2-րդ հորիզոնականում: Բրիտանական «This is Your Life» հեռուստածրագրի հաղորդումներից մեկի ժամանակ Քրիս Դե Բուրգն ասել է, որ երգը ծնվել է կնոջը` Դիանային առաջին անգամ տեսնելու հիշողության հետքերով, ներշնչված նրա՝ «կարմիր հագած տիկնոջ» թողած տպավորությունից: Բացի այդ,  նա այդ երգով ցանկացել է անդրադառնալ այն իրողությանը, թե ինչպես տղամարդիկ հիմնականում չեն հիշում, թե ինչ էր հագել իրենց կինը, երբ առաջին անգամ նկատել են նրան:
Իսկ ահա սեփական կայքում երաժիշտը նաև խոստովանում է, որ չնայած այդ հանգամաքին՝ երգը կոնկրետ Դիանայի մասին չէ, այլ հանձին նրա՝ մեզանից յուրաքանչյուրի կյանքում գտնվող այն կարևորագույն մարդկանց, որոնց ներկայությանը իրականում արժանանում ենք, բայց, ցավոք, ոչ հաճախ ենք գիտակցում, թե առաջին հերթին հատկապես ինչն ենք տեսել կամ զգացել նրանց մեջ:
Այսօր էլ «The Lady in Red»-ը շարունակում է մնալ որպես աշխարհում ամենաշատը հնչած երգերից մեկը, իսկ հետագայում Քրիս Դե Բուրգը ձայնագրեց նաև երգի իսպաներեն տարբերակը՝ "La Dama de Ayer"-ը:
«Wicked Game». այսպես է կոչվում ամերիկացի ռոք երաժիշտ Քրիս Այզեքի 1989թ. թողարկված երգը, որը նախ ներկայացավ  «Heart Shaped World» անվանումով 3-րդ ստուդիական ալբոմի կազմում: Եվ չնայած նույն թվականին այն առանձին թողարկվեց նաև որպես սինգլ, բայց հիթային չդարձավ այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացի ռեժիսոր և երաժիշտ Դեյվիդ Լինչը  չէր նկարահանել իր «Wild at Heart»  (Սրտով՝ Վայրի) ֆիլմը, որտեղ էլ օգտագործեց Քրիս Այզեքի երգը: Ու սկսվեց  հյուսվել պայմանական ու անսպասելի շղթան, որը 1990թ-ից երգի համար այլ ուղի գծեց:   Ատլանտայի ռադիոկայաններից մեկի տնօրենը՝ Լի Չեսնաթը, ով  Լինչի ֆիլմերի մոլեռանդ երկրպագուն էր, «Wicked Game»-ը, որպես վերը նշված ֆիլմի սաունդթրեք, սկսեց անընդհատ հնչեցնել ռադիոյով, արդյունքում՝ 1991թ. հունվարին այն վերածվեց հիթի, ապա՝ համաշխարհային հիթի։ ԱՄՆ-ի «Billboard»-ի թեժ հարյուրյակում նա զբաղեցնում էր 6-րդ տեղը: Իսկ հետո հայտնվեց երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը՝ սև-սպիտակ էֆեկտով:    
 
«Wicked Game»-ը անպատասխան սիրո մասին բալլադ է, որը հաճախ բնորոշվում է որպես մտածմունքների մեջ գցող, թախծով ու կոնֆլիկտային տրամադրությամբ լի սիրերգ: Այն Քրիս Այզեքի երաժշտական կյանքում առաջին հիթային կատարումն էր, որը մեծ ճանաչում բերեց երաժշտին: Մի քանի քավըր կատարումների մեջ ամենահաջողվածը համարվում է ֆիննական «HIM» ռոք խմբի տարբերակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter