HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Բոստանջյան. «Հայաստանը վաղուց ինքնուրույն չէ»

Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցումը ԲՀԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գնահատում է որպես ավելորդ շտապողականություն:

«Հետք»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարությանը, թե հնարավոր է` Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, փոխարենը միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, Վարդան Բոստանջյանը նկատեց. «Չեմ կարող գնահատական տալ այդ պրոցեսին, որովհետև իրենք, չգիտես ինչից ելնելով, շտապողականությամբ են հանդես գալիս: Հստակ չեմ կարող ասել` գուցե պատճառներ կան դրա համար, որոնց մենք տեղյակ չենք, բայց ամեն դեպքում սա ավելորդ շտապողականություն է»:

Մեր հարցին, թե արդյոք ռիսկային չէ՞ Հայաստանի տնտեսության համար Եվրասիական միությանը միանգամից անդամակցելը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ռիսկեր, իհարկե, կան, այն էլ` նման միության շրջանակներում հայտնվելու պարագայում, որոնք մեղմելու համար պետք է համապատասխան վերլուծություններ իրականացնել, իսկ գնահատականներ ու նման վերլուծություններ չեն արվել: Դրա համար մտածում եմ, որ ավելորդ շտապողականությունը կարող է հղի լինել վատ հետևանքներով»:

Տնտեսագետը շեշտեց, թե ՀՀ իշխանությունների կողմից համակողմանիորեն չեն ուսումնասիրվում միությանն անդամակցելու քայլերը, ուստի դրանք կարող են բացասական հետևանքներ առաջացնել ՀՀ տնտեսության համար:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե Եվրասիական միությանն անդամակցության շտապողականությունը պայմանավորված է Ռուսաստանի, ոչ թե Հայաստանի ցանկությամբ, Բոստանջյանն ասաց, թե համաձայն է այդ կարծիքին: «Այո, դրանք հիմնավոր տեսակետներ են, մենք գտնվում ենք ռուսական ազդեցության տակ, և ՌԴ-ն, բնականաբար, եթե ուզենա ավելի խիստ մոտեցումներ ձևավորել, Հայաստանը կհամաձայնի դրանց: Չնայած` ցանկացած նման որոշում պահանջում է ինքնուրունության դրսևորում, որը մենք շուտվանից չենք ցուցաբերում»,- հավելեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter