HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը «ՎՏԲ բանկ»-ի բաժնետոմսերը ձեռք է բերել անցյալ տարի

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի 2.95% բաժնետոմսերը ձեռք է բերել 2013թ.-ի մայիսին: Այս մասին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է  ՀՀ կենտրոնական բանկը և հավելել, որ այդ մասին ԿԲ-ն տեղեկացված է եղել: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի, շուրջ 3 % բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ում: Համաձայն կայքում հրապարակված բաժնետերերի ցուցակի (այս տարվա մարտի 31-ի դրությամբ)` խոշոր բաժնետերը Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է` 61 %, երկրորդ տեղում Նորվեգիայի կենտրոնական բանկն է` Norges Bank` 4.3 %, իսկ երրորդ տեղում` Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը` շուրջ 2.9 %:

«Հարկ ենք համարում նշել, որ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի 26%-ը  բաղկացած է ազատ շրջանառվող բաժնետոմսերից (Free floating), որոնց թվին են դասվում նաև Ադրբեջանի պետական նավթային ֆոնդին պատկանող 2.95% բաժնետոմսերը: Բաժնետոմսերի «Free floating» ռեժիմը ենթադրում է, որ նման բաժնետոմսերը կարող են գնվել կամ վաճառվել որևէ պահի որևէ չափով որևէ անձի կողմից «Free floating» բաժնետոմսերի համար նախատեսված սահմանաչափի շրջանակներում, տվյալ դեպքում՝ «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի 26%-ի չափով»,- նշել է ԿԲ-ն: 

Կենտրոնական բանկը նշել է, որ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը չի հանդիսանում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի անուղղակի նշանակալից մասնակից՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, այսինքն՝ չի հանդիսանում այնպիսի անձ, որը հնարավորություն ունի կանխորոշելու Բանկի կառավարման մարմինների որոշումները և հետևաբար որևէ զգալի ազդեցություն ունենալ Բանկի գործունեության, դրա ուղղությունների և զարգացման ոլորտների վրա:       

«Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ է տալիս շատ ավելի խորն ուսումնասիրել և բացահայտել ֆինանսավարկային կազմակերպությունների, այդ թվում` բանկերի իրական շահառուներին՝ ընդհուպ մինչև վերջին ֆիզիկական անձը, քան նախատեսված է միջազգային ստանդարտներով»,-նշել է ԿԲ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter