HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ են պայմանավորվում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, որի շրջանակում արդեն հանրային քննարկման է ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Նախաձեռնությունը նա գնահատեց ժամանակավրեպ, օբյեկտիվ անհրաժեշտության տեսանկյունից` չհիմնավորված, քանի որ ըստ Քոչարյանի, առկա չէ երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հիմնական նախադրյալներից որևէ մեկը:

Երկրորդ նախագահի բացատրությունները թվում են ավելի տրամաբանական: Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները, այդ նպատակով ստեղծելով հանձնաժողով և սահմանելով կոնկրետ ժամանակցույց` Սերժ Սարգսյանը ոչ մի խոսք չասաց այն մասին, թե ինչով է իր այդ քայլը պայմանավորված, թե Սահմանադրության կոնկետ որ հոդվածները, որ նորմերը կամ հասկացություններն են խնդրահարույց, ինչու են խնդրահարույց և հատկապես ինչպես են դրանք խոչընդոտել հասարակական կյանքի այս կամ այն ոլորտի կարգավորմը կամ կառավարմանը:

Ավելին, բարեփոխումների հայեցակարգի նախագծի հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ աշխատանքային խումբը խորհրդանական կառավարման համակարգին անցնելու այլընտրանքային լուծում է առաջարկում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չնայած ինքը սկզբունքորեն դեմ է ներկայիս կառավարման համակարգից հրաժարվելուն, սակայն եթե հանձնաժողովն այլ մոտեցում ցուցաբերի, ինքը չի առարկելու:

Այնպիսի երկրում, որտեղ նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ ունի, նախագահի նման մոտեցումը գուցե ինչ-որ տեղ հասկանալի կարող է լինել: Բայց Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ լինելով հանդերձ` իշխող կուսակցության նախագահ է, իսկ ՀՀԿ-ն նախկինում բազմիցս հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ խորհրդարանական կառավարման համակարգին, որին պետք է անցնել աստիճանաբար: Եվ հիմա հարց է առաջանում` ՀՀԿ նախագա՞հն է հակասում իր կուսակցությանը, թե՞ կուսակցությունը` հանրապետության նախագահին: Բայց այս հակասությունն առաջին հերթին խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունն ինքը ընդունում է, որ սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը ամբողջությամբ արհեստական է:

Իսկ այդ պարագայում նման հիմնարար փոփոխություններ նախաձեռնելը կարող է ունենալ երկու հնարավոր բացատրություն: Առաջին` դա բեմադրություն է` մանիպուլյատիվ էֆեկտով, որի նպատակը երկրում կուտակված համակարգային հիմնախնդիրները, դրանք կարգավորելու իշխանության անկարողությունը սահմանադրության աներևույթ անկատարության վրա բարդելն է, խնդիրների լուծման կեղծ թիրախների առաջադրումը և հանրության ուշադրությունը շեղելը: Բայց այս տարբերակի դեպքում խոսք կարող է լինել միայն կոսմետիկ փոփոխությունների մասին` առանց կառավարման համակարգը փոխելու, որը բնույթով փորձարարական է, եթե չասենք` արկածախնդրային, որովհետև նախաձեռնողներն իրենք չեն կարող երաշխավորել, թե ինչ հետևանք դա կունենա հենց քաղաքական իշխանության համար: Իսկ որ նախագահի այս նախաձեռնությունը կարող է այդպիսին լինել, փաստում է այն հանգամանքը, որ նախ ինքը` նախագահն է դեմ կառավարման ներկայիս համակարգը փոխելուն, երկրորդ` հանրային քննարկման ներկայացված նախագծում, ըստ էության, դրանից բացի որևէ այլ էական փոփոխության խնդիր ոչ մարդու իրավունքների, ոչ իշխանությունների տարանջատման սխեմայում չի առաջարկվում:

Երկրորդ (որն, ի դեպ, չի հակադրվում առաջինին)` դա արվում է բոլորովին այլ նպատակով, ինչի մասին շատ պարզ ակնարկում է Հայաստանի երկրորդ նախագահն իր այդ անդրադարձում: «Առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն, և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը` փաստորեն իշխանության անուղղակիորեն մեղադրելով այս բարեփոխումները նախաձեռնելով կառավարող էլիտայի շահերը սպասարկելու և իշխանության վերարտադրման նպատակներ հետապնդելու մեջ:

Քոչարյանը բացարձակապես պատահական չի հիշեցնում, որ 2005թ., երբ ինքն էր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, այն չդարձրեց երրորդ անգամ նախագահի պաշտոնն զբաղեցնելու միջոց և այդ առումով հավատարիմ մնաց իր տված խոսքին: Եթե նկատի առնենք, որ մեղադրանքը հնչում է մի մարդու կողմից, ով ամենալավն է ճանաչում գործող նախագահին, ով գիտի, թե ինչպես կարելի է նման մանիպուլյացիաներով մնալ իշխանության, և ով ուներ դա անելու բոլոր հնարավորությունները, ապա պետք է եզրակացնել, որ նա տեսնում է իշխանությունների կողմից իշխանության վերարտադրման խնդիր լուծելու իրական հնարավորություն: Բայց հարց է առաջանում` ինչու է Քոչարյանը որոշել Սերժ Սարգսյանի հետ խոսել այսքան բաց տեքստով:

Ըստ էության, իրականում նա պատասխանում է Սերժ Սարգսյանի` իրեն ուղղված` իշխանությունից և դրա հանդեպ հավակնություններից միասին և միաժամանակ հեռանալու անուղղակի առաջարկին, որը գործող նախագահը հնչեցրել էր Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իր կարծիքով` միևնույն անձը չպետք է առհասարակ երկու անգամից ավելի իր ձեռքը վերցնի պետության կառավարման ղեկը` փաստորեն ակնարկելով, որ իր համար անհասկանալի է նախկին նախագահի կողմից ԲՀԿ-ի միջոցով այդ ուղղությամբ ցուցաբերվող ակտիվությունը:

Այսինքն` ստացվում է, որ հիմա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղ են ունենում հեռակա, հրապարակային բանակցություններ` իշխանության ապագայի և դրանում իրենց երկուսի հնարավոր դերակատարության և դերաբաշխման վերաբերյալ: Ըստ էության, Քոչարյանը հասկացնում է, որ սկզբունքորեն դրան դեմ չէ, սակայն հավելյալ երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրեն թակարդը չեն գցում: Եվ նա հուշում է, թե ինչպիսի երաշխիք է ուզում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ուղղված է երրորդ անգամ նախագահ դառնալու իրավունքից զրկելուն, նա ասում է հետևյալը. «Դրա համար պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»: Այսինքն` նա գործող նախագահից, իբրև երաշխիք, պահանջում է վերանայել սահմանադրական լայնածավալ փոփոխութոյւններ կատարելու և կիսանախագահական կառավարման համակարգից հրաժարվելու որոշումը և միայն այդ լրացումը կատարելով հստակ քաղաքական հայտարարություն անել առ այն, որ դա տարածվելու է նաև իր` Սերժ Սարգսյանի վրա:

Այս իմաստով խիստ հատկանշական է հատկապես Քոչարյանի անդրադարձը վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելու որոշման կապակցությամբ: Հիշատակելով Աբրահամյանի` իր նախագահության ընթացքում «հաջողված» փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար լինելու մասին` Քոչարյանը փաստացի ակնարկում է, որ ներկայիս վարչապետի թեկնածությունը, իբրև իշխանության հնարավոր ժառանգորդի, իր համար սկզբունքորեն մերժելի չէ, սակայն այս հարցում նաև չի շտապելու:

Քոչարյանի անվստահության աղբյուրը թաքնված է հենց կառավարման համակարգի փոփոխման` Սարգսյանի նախաձեռնության մեջ: Նա, թերևս, փորձում է հասկանալ, թե որքանով են դա և իրեն արված առաջարկը համատեղելի, քանի որ ակնհայտ է, որ իշխանության ժառանգորդի որոշման պարագայում կառավարման համակարգի փոփոխությունը հղի է անկանխատեսելի զարգացումներով և հարվածելու է առաջին հերթին հենց իշխանությունը կրողին, որովհետև որքան այդ փոփոխությունների արդյունքում մեծանա պառլամենտի ազդեցությունն ու լիազորությունները քաղաքական որոշումների կայացման պրոցեսում, նույն չափով թուլանալու են ապագա նախագահի ուժն ու դիրքերը:

Այդ փոփոխությունը ուղղակի հարված կարող է լինել իշխանության մոնոլիտ կառուցվածքին: Եթե Սերժ Սարգսյանը կարողանա տալ այս պարադոքսի բացատրությունը, և դա նախկին նախագահի համար լինի համոզիչ, ապա քաղաքական վերադասավորումներն առաջիկայում կարող են ընթանալ հենց նրանց նախագծած սցենարի համաձայն:

Ինչևէ, որ կողմից էլ մոտենում ես այս հեռակա երկխոսությանը, ստացվում է, որ գործող ու նախկին նախագահները գործում են սահմանադրական բարեփոխումների մանիպուլյացիոն մեխանիզմով, ինչի համատեքստում Սամանադրությունն ընկալվում է ընդամենը որպես այս կամ այն եղանակով իշխանության վերարտադրման և ներքին վերադասավորումների իրավաքաղաքական առանցքային գործիք: Տարբերությունն ընդամենը այն է, որ  ի տարբերություն գործող նախագահի` նախկինն առաջարկում է այդ գործիքն օգտագործել ավելի նրբանկատորեն, ավելի զգույշ և ավելի նպատակային:

  

Մեկնաբանություններ (2)

henri
Ես ունեմ մի հանճարեղ առաջարկ։Փակել բոլոր լոյս տեսնող մամուլը Հայաստանում եւ բացել մի հատ միայն եւ կոչել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՃՐԱԳՈՐԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ քանի միայն այդ նիւթերն են լցնում մամուլի էջերը։Յաջող։
Ettentc Chi
Բոլորիս համար էլ պարզ է, որ ՀՀ նախագահը կողմ է խորհրդարանական կառավարմանը, մեղմ ասած ինքը ճիշտ չի ասել, և որ ինքը ամեն ինչ կանի նման կառավարման դեպքում դառնա վարչապետ ըստ ինձ ոչ ոք չի կասկածում: Համենայնդեպս ես համոզված եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter