HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«2017թ. իշխանափոխություն, այսպես թե այնպես, լինելու է»

Հայաստանն ունի ամբողջական համակարգային փոփոխությունների կարիք, և դրա անհրաժեշտ պայմանը ռեժիմի փոփոխությունն է: Այսօր այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

Հարցին՝ արդյոք համակարգային փոփոխությունների պահանջը ենթադրում է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք պետք է վստահ լինենք, որ մարդկանց փոփոխությունից հետո տեղի կունենա համակարգի փոփոխություն, որ նույնը չկրկնվի: Մենք սա ասում ենք մեր դառը փորձից, տեսել ենք, որ մարդիկ փոխվել են` համակարգը չի փոխվել, ու ժողովուրդը մնացել է չբավարարված»: 

Նա նշեց, որ քառյակում էլ այս հարցը քննարկվել է, և իրենք իրենց գործընկերներին ասել են. «Ասում ենք լավ` մենք դրան դեմ չենք, բայց դրանից հետո երաշխավորո՞ւմ ենք, որ նույնը չի լինի: Եթե չկա այդպիսի երաշխիք, մենք համարում ենք, որ դա ինքնանպատակ քայլ է ու չի հանգեցնելու մեր ուզած իշխանափոխությանը: Մենք չենք ընդունում այն մոտեցումը, որ հանեք` մենք կգանք, լավ կլինի»: 

Ըստ Ռուստամյանին՝ իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք կարող են օգնել իրենց այս հարցում: «Եթե տեսնեն, որ տրամաբանության մեջ են փոփոխությունները, կարող են իշխանափոխության իրականացմանը իրենք էլ աջակցել, որը մեր ռեսուրսը կմեծացնի: Թե չէ մենք տեսել ենք, չէ՞, որ սպառվում է արագ` հանրահավաք մեկ-երկու անգամ…»,- հավելեց Արմեն Ռուստամյանը: 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, թե Դաշնակցության փաթեթը ենթադրում է համակարգի, տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության ամբողջ մի վեկտորի փոփոխություն: «Ընդամենը 7 կետ է, էջուկես տեքստ, բայց ամեն կետը մշակված է, դրա համար ենք մենք կարևորում հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությունը, ուզում ենք համոզենք, որ այս փաթեթը ելք է` երկրում արմատական փոփոխությունների»,- ասաց Ա. Վարդանյանը: 

Շարունակելով խոսքը՝ Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ եթե իշխանությունը չի ընդունում իրենց ծրագիրը, ապա իրենք մնում են ընդդիմություն, իսկ եթե իրենց մոտեցումները չեն ընդունում գործընկեր ուժերը՝ նրանց հետ երկարաշունչ համագործակցությունը տեսանելի ապագայում վտանգված է դառնում: «Մենք մեր ծրագրով ասում ենք` ընդդիմությանը պետք է տրվեն լծակներ, ես հիմա չեմ ուզում առանձին քաղաքական ուժերի անուններ տալ, բայց նրանք, ովքեր դեմ են դրան, մտածում են` իշխանության գալուց տա՞ն ընդդիմությանը այդ լծակները, թե՞ ոչ, ինձ համար կասկածելի է: Չեմ ուզում անունները տալ»,- նշեց նա: 

Հարցին՝ արդյոք քառյակի ուժերի հետ իրենց համագործակցությունը տեսանելի ապագայում վտանգվա՞ծ է, Ռուստամյանը դրական պատասխան տվեց. «Այո»: 

Այնուամենայնիվ, Վարդանյանն ասաց, թե իրենք շարունակելու են աշխատել քառյակի ֆորմատով, որը իրենց կողմից կարևորվում է: «Շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել, բնականաբար մենք տարբեր կուսակցություններ ենք, բայց միշտ հնարավոր է գտնել կոնկրետ քայլեր, անելիքներ, որոնք կհաձայնեցվեն չորս ուժերի կողմից»,- հավաստիացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: 

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտարարությանը՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենց կարծիքը չի համապատասխանում Քոչարյանի տեսակետին, իրենք կարծում են, որ կառավարման գործող համակարգը չի նպաստում երկրի արդյունավետ կառավարմանը: «Այս համակարգը հնարավորություն է տալիս մեծամասնությանը որոշել ամեն ինչ, իսկ մենք ասում ենք, որ խորհրդարանական համակարգի պետք է անցնենք: Այն, ինչ նախաձեռնել է իշխանությունը, մենք խրվելու ենք դրա մեջ, առաջարկություններ ենք անելու, մենք սա փորձելու ենք անել ու ապացուցել հանրությանը, որ սա ճիշտ համակարգ է: Մեր և մյուսների մոտեցումները տարբերվում են»,- ասաց նա: 

Վարդանյանը նկատեց, թե 2012թ. ԲՀԿ-ն հայտարարում էր, որ կողմ է կառավարման համակարգի փոփոխությանը, թեև այսօր հայտարարում է, որ բարեփոխումների ժամանակը չէ: «Սա ինձ համար տարօրինակ է: Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ, գնալու ենք մինչև վերջ»,- նշեց պատգամավորը: 

Ա. Ռուստամյանն ասաց, որ իրենք չեն հասկանում բոլոր այն տեսակետները, թե Սահմանադրական բարեփոխումները պետք է հետաձգվեն: «Գնալով միահեծանությունը ամրապնդվում է, ընդդիմադիր դաշտը դուրս է մղվում: «Բոլորը պետք հասկանան, որ անհրաժեշտ է պայքարել միահեծանության հիմքերի դեմ: Ինչո՞ւ ենք մենք հիմա ուզում անել, որովհետև իշխանափոխություն, այսպես թե այնպես, լինելու է 2017թ., Ս. Սարգսյանը երրորդ անգամ չի կարող նախագահ դառնալ: Իսկ մեզ համար հարց է` եթե Ս. Սարգսյանը չէ, նրա իրավահաջորդն է, այս համակարգո՞վ է կառավարելու: Չէ՞, պետք է այդպես չլինի: Առաջին նախագահը դժգոհում է երկրորդից, երրորդից, երկրորդը` առաջինից, հիմա չորրորդն էլ չգա դժգոհի բոլորից…Հիմա դուրս են եկել համակարգից, ասում են, թե վատն է»,- եզրափակեց նա:

Լուսանկարում Աղվան Վարդանյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter