HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր քարտեզ հայկական ցեղասպանության վերաբերյալ. զոհերի իրական թիվը 2 մլն-ից ավելի է

Կարինե Դանիելյան

Ինչպես ամեն ապրիլի, այս տարի էլ ամերիկահայերն առանձնահատուկ կազմակերպվածությամբ են նախապատրաստվել հայկական ցեղասպանության տարելիցին: Ցեղասպանության ոգեկոչումը ամերիկահայ համայնքի կյանքում լրջագույն իրադարձություն է, որին ըստ պատշաճի պատրաստվում են ամիսներ առաջ: Արդեն 1 շաբաթից ավելի Կալիֆոռնիայի բազմաթիվ քաղաքներում (Ֆրեզնո, Գլենդել, Նորթրիջ, Մոնթեբելո, Բըրբենք, Փասադենա, Բերքլի, Սան ֆրանցիսկո), մեկնարկել են հայկական ցեղասպանության 99-ամյակի ոգեկոչման տարաբնույթ միջոցառումները:

Այս շաբաթ ընթացքի մեջ են եւ կլինեն հիմնական ձեռնարկները` երգչախմբային ու պարախմբային համույթների ելույթներ, ասմունքի երեկոներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, մոմավառություն, թեմատիկ դասախոսություններ: Միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Կալիֆոռնիայի Հանրային եւ մասնավոր հայկական վարժարանների աշակերտները, Լոս-Անջելեսի հայ երիտասարդաց միությունը:

Ցեղասպանության  հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ցերեկվա ժամը 2-ից մինչեւ հաջորդ օր կկայանա 24-ժամյա ցույց` Լոս-Անջելեսում թուրքական հյուպատոսարանի դիմաց:

Գլենդելի «Արարատ» մարզա-մշակութային միության «Կարմիր կակաչ» խորհրդանշական անվանումով համաժողովը ցեղասպանության 99-ամյա տարելիցի մեկնարկային միջոցառումներից էր: Ի դեպ, Եվրոպական բազմաթիվ երկրներում սեւ սրտիկով կարմիր կակաչն առաջին համաշխարհային պատերազմի զոհերի ոգեկոչման սիմվոլն է:

ֆորումը ներկայացնում էր հայկական ցեղասպանության թեմայով պատկերային ցուցահանդես` գաղթի ու սպանդի վերաբերյալ մեծածավալ լուսանկարներով, փաստա-վավերագրական ֆիլմով, քանդակներով, դեկորացիանեորվ, քարտեզներով ու վահանակներով, որոնց հայեցողական դիտարկումները զուգակցվում էին հայ եւ ամերիկացի ցեղասպանագետ ու պատմաբան մասնագետների բանախոսությամբ եւ ակտիվ քննարկումներով:

Համաժողովին ներկայացվեց հայկական ցեղասպանության վերաբերյալ նոր, մեծածավալ քարտեզ, որն ընդգրկում է ամենատարբեր տարիների եւ ամենատարբեր երկրներում (նաեւ Հունաստան, Իրաք, Բաքու, Սիրիա, Երուսաղեմ), հայերի դեմ իրականացված կոտորածները: Քարտեզի հեղինակն է Գլենդելի «Արարատ» մարզա-մշակութային միության ատենապետ Էդիկ Բալայանը, մասնագիտական խորհրդատուն` UCLA-ի պատմաբան Գեւորգ Նազարյանը:

Հեղինակներն օգտագործել են նախկինում առկա փաստավավերագրական քարտեզների տվյալները, ամբողջացրել եւ լրացրել դրանք: Քարտեզն ըստ վայրերի տեղեկատվություն է ներկայացնում նաեւ զոհերի թվաքանակի վերաբերյալ: Զանգվածային սպանդի ամենամեծ հանցավայրը ներկայացվում է Դեր-Զորը, ուր զոհերի թիվը հարյուր հազարների հասավ:

«Շատ կարեւոր է արձանագրել, որ հայկական ցեղասպանությունը միայն Օսմանյան կայսրությունում չի տեղի ունեցել, այլ եղել է համատարած ծրագիր, այսինքն որտեղ որ թուրքական զորքը թափանցել է, հայերի ոչնչացման պանթուրքիստական ծրագիրն իրականացրել է: Մինչ այժմ եղած քարտեզները նշում էին միայն Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային ցեղասպանության կենտրոնները: Այս նոր քարտեզն ընդգրկում է  նաեւ Ատրպատականի տարածքը, Արեւելյան Հայաստանը, հասնում մինչեւ Բաքու:

1918 թվականի սեպտեմբերին Նուրի փաշայի զորքը մտավ Բաքու եւ կոտորեց 30 հազար հայի: Բաքվի ջարդերը նախկին քարտեզներից եւ ոչ մեկի վրա չի արձանագրվել: Արցախում կոտորեցին 20 հազար հայերի: Անմիջապես հետո երիտթուրք պարագլուխների հորդորով ստեղծվեց Ադրբեջանը, իբրեւ թուրքական հանրապետության մեկ այլ տարբերակ: Վերջնական նպատակը հայերի բնաջնջումից հետո միացումն էր եւ համթուրքական մեծ Թուրանի ստեղծումը»,-ասում է Գեւորգ Նազարյանը:

Խորհրդային պատմագրության մեջ միշտ էլ գերզգույշ վերաբերմունք է ցուցաբերվել այն ամենի նկատմամբ, որ առնչվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի  հանրապետությունների պատմությանը եւ նաեւ կոտորածների վերաբերյալ շատ փաստեր ու կարեւորագույն տվյալներ անհետացել են խորհրդային գրաքննության մամլիչի տակ:

«Հիմա մենք փորձում ենք լրացնել այդ բազմաթիվ  բացթողումները, եւ ընթացքում անընդհատ նոր տվյալներ են ի հայտ գալիս,  հայերի զանգվածային ոչնչնչացման նոր տեղեր են հայտնաբերվում: 1 ու կես միլիոն հայերից զատ եւս 700 հազար հայեր են մահացել սովից, հիվանդություններից, գաղթի ճամփաներին, որբանոցներում սկսած 1915 թվականից մինչեւ 1918 մայիս-հունիս ամիսները, երբ  թուրքական զորքը հարձակվեց Արեւելահայաստանի վրա, նաեւ 1920 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Եւ այս իրողություններն ուղղակիորեն ցեղասպանության հետեւանքներն էին: Սրանք նոր տվյալներ չեն, սակայն շատ քիչ անդրադարձ է եղել դրանց եւ դրանք ցեղասպանության քարտեզնեում չեն արտացոլվել: Ցեղասպանության զոհերի թիվն իրականում 2 մլնից ավելի է»,-ասում է Գեւորգ Նազարյանը::

Նոր լրացումներից ու խմբագրոմից հետո քարտեզը տպագրության կներկայացվի:

Եվ, այնուամենայնիվ, արդեն գրեթե 1 դար հայերը սպասում են, որ աշխարհն ամբողջությամբ ընդունի հայոց ցեղասպանությունը, բայց ընդամենը 120 երկրներից 21-ն են ընդունել այն: Քաղաքակիրթ աշխարհը, որ վճռականորեն մերժում է ատելության ու սպանդի հրահրումներն իբրեւ հենց մարդկության դեմ ուղղված հանցագործություն, դեռեւս ամբողջությամբ չի ընդունել հայկական ցեղասպանության փաստը:

Թերեւս մեծ պետությունների շահերի ու մեծ քաղաքականության մեջ Հայաստանը դեռեւս կարեւորագույն խաղաքարտ չէ, որ ստիպի սեփական շահերի հետ նրա շահերի հետ էլ հաշվի նստել: Նույնիսկ եթե հայկական ցեղասպանության ընդունումը նշանակում է մարդկության դեմ ուղղված նմանատիպ  հանցագործությունների կանխում ու կանխարգելում, իսկ լռությունը միայն թողտվության արահետներ է բացում:

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Զարմանալի քերականություն: Մի տեղ հեղինակը գրում է՝ «...կոտորեց 30 հազար հայի», իսկ հաջորդ նախադասությունում՝ «..կոտորեցին 20 հազար հայերի» : Կամ եզակի է կամ հոգնակի - հայի կամ հայերի: Իսկ լեզվական օրենքը ի՞նչ է թելադրում: Թվական ածանցով անորոշ հոգնակուն «-եր» կամ «-ներ» չի ավելանում, իսկ որոշյալ հոգնակուն միշտ «-եր» կամ «-ներ» է ավելանում: Հիմա ըստ ձեզ, ո՞րն է ՃԻՇՏ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter