HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մադան գետակի ավազանը բնության համար վտանգավոր գոտի է

Ալավերդու պղնձի հանքի ընդերքօգտագործման իրավունքը պատկանում է  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը: Հանքը գտնվում է Ալավերդի համայնքի  վարչական տարածքում` Մադան գյուղական թաղամաս գնացող ճանապարհին հարող ձորակով հոսող Մադան (Լալվար) գետակի ավազանում: Հանքի տարածքում` հենց գետակի ափին տեղավորված է մեծ պոչամբար, որի պոչանքները տարիներ շարունակ անձրեւաջրերի հետ հոսում են  ուղիղ գետակ, այնտեղից էլ` Դեբեդ գետը: Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ ուժեղ սելավների դեպքում պոչամբարի սողանքային վտանգները դեպի գետակ անխուսափելի են: Այդ դեպքում դրանք լուրջ սպառնալիք կդառնան գետի ջրով ոռոգվող Դեբեդի ավազանի համայնքների այգիների եւ դաշտերի  համար:

Արտադրական թափոնակույտեր են թափված նաեւ դեպի հանքավայր տանող  երկու հանքային հորիզոնների առաջ: 

«Ձեր նշած վայրերում առկա լցակույտերը որեւէ պատճառահետեւանքային կապ չունեն «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության հետ, սակայն մենք պատրաստ ենք քննարկելու դրանց առաջացրած բնապահպանական վտանգների վերացման հարցում մեր մասնակցության հնարավորությունը` ցանկացած շահագրգիռ սուբյեկտի հետ»,- ապրիլի 7-ին հայտնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը:

Հիշեցնենք, որ նույն հիմնավորմամբ ընկերությունը հրաժարվեց նաեւ նույն` Մադան գետակի ավազանում տեղակայված նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի պատասխանատվությունից` պատճառաբանելով, թե մկնդեղի գերեզմանոցը գտնվում  է մեկ այլ` «Մանես» ընկերության հաշվեկշռում: Եվ դա այն դեպքում, երբ «Մանեսի» սեփականատերը եղել եւ շարունակում է մնալ «Վալլեքսի» սեփականատեր Վալերի Մեջլումյանը:  

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում ունի հանքերի շահագործման երկու լիցենզիա: Մեկը վերաբերում է Ալավերդու ստորգետնյա պղնձի հանքին, 2-րդը` Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրին: Ալավերդու պղնձի հանքը 2002-2008թթ. շահագործել է այս ընկերությունը: Ընկերությունը հանքի շահագործման ընթացքում նույնպես իր արտադրական պոչանքները եւ թափոնակույտերը լցրել է հանքի տարածքի պոչամբար:

«Գործունեության որոշ տեսակներ կան, որոնք առնվազն տեսանելի ապագայում անվերադարձելի են: Օրինակ` 2008թ. նոյեմբերին մենք ստիպված եղանք դադարեցնել Ալավերդու ստորգետնյա պղնձի հանքի շահագործումը` առաջին հերթին գների անկման պատճառով: Իհարկե, պետք է խոստովանել, որ նույնիսկ ամենաբարձր գների դեպքում հնարավոր չեղավ այս հանքի շահագործումը շահութաբեր դարձնել, եւ այս պահին այդ հեռանկարը տեսանելի չէ»,- «Հետքին» հայտնել է ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը:  

Որքան էլ Ալավերդու պղնձի հանքի շահագործումն անշահութաբեր է, «Արմենիան Քափըր  Փրոգրամ» ընկերությունը շարունակում է պահել հանքի ընդերքօգտագործման իրավունքը, որը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2014թ. ապրիլի 1-ի  տեղեկատվությամբ`  վավերացված է  ՇԱԹՎ-29/393  20.02.13 թույլտվության համարով եւ ՊՎ-393 20.02.13 պայմանագրով: «Ընդերքի մասին» ՀՀ օրենքով արտադրական լցակույտերի սեփականության իրավունքը ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության գործողության ընթացքում պատկանում է տվյալ ընդերքօգտագործողին: Այս դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամը» որպես ընդերքօգտագործող, օրենքի 64-րդ հոդվածի համաձայն, իր շահագործած հանքի ազդեցություններից պարտավոր է պաշտպանել մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական ու բուսական աշխարհի անվտանգությունը:  

Մադան գետակի ավազանը հարյուրամյակներ շարունակ հանդիսացել է պղնձի հանքերի շտեմարան: Ֆրանսիացիների շահագործման ժամանակներից մինչ օրս Ալավերդու հանքերի հանքախորշային ջրերն ու չվնասազերծված պոչամբարի անձրեւային հոսքերը թափվում  եմ Մադան գետակ: Դեբեդ գետի համար պոտենցիալ վտանգ են նաեւ այստեղ թափվող Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի անձրեւահոսքերը, ինչպես նաեւ երկու տարի առաջ շահագործված Ալավերդու նոր աղբավայրի անձրեւային հոսքերը, որտեղ շատ հաճախ այրում են կուտակված աղբը:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ աղբավայրում պարբերար ռեկուլտիվացիոն աշխատանքներ չեն կատարվում համապատասխան տեխնիկա չունենալու պատճառով:

Մադան գետակի ավազանը վտանգավոր գոտի է եւ պետք է մեկուսացվի բնակչությունից: Մինչդեռ վտանգավոր պոչամբարի եւ բաց հանքախորշերի կողքին, քաղաքապետարանի թույլտվությամբ Ալավերդի քաղաքի բնակիչ Ժորա Ասլանիդին կառուցել է ռեստորան: Վերջինիս կովերն ու մյուս անասուններն արածում են պոչամբարի շրջակայքում: Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի`Կարեն Վարոյանի մոտ 40 այծերը խմում են հենց գետակի թունավոր ջուրը: Մադանի ավազանի վտանգավոր տարածքներում բնակիչները պտղատու այգիներ են հիմնել: Այս տարածքում մադանցիները կառուցել են նաեւ հանգստի տաղավարներ:

Քաղաքապետ Ա. Վարոսյանն ասում է, որ առաջիկայում կքննարկեն Մադան գետակի ավազանի էկոլոգիական վիճակը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter