HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում

Ամպերի ստվերներն ընկել էին Վայոց ձորի Ռինդ գյուղի լեռների լանջերին: Մի պահ թվում էր, թե երկնքում ինչ-որ մեկը լվացք է փռել: Ձորաբերանին կանգնած` 2012թ. ամերիկյան «Բլումբերգ բիզնեսուիկլի» (Bloomberg Businessweekly) պարբերականում աշխարհի լավագույն գինիների տասնյակում ներկայացված հայկական գինու հիմնադիր Զորիկ Ղարիբյանը տիկնոջ` Երազ Թովմասյանի հետ մատնացույց են անում խաղողի այգին:

Աշխարհի լավագույն գինիների տասնյակում հայտնվելու մասին Զ. Ղարիբյանը իմացել է պատահաբար` հոդվածի հրապարակումից հետո: «Մյուս 9 գինիները մի քանի սերունդ է` շուկայում են»,- ավելացնում է նա՝ որպես օրինակ նշելով «Domaine de la Romanee-Conti Romanee Conti» գինին, որն արժե 14.000-18.000 դոլար կամ 1963թ. արտադրվող «Quinta do Noval Nacional port»-ը` 4,500-6,500 դոլար, իսկ «Զորահ կարասի արենի նոյրը»՝ 45 դոլար:

2012թ. նշյալ պարբերականի սյունակագիր էլին Մըքքոյը (Elin McCoy) աշխարհի 10 լավագույն գինիները առանձնացրել է 4000 տեսակի գինիների նմուշարկումից: Ամերիկացի լրագրողն իր հոդվածում  հիմնավորել է կատարած ընտրությունը: Նա նշել է, որ հայկական գինի առաջին անգամ համտեսել է Թուրքիայում` Իզմիրում, որը նկարագրել է որպես   ծխագույն և մետաքսանման վայելչություն ունեցող գինի: Դա համարել էր սենսացիա գինու պատմության մեջ: Այնուհետ անդրադարձել է հայկական գինու ստեղծման վայրին, որը, ըստ հոդվածի, մոտ է Արենի 1 քարանձավին: Է. Մըքքոյը նաև գրել է, որ հնէաբանների կողմից հայտնաբերված այդ վայրում է գտնվում աշխարհի ամենահին գինու գործարանը, որը մոտ 6100 տարվա պատմություն ունի:

Զորիկ Ղարիբյանն այս անդրադարձի մասին հպանցիկ է նշում, ընդհանրապես ընդգծված համեստությամբ է խոսում իր արտադրանքի՝ դրսում ձեռք բերած հեղինակության մասին:

Ռինդի «Իտալիայում»

Զորիկ Ղարիբյանը գյուղի բարձրադիր կետից հպարտությամբ նայում է հորիզոնին, որտեղ գտնվում է խաղողի այգին: Այգում տեղացի գինեգործ Արսենի պրոֆիլն է նշմարվում: Գյուղացիները գործարանն ու այդ տեղանքն անվանում են «Իտալիա», իսկ ընկերության հիմնադիրն էլ իրեն կիսով չափ ռնդեցի է համարում: Գործարանը գյուղի ծայրամասում է՝ գերեզմանոցից փոքր-ինչ հեռու: «Հետագայում այստեղ բարդիներ ենք տնկելու, որպեսզի հանգստարանը չերևա: Որոշել ենք հենց մեր կանգնած տեղում փոքրիկ  տուն կառուցել, բայց դրանք ապագայի ծրագրեր են»,- գերեզմանոցի կողմը նայելով՝ ասում է Երազ Թովմասյանը: 

«Զորահ» ընկերությանը պատկանող հողատարածքը 40 հա է, որից 9 հա-ը հատկացրել են խաղողի հայկական սորտերի հետազոտությանը: «Ես ինձ բիզնեսմեն չեմ կոչում, որովհետև շատ բաներ, որ անում եմ, բիզնեսից հեռու է՝ կարասները, այգու հետազոտական աշխատանքները, սորտերի միջից ճիշտը կղզիացնելը: Դա անում եմ իմ մտքի հանգստության համար»,- նշում է զրուցակիցս:

Նա բնակվում է Իտալիայի Միլան քաղաքում: Ավարտել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, այնուհետ սովորել է Մխիթարյան միաբանությունում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց, ինչպես ինքն է ասում, միշտ եղել է գինու սիրահար: Մինչ 1998թ. որոշել էր գինու արտադրություն սկսել Իտալիայի Տոսկանա քաղաքում, բայց հենց այդ տարի որպես զբոսաշրջիկ եկել էր Հայաստան: Այդ այցը փոխել էր նրա որոշումը: Դրանից 2 տարի անց Հայաստանում սկսել էր փնտրել տարածք, որտեղ կարող էր արտադրել լավ գինի: Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Ռինդ գյուղի վրա:

«Այն ինձ գրավեց սարերի, քարերի հզորությամբ, որը ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա է: Իմ առաջին քայլն այն էր, որ հողի պարունակությունը և միկրոկլիման 40 տարվա կտրվածքով անալիզ անել տվեցի Իտալիայի 2 համալսարաններում: Անալիզների եզրակացությունն այն էր, որ իմ հողը համաշխարհային մակարդակով գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա»,- բացատրում է «Զորահի» հիմնադիրը, ապա ավելացնում, որ այդ բարձրության վրա խաղող ստանալը համաշխարհային խաղողագործության տեսակետից հազվագյուտ երևույթ է: Բացի դա` կա նաև երկրորդ կարևոր հանգամանքը. այդ տեղանքում արդյունաբերություն չկա:

Հագուստի և գինու կապի մասին

Խաղողագործության վայրն ընտրելուց հետո մոտ 10 տարի  զբաղվել է խաղողի հայկական տեսակների ուսումնասիրությամբ: «Իմ նպատակն այն է, որ կարողանամ ստանալ այն մակարդակի գինի, որ համաշխարհային չափանիշներով բարձրագույն նիշը գնահատի հայկական բնիկ սորտը, և Հայաստանի գինեգործությունը կարողանա տեղ գտնել քարտեզի վրա»,- նշում է նա ու նորից շեշտում, որ գինեգործությունը բիզնես չէ իր համար, հակառակ դեպքում 12 տարի ստիպված չէր լինի զբաղվել  խաղողի հայկական սորտերի հետազոտությամբ:

Նա Իտալիայում ունի հագուստի արտադրություն: Իր կարած հագուստը  մատակարարում է ամերիկյան մեծ հանրախանութների ցանցերին, որոնց հետ աշխատում է պայմանագրերով: Այդ բիզնեսից ստացած գումարն էլ ներդնում է Հայաստանում: «Միակ կապը, որ տեսնում եմ հագուստի և գինու միջև, այն է, որ երկու դեպքում էլ գործ ունես գեղեցկության հետ: Հագուստի պարագայում որոշողը դու ես: Գինու առավելությունը հագուստից գոնե ինձ համար այն է, որ սկսում ես շփվել բնության հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ տարվա մեծ մասը դու աշխատում ես բնության մեջ և դեռ չես իմանում՝ բերք կունենա՞ս, թե՞ ոչ: Այդ դեպքում որոշողը բնությունն է»,- մեղմ ժպտում է Զ. Ղարիբյանը, ով իր անունով էլ կոչել է ընկերությունը: «Մայրս փոքր ժամանակ ինձ Զորահ էր ասում, ես էլ որոշեցի ընկերությունն անվանել հենց այդպես»,- պարզաբանում է նա:

Իր կատարած ներդրումների մասին խուսափում է խոսել, որպեսզի ինքն էլ «չվախենա» մեծ թվերից: Նրա խոսքով` տեղացիները երբեմն չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է գալ այդ լեռների մեջ գինի արտադրել, բայց ինքը նրանց պատասխանում է, որ գինեգործությունը խաղաղություն է սիրում, իսկ գինին էլ երևույթ է, որն ապրում է, և որտեղ պետք է ներդնել սեր: Այնուհետ ասում է, որ գինեգործության մեջ լուրջ արդյունքները լինում են շատ տարիներ հետո:

Շուկայի մասին

Այսօր «Կարասի արենի նոյրը» ընկերության արտադրած առայժմ միակ գինին է, որ առկա է վաճառքում: Այն արտահանվում է Անգլիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Բալթյան երկրներ, Ռուսաստան, առաջիկայում վաճառքի կհանվի նաեւ Ավստրալիայում, Հունաստանում: Այս երկրների շարքում նա իր անձնական հաղթանակն է համարում Իտալիայում վաճառքը: Հայաստանում այն վաճառվում է մասնագիտացված խանութներում և մի քանի ռեստորաններում, որտեղ մեկ շիշն արժե 80 դոլար:

«Ես շատ եմ հպարտանում, որ մանավանդ սփյուռքահայերը գնահատում են մեր գինին, բայց իմ նպատակը շեշտադրված է դրսի աշխարհի վրա, որպեսզի Հայաստանը բերվի քարտեզի վրա, որովհետև դրսում, որտեղ վաճառվում են մեր գինիները, ամենաբարձր նիշի վրա են: Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ գինին գնահատի գինու սիրահարը»,- ասում է նա:

Ի՞նչ է պակասում Հայաստանի գինեգործներին 

«Դժբախտաբար, Հայաստանում դեռ չեն հասկանում, թե ինչ գանձ ունեն: Շատ համաշխարհային ճանաչում ունեցող գինեգործական երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արգենտինան, բնիկ սորտեր չունեն, իսկ Հայաստանն ունի 100-ավոր բնիկ սորտեր, որոնք շատերին չեն էլ հետաքրքրում: Դա ցավալի է: Երկրորդ ավելի ցավալի կետն այն է, որ մենք ունենք 6.000 տարվա պատմություն և ուշադրություն չենք դարձնում այս հանգամանքին, իսկ Եվրոպայում այնպե~ս են պահպանում իրենց 500-600 տարվա պատմությունը»,- նշում է զրուցակիցս:

Նա խուսափում է քննարկել հայաստանյան գինեգործների` եվրոպականացված սորտերով արտադրանք տալու հարցը, հետո շեշտում է, որ ինքը չի ասում, թե բոլորը պետք է զբաղվեն հայկական սորտերի արտադրությամբ, միայն ուզում է, որ եթե ոչ բոլորը, գոնե մեծամասնությունն ընտրի խաղողի հայկական սորտերը:

Քիչ անց ավելացնում է, որ հայկական սորտերով ոգևորվել է նույնիսկ ընկերության իտալացի գինեգործը`Ալբերտո Անտոնիոնին (վերջինս «Ֆորբսում» աշխարհի լավագույն գինեգործների առաջին հնգյակում է, ընկերության ագրոնոմը ևս իտալացի է` Ստեֆանո Բարտոլոմեյը):

«Իմ հողի մասին եմ խոսում հիմա. Հայաստանն ունի բարձրություններ, էս հողը, էս ջուրը, պատմությունը, բնիկ սորտերը…մենք բոլոր շղթաներն ունենք, որ գինեգործությունը զարգացնենք, բայց մեզ պակասում է ինքնագիտակցությունը»,- գործարանի առաջին հարկում տեղադրված կարասների ուղղությամբ նայելով` ասում է նա:

Խնդիրներից մեկն էլ այսօր, ըստ նրա, կարասներ գտնելն է: Իրենք գինին հնեցնում են կարասներում: Իսկ կարասները գտնում են գյուղից գյուղ, տնից տուն ման գալով: «Կարասն իր բուրմունքն ունի, և գինու շնչառությունը տարբեր է կարասում, քան փայտի մեջ: Դրսում մեր մասնագետներն ավելի շատ գնահատում են կարասի մեջ հնեցված գինին: Առաջին` դա նորություն է, երկրորդ` հատուկ համերաշխություն է տալիս գինուն: Բայց նաև ասեմ, որ կարասում գինի հնեցնելը շատ դժվար պրոցես է և բիզնեսի տեսակետից կարող է ձեռնտու չլինել» ,-ասում է նա՝ հիշեցնելով, որ դեռևս  քարանձավներում գինին հնեցնում էին կարասներում: «Աշխարհը կարող է նախանձել Հայաստանին»,- ժպտում է զրուցակիցս:

Կարասների պատրաստման դպրոցի մասին 

Ընկերության հիմնադիրը հայկական ավանդույթները պահպանելու համար որոշել է կարասի պատրաստման դպրոց բացել Ռինդ գյուղում: «Երբևէ չէի մտածի, որ 20 տարի անց իմ մասնագիտությունը պետք կգա»,- ամուսնու խոսքը լրացնում է Զ. Ղարիբյանի տիկինը` Երազ Թովմասյանը, ով խեցեգործություն է սովորել ԱՄՆ-ում: Վերջինս զբաղվում է ընկերության իմիջային հարցերով: Առաջիկա 1-2 տարվա ընթացքում վաճառքում են հայտնվելու «Զորահի» երկու նոր գինիները՝ կարմիր և սպիտակ: Առաջինն ավելի թանկ է լինելու, քան «Կարասի արենի նոյրը»:

Իսկ կարասների մոտ «համերաշխ» տեղադրված են խաղողի խմորման պահամանները: Գործարանի ամբողջ տեխնոլոգիան իտալական է: Շենքի երկրորդ հարկում լինելու է գինու ցուցադրության վայրը, որտեղ, ըստ ամուսինների, աշխարհի տարբեր կետերից եկած գինեգործները կարող են այցելել, համտեսել գինին և գնահատել այն: «Մենք համաշխարհային շատ գինեգործ-ընկերներ ունենք և հույս ունենք, որ առաջիկայում այս վայրը կդարձնենք գինեգործության կենտրոն»,- մեր զրույցի վերջում ասում է Զ. Ղարիբյանը: «Ֆայնենշըլ թայմսի» գինեգործության մասին հոդվածներ պատրաստող Ջենսիս Ռոբինզոնը (Jancis Robinson), ով արդեն 3 անգամ անդրադարձել է«Զորահի» գինուն, հրատարակելու է խաղողի սորտերի, գինեգործության մասին գիրք: Այդ գրքում Հայաստանը ներկայացված է լինելու «Զորահ» ընկերության արտադրանքով:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (10)

Ռազմիկ
Այո՝ »ամենալավ գինին ըստ Elin McCoy-ին: Թէ ո՞վ է, աստված գիտի:
Yasha Khachyan
da gini che, da erg e
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ լավ նյութ էր:
Ashot
Hojakap naxadzernutjun e ev bari naxandz e arajatsnum amen haji mot. Tox ararich@ dzer gorts@ hajoxatsni.
Kegham
Asiga shad lav e: Bravo Zorahen vor asank korts gu panagor Hayatsan: Asdvadz bahe:
ՀԱՅՈՒՀԻ
Այս նյութը թարգմանեք ռուսերեն ու անգլերեն ու շատ տարածեք ու վրացիների հոռոտախոսությունը մի քիչ մեղմեք
vache
nman drakan licqerov hodvaci @ntercum@ nuynqan hajeli e, inchqan nshvac ginineri hamtesum@. hajoxutyun Zorahi gorcin.
Berge Oknayan
Bravi Zorig & Yeraz, voroun midken ganzner
ANZHELIKA
ЖЕЛАЮ ВАМ УДАЧИ!!ГОРЖУСЬ ТАКИМИ ЛЮДЬМИ!!!
Անդրանիկ Հակոբյան
Հիանալի նյութ էր: Եվ թեման էր գրավիչ և մատուցման լեզուն: Կարդացի մեծագույն բավականությամբ, իսկ մեր ազնիվ հայրենակցի կերպարն իսկապես հիացրեց: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter