HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բագրատ Պետրոսյանը սպանության «բացահայտումը» սարքել է խաբեությամբ

Շահեն Հովասափյանի սպանությունից յոթ օր անց դատախազությունը ձերբակալեց հարկային տեսչության աշխատակից Արմեն Վիրաբյանին եւ նրա եղբորը` գործարար Գուրգեն Վիրաբյանին:

Սեպտեմբերի 16-ին եղբայրները մեղադրվեցին սպանության մեջ: Մեղադրանքի միակ «ապացույցը» Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի ցուցմունքն է այն մասին, որ ինքը համոզված է, որ Արմեն Վիրաբյանն է կատարել այն:

Չնայած ստեղծված քննչական խմբում ներգրավված էին Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ, սակայն գործը հիմնականում կատարել են ԱԱԾ-ի քննիչները:

«Բացահայտման» գաղափարը տվել են հենց նրանք: Սակայն այստեղ «կեղտոտ» գործը կատարել է քննչական խմբի ղեկավար, դատախազության ՀԳԿ քննիչ Բագրատ Պետրոսյանը: Հենց նա է համոզել Ա. Չարչյանին, որպեսզի վերջինս «անմեղ» ցուցմունք տա Ա. Վիրաբյանի դեմ:

Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանին քննչական խումբը դեռեւս կրկին չի հարցաքննել: Ըստ Ա.Չարչյանի շրջապատի մի աղբյուրի` նա ցանկանում է հրաժարվել իր տված ցուցմունքից` պատճառաբանելով, որ իր վրա եղել է հոգեբանական մեծ ճնշում:

«Ինձ ասել են` հիմա դու ասա, որ ինքն է, մի քանի օր կպահենք, հետո կպարզենք ինչն ինչոց է ու բաց կթողենք»,- ասել է Ա. Չարչյանը իր մտերիմներից մեկին:

Փաստորեն, քննչական խմբի ղեկավարը եւ ԱԱԾ-ի աշխատակիցները մտածել են, որ եթե այդ ցուցմունքն իրենք ունենան, մնացածը հետո կսարքեն: Եւ սարքելու ճանապարհին են հենց առաջացել դժվարությունները: Այդ են վկայում հարցաքննության կանչված «Սեմուր & Կո» ընկերության աշխատակիցները, որոնց Բագրատ Պետրոսյանը ստիպում էր ցուցմունք տալ, ասել, որ դեպքի օրը իրենք առավոտյան եղբայրներին չեն տեսել գործարանում: Սակայն աշխատակիցներից ոչ մեկը չի կոտրվել: Նրանք կեղծ ցուցմունքներ չեն տվել:

Քննիչն օգտագործել է բազմաթիվ ոչ օրինական մեթոդներ, սակայն դրանց մասին առայժմ չենք խոսում, քանի որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, եւ համոզված ենք, որ հրապարակումից հետո նրանց նորից կկանչեն հարցաքննության:

Քննիչ Բ. Պետրոսյանը Վիրաբյանների հարազատներին համոզում էր, որ ցուցմունք տան կալանավորված Արմենի դեմ: Մեկուսարանում քննչական խմբի ղեկավարը երկրորդ կարգի հաշմանդամ Գ. Վիրաբյանին ուղղակի ասել է` ասա, որ կասկածում ես եղբորդ, քեզ բաց կթողնենք: Արմեն եւ Գուրգեն Վիրաբյաններին տեղավորել էին հարեւան խցերում, եւ Գուրգենը պարզ լսում էր, թե ինչպես էին ծեծում եղբորը, որպեսզի վերջինս ասի` հա, ես եմ արել:

Գործը «թխել են», եւ այսօր քննչական խումբը չգիտի` ինչպե՞ս դուրս գալ ստեղծված վիճակից: Բոլոր դեպքերում, քննչական խմբի ղեկավարին փոխելը ( այժմ այն ղեկավարում է Հեկտոր Սարդարյանը ) արդեն իսկ հասկանալի դարձրեց, որ դատախազությունը ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր է փնտրում:

Բնականաբար, ամբողջ պատասխանատվությունը ընկած է Գլխավոր դատախազության վրա: Նրա վարույթում է գտնվում գործը, չնայած ի սկզբանե երեք գերատեսչություններից է ձեւավորվել քննչական խումբը: Իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը հենց այդպես էլ ասաց` ամեն ինչ մնաց Աղվան Հովսեփյանի վրա` թե՛ չբացահայտված սպանությունը, եւ թե՛ ձախողված վարկածը հասարակությանը իբրեւ իրողություն ներկայացնելը:

Առաջին հայացքից թվում է, որ առանձնապես անելանելի վիճակ չէ, քննչական խումբը պետք է ներողություն խնդրի Վիրաբյան եղբայրներից եւ նրա հարազատներից պատճառած բարոյական եւ նյութական վնասների համար եւ, իհարկե, ծառայական քննություն սկսել` պարզելու Բագրատ Պետրոսյանի գործունեությունը եւ նրա վարույթում եղած բոլոր նախկին գործերը: Հնարավոր է` նրա բոլոր «բացահայտումների» հիմքում ընկած է եղել նման աշխատաոճը` բռնությունների եւ կեղծիքների միջոցով ցուցմունքներ կորզելը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն հիշում մի դեպք, որ այսպիսի ավարտ ունենար, որ իրենք ներողություն խնդրեն սխալ քննության համար:

Դեկտեմբերի 6-ին ազատ է արձակվել Գուրգեն Վիրաբյանը: Նրա եղբայրը` Արմեն Վիրաբյանը, շարունակում է կալանավորված մնալ:

Հիշեցնենք, որ Շահեն Հովասափյանի սպանությունից տասն օր անց դատախազությունը հայտարարեց, որ գործը բացահայտված է: Սեպտեմբերի 16-ին Վիրաբյան եղբայրներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) հատկանիշներով:

Գ. Վիրաբյանի ազատ արձակումն արդեն իսկ փաստում է, որ այս գործը սարքած է, եւ այժմ դատախազությունը ճանապարհ է փնտրում իր «մեղքերը քավելու»:

Բայց դատախազության աշխատակիցներն այդքան էլ համարձակություն չունեն, որ միանգամից ազատ արձակեն նաեւ Արմեն Վիրաբյանին: «Դատախազությունը երբեւէ նման բան չի արել, ինչպե՞ս հիմա անի: Չնայած` դրանից նրա հեղինակությունը կբարձրանա, բայց այստեղ նման մտածողությամբ մարդ չկա»,- ասում է դատախազության քննիչներից մեկը:

Դեկտեմբերի 7-ին Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, պարզաբանումներ տալով, ասել է, որ Գուրգեն Վիրաբյանն ազատ է արձակվել առողջության վատթարացման պատճառով: Այսինքն` ազատ արձակված Գ. Վիրաբյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում:

Ամենայն հավանականությամբ, քննչական խումբն ինչ-որ բաներ կհայտնաբերի Գուրգեն Վիրաբյանին պատկանող «Սեմուր & Կո» ընկերության գործունեության մեջ: Եւ Գ. Վիրաբյանին կմեղադրեն հենց դրա մեջ:

«Ես Շահեն Հովասափյանի հետ ծանոթ չեմ եղել: Ես գիտեմ, որ եղբայրս նրա վստահելի մարդկանցից մեկն է եղել, եւ անհեթեթություն է նման մեղադրանքով մեզ բռնելը: Մեր նկատմամբ ներկայացված մեղադրանքը որեւէ հիմք չունի, եւ եղբորս էլ պետք է անհապաղ ազատեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գուրգեն Վիրաբյանը:

Ինչու՞ են քննչական խմբի անդամները թիրախ դարձրել Վիրաբյան եղբայրներին:

Գուրգեն Վիրաբյանը որոշ ենթադրություններ ունի, սակայն առայժմ այդ մասին չի ցանկանում խոսել:

Շահեն Հովասափյանի ղեկավարած օպերատիվ հետախուզության վարչությունը ՀՊԾ-ում նույնպես իրականացնում էր օպերատիվ աշխատանքներ, եւ այդտեղ հիմնական գործը կատարում էր այդ վարչության 7-րդ բաժինը, որի պետն էր Արմեն Վիրաբյանը:

Հենց համակարգի ներսում Շ. Հովասափյանը եւ Ա. Վիրաբյանը ունեին թշնամիներ: Այդպիսի մի գործողությունից հետո աշխատանքից ազատվել էին վարչության պետերից մեկը եւ մի քանի այլ աշխատակիցներ: Նման գործողությունները, բնականաբար, անհետեւանք չէին կարող մնալ:

Եւ ահա, երբ ստեղծվել է մի վիճակ, որ կասկածյալների «անհրաժեշտություն» կար, մի փոքր իսկ տեղեկատվությունը կարող է մեծ դեր խաղալ: Հնարավոր է նաեւ, որ ՀՊԾ-ի` աշխատանքից ազատված նախկին աշխատակիցներից մեկն է ուղղորդել քննչական խմբին:

Հունվարի 13-ին լրանում է Արմեն Վիրաբյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ է անելու քննչական խումբն այս անգամ. դիմելու է դատարա՞ն` նորից երկարաձգելու Արմեն Վիրաբյանի կալանքի ժամկետը, թե՞ նրան ազատ է արձակելու` ընդունելով իր սխալները: Որքան հնարավոր է առաջին տարբերակը, նույնքան էլ չի բացառվում երկրորդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter