HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Մինասյան. «Պարտադիր բաղադրիչի պարտադրանքի ուղղությամբ կառավարությունը կոնկրետ քայլեր է պատրաստ իրականացնել»

Քիչ առաջ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քննարկումը, որին մասնակցում էին Ազգային ժողովի վեց խմբակցություններից հինգը:

ՀԱԿ խմբակցությունը խորհրդակցությանը չմասնակցեց: Ոչ իշխանական մյուս երեք ուժերից ներկա էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ՀՅԴ խմբակցությունից` Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբեն Հակոբյանը: Ներկա էին նաև ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը, իսկ իշխող Հանրապետական խմբակցությունից քննարկմանը մասնակցում էին Հակոբ Հակոբյանը և Խոսրով Հարությունյանը:

Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց է ներկայացրել իր մոտեցումները, որոնք նա օրերս ներկայացրել էր նաև «Դեմ եմ» շարժման հետ հանդիպման ժամանակ: Ա. Մինասյանն ասաց, թե Հ. Աբրահամյանը իրենց վստահեցրել է` պարտադիր բաղադրիչը կասեցվելու է, գործատուները տույժ ու տուգանքների չեն ենթարկվելու: Ամեն դեպքում, նա հորդորեց սպասել մինչև կառավարության նոր նախագիծը շրջանառության մեջ դրվի ԱԺ-ում, հետո միայն վերջնական գնահատական տալ:

«Առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի կառավարության պատրաստած օրենքի նախագիծը: Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է  խնդիրները լուծել ու բարձրացված հարցերին լիարժեք պատասխանել: Այս պահին կարևոր է, որ պարտադիր բաղադրիչի պարտադրանքի ուղղությամբ կառավարությունը կոնկրետ քայլեր է պատրաստ իրականացնել, և մինչև երկուշաբթի օրը, կարծում եմ, նախագիծը պատրաստ կլինի: Բայց քանի որ նախագիծը դեռ չկա, որևէ եզրակացություն չենք կարող անել, դրա համար առաջարկում եմ սպասենք, որ նախագիծը լինի: Մեր դրական ֆոնով ավարտված հանդիպումը վերջնականապես նախագծում կարտացոլվի»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գործող կառավարության ու վարչապետի դիրքորոշման փոփոխությունը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումներից, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ՍԴ կայացրած որոշումն էլ́ ավելի խորությամբ ընթերցելը, հասարակության ընդվզումն այս հարցում ու Հանրապետության նախագահի դրական դիրքորոշումը համակարգը վերանայելու ուղղությամբ, ինչու չէ` նաև պարոն Աբրահամյանի ցանկությունն իրար հետ համատեղվեցին, ու սրան գումարվեց ոչ իշխանական ուժերի պատրաստակամությունը հարցը լուծելու ուղղությամբ»:

Ոչ իշխանական չորս ուժերի քառյակը, ինչպես տեղեկացրել ենք, պատրաստվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային հարցը արտահերթ քննարկման դնել խորհրդարանում, ինչպես նաև հանդես գալ օրենքի համապատասխան նախաձեռնությամբ: Այս առնչությամբ Ա. Մինասյանն ասաց, թե առայժմ չեն կարող ասել` կհրաժարվե՞ն այս նախաձեռնությունից, թե՞ ոչ` նշելով, որ պետք է սպասել կառավարության նոր նախագծին: «Այս պահի դրությամբ, քանի չկա կառավարության նախագիծը, նման պնդում անելը ճիշտ չէ: Նախագիծը կլինի, կտեսնենք, թե որքանով են արատոցոլված մեր և «Դեմ եմ» շարժման մոտեցումները նախագծում ու կտանք հստակ գնահատական»,- հավելեց նա:

Ի դեպ, ՀՅԴ պատգամավորի խոսքով` Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել է հրաժարվել արտահերթ նիստ հրավիրելու գաղափարից: «Բայց մենք կքննարկենք հարցը»,- նշեց Մինասյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter