HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հայջրմուղկոյուղու» շինտեխնիկան գյուղերում է. բնակիչները ջրի որակի բարելավում են ակնկալում

«Հայաստանի ամբողջ տարածքում խմելու ջրի ցանցը փոխելու համար կպահանջվի ավելի քան 20 տարի»,-ասում է «Հայջրմուղկոյուղի» ընկերության ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գեւորգյանը:

Այժմ Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվում են ներդրումային ծրագրեր: Փոխվում են Էջմիածին, Աշտարակ, Մասիս քաղաքների ու հարակից գյուղերի ջրատար խողովակները: Օրինակ՝ Էջմիածնի տարածաշրջանի համար հատկացվել է 6 մլն դոլար եւ ծրագրերը պետք է իրականացվեն այդ գումարի շրջանակներում:

Մարդիկ համբերատար սպասում են, թե ամիսներ առաջ քանդված փոսերը երբ են փակվելու: Բացված փոսերի մեջ փտած երկաթյա խողովակների կողքին փռված պլաստմասե խողովակաշարերը հույս են ներշնչում, որ այսուհետ ծորակից եկող ջուրը դարչնագույն չի լինի, միջատներ, ժանգի կտորներ չեն հայտնվի դույլերի մեջ, ինչպես նաեւ հաճախակի վթարների պատճառով շաբաթներով չեն զրկվի խմելաջրից:

«Հետքն» անդրադարձել է Էջմիածնի տարածաշրջանի գյուղերի խմելաջրի խնդիրներին՝ հատկապես ձմռան ամիսներին: Այժմ այդ գյուղերի մի մասում փոխվում են հնամաշ խողովակները եւ պատասխանատուները հավաստիացնում են, որ դրական արդյունքը երկար սպասեցնել չի տա:

«2004թ-ից հետո մարզերի բնակիչները պետք է շատ-շատ տարբերություն զգացած լինեն: Երբ ֆրանսիական ՍԱՈՒՂ  կազմակերպությունն ընդունեց համակարգը այն ժամանակ ջրամատակարարման միջին տևողությունը 4-6 ժամ էր: Իսկ հիմա միջինը կազմում է 17 ժամ: Այժմ մեր ներդրումներն առաջնահերթ ուղղում ենք այն տարածքներին, որտեղ ցանցերն ավելի մաշված են: Եթե գյուղի մի հատվածում խողովակների վիճակն ավելի վատ է, հենց այդ վատ մասից ենք սկսում: Իհարկե, շատ ենք ուզում, բայց եթե ամեն գյուղ, քաղաք մտնենք եւ 100 տոկոսով խողովակները փոխենք, մեր ամբողջ վարկային ծրագրերը կբավարարի 1-2 քաղաքների, բայց մենք մի 10 գյուղ ենք անում, որ վիճակը բարելավվի: Հիմա ներքին ցանցերն ենք փոխում, բայց հիմնական ջրատարները, որոնք աղբյուրներից են գալիս, նույն տարիքի են: Մեր մոտ կան ջրատար խողովակաշարեր, որ 1930-ականներին են կառուցվել, բայց դեռ դրանց հերթը չի եկել»,-ասում է Նորի Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է ջրի հետ միջատների, որդերի գալուն, նա չբացառեց, սակայն  3-4 տարի է նման դեպքերի մասին չի լսել: Նորի Գեւորգյանի խոսքերով՝ մեր ջրերը աղբյուրի ջրեր են եւ մարդը կարող է ծորակից ջուրը բացել ու խմել, իսկ քլորացումն էլ կատարվում է բարձր մակարդակով՝ ամբողջը արտասահմանյան սարքավորումներով:

«Հնարավոր է վթար լինի չհասցնենք անմիջապես վերանորոգել եւ անձրեւաջրեր խառնվեն, բայց ջրային որդերի, միջատների մասին խոսակցություններ չեմ լսել»,-նշում է Ն. Գեւորգյանը եւ հավելում, որ «Հայջրմուղկոյուղին» գյուղերին երբեք աչքաթող չի արել, պարզապես ներդրումներն իրականացնում են ըստ առաջնահերթության:

Անդրադառնալով սակագնին, Նորիկ Գեւորգյանը նշեց, որ Հայաստանում ջուրը ամենամատչելի գին ունեցող ապրանքներից է. «Մեր ջուրը լավ ջուր է, աշխարհի ամենալավ ջրերից է եւ թանկ չի:  Խանութից, որ կես լիտրանոց ջուր եք գնում, վճարում եք այնքան, որքան մեր 1000 լիտր ջրի համար, ո՞նց կարելի է ասել, որ մեր ջուրը թանկ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter