HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հովունի համայնքի ղեկավարը մեղադրվում է բյուջեից գումարներ յուրացնելու մեջ

Շիրակի մարզի Հովունի գյուղի համայնքապետ Թելման Միրիջանյանը շուրջ 10 ամիս կալանավորված է մոտ 10 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով: Հովունեցիները խուսափում են խոսել այդ մասին՝ պատճառաբանելով, թե իրենց համայնքապետի մեղքը հաստատված չէ, գործը նախաքննության փուլում է:

Ըստ նախնական տեղեկությունների, Հովունին 1996թ.-ից ղեկավարած Թելման Միրիջանյանը բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողի հարկ  է գանձել, սակայն չի մուտքագրել համայնքային բյուջե, կեղծ փաստաթղթերի միջոցով էլ 6 մլն 200 հազար դրամ է յուրացրել համայնքապետարանի դրամարկղից: Ավելի քան 17 տարի Հովունին ղեկավարած Թ. Միրիջանյանը ձերբակալվել է 2013թ. հունիսի 6-ին, գործի քննությունը հանձնվել է ոստիկանության Ախուրյանի բաժնին:

Համայնքապետի տեղակալ, 2013թ. հունիսից Հովունու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մանուկյանն այս առնչությամբ կցկտուր պատասխաններ է տալիս: Ասում է, որ Թ. Միրիջանյանի մեղադրանքը հնարավոր է չհաստատվի, դրա համար էլ չի ուզում վաղօրոք ինչ որ բան ասել, մանավանդ, որ շատ բան չգիտի: «Ես ընդամենը երկու ամիս էր, ինչ նշանակվել էի համայնքապետի տեղակալ, որ դեպքը եղավ: Հատուկ քննչական ծառայությունից էին եկել գյուղ, իրանք են ստուգումներ արել, հետո էլ ձերբակալեցին Միրիջանյանին՝ գումարների յուրացման մեղադրանքով: Էս վերջերս էլ պարզվեց, որ համայնքի վրա հավելագրում կա՝ հողատեսքերի ու գումարների տեսքով: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 32 մլն դրամի ապառք ունենք»,- ասում է Տիգրան Մանուկյանը:

Համայնքապետի ձերբակալությունից հետո արված ուսումնասիրությունների արդյունքում բավականին հետաքրքիր բացահայտումներ են եղել: Պարզվել է, որ հովունցիներից շատերը 50-100 հազար դրամի պարտք են կուտակել գոյություն չունեցող հողերի համար հարկեր չվճարելու պատճառով: Սրա արդյունքում էլ հենց գոյացել է 32 մլն դրամի պարտքը: Խնդիրն իր իսկ օրինակի վրա բացատրում է համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արմեն Իգիթյանը:

«Իմ հողաբաժինը 1 հա 4 հազար մետր է: Ես մշտապես պարտաճանաչորեն մուծումներ կատարել եմ: Բայց հմի պարզել եմ, որ իմ վրա կա ավել գրած հող, այսինքն հողս սարքել են 2 հա, գումարս ավելացրել են ու վրես դրել 100 հազար դրամի պարտք: Այսինքն, ստացվում է էնպես, որ ես 10 տարի շարունակ 7 հազար դրամով պակաս եմ մուծել, վրան օրական աշխատել է տույժ ու տուգանք 0,15 տոկոս ու հիմի մի կլորիկ գումար պարտք կա գրած անվանս դիմաց: Էդ պարտքը գոյացել է էն հավելյալ մետրերի համար, որը ես չունեմ»,- ասում է Արմեն Իգիթյանը:

Ըստ զրուցակցիս, ստեղծված խառնաշփոթում իր մեղավորության բաժինն ունի նաեւ Ախուրյանի կադաստրը՝ կատարել է հողատեսքերի հավելագրում 80 հա-ի չափով: Սակայն սա միայն ենթադրություն է: Նախաքննությունը դեռ պիտի պարզի, թե համայնքի բազայում եղած հավելագրումները ոչ միայն համայնքում ապրող, այլեւ բացակա եւ մահացած մարդկանց անվան դիմաց ինչպե՞ս է հայտնվել, ու՞մ մեղքով եւ ո՞ր թվականից: Համայնքապետարանի աշխատակիցների կարծիքով` խառնաշփոթի սկիզբը դրվել է 8 տարի առաջ, երբ կատարվել են չափագրումներ եւ հովունցիներին տրվել են հողի սեփականության նոր վկայականներ:

«Սա մենք ենթադրում ենք, բայց փաստն էն է, որ կադաստրը պապիս պատկանող 5000 մետր հողը մի հատ գրել է իրա անունով, մի հատ էլ գրել է պապիս տանը գրանցված հորքուրիս անունով, մի հատ էլ հորս անունով: Եղա՞վ հեկտար ու կես տնամերձ, բայց տնամերձի էդպիսի չափ գոյություն չունի: Էսօր հորս վրա եկել է 400 հազար դրամ հողի հարկ, որն աբսուրդ է»,- նեղսրտում է Արմեն Իգիթյանը:

Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մանուկյանը դժվարանում է խոսել համայնքում իրականացված եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերից: Անցած տարի ոչ մի ծրագիր Հովունիում չի իրականացվել: «Ժամանակ չունեինք: Հուլիս ամսից մինչեւ դեկտեմբեր կամ մենք էինք ոստիկանություն գնում գալիս, կամ իրանք էին գալիս գյուղ,- ասում է Տիգրան Մանուկյանը,- դրան գումարած սեփական եկամուտների մասով չկարողացանք նորմալ հավաքագրում իրականացնել, ընդամենը 60%»:

800 բնակիչ ունեցող Հովունիում սեփական եկամուտների հավաքագրումը միշտ էլ խնդրահարույց է եղել ու դա համայնքապետարանում չթաքցրին: Մոտ 5 մլն դրամ սեփական եկամուտի եւ 6 մլն դրամ էլ պետական աջակցության պայմաններում գյուղի համար կենսական անհրաժեշտության որեւէ ծրագրի իրականացումն առնվազն ֆանտաստիկայի ժանրից է:

Տիգրան Մանուկյանը հիշում է, որ Կարիտասի աջակցությամբ խմելու ջրագծի անցկացման ծրագիր են իրականացրել, «Վոլդ վիժն» կազմակերպության տրամադրած գումարներով համայնքում երկու կանգառ եւ մեկ խաղահրապարակ տեղադրել: Սեփական եկամուտների հաշվին, մոտ 700 հազար դրամի սահմաններում գյուղում 17 կետ գիշերային լուսավորության նոր ցանց է անցկացվել: «Էնպես չի, որ մեր գյուղապետը ծրագրեր չի արել, ուղղակի չգիտես ինչու այդ գումարների մուտքն ու ելքը ցույց տված չէ: Չկա ոչ մի հատ չեկ, ոչ մի հատ պամանագիր, որը կապացուցեր արված ծախսը: Հիմի ոստիկանությունում էդ հարցերն էլ են պարզում»,- նշում է Տիգրան Մանուկյանը:

Հովունցիների համար կեսական անհրաժեշտություն է դարձել Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհից դեպի գյուղ եկող 4,5 կմ հատվածի նորոգումը: Խնդրի հետ կապված Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացնում է, որ այն լուծում կստանա այս տարի: Մայիսյանից Հովունի տանող ճանապարահատվածը վերականգնվելու է ավազակոպճային եղանակով, նախագծա-նախահաշվային աշխատանքներն արդեն պատվիրված են, երբ մրցույթի արդյունքում հստակեցվի շինարարական կազմակերպությունը, այդ ժամանակ էլ կսկսեն աշխատանքները:

Համայնքին պատկանող 405 հա սեփականաշնորհած վարելահողերը ջրովի, թե անջրդի, բոլորն էլ մշակվում է, սակայն ամեն տարի կրկնվող կարկտահարությունն ազդում է բերքատվության վրա: Հովունիի համար հաջորդ մեծ խնդիրը հակակարկտային կայանների բացակայությունն է: «Մեր հողերը կարկուտի բերան են, չկա մի տարի, որ կարկուտը բերքը չտանի: Մայիսյան գյուղի մոտ ընդամենը մեկ կայան կա, բայց դա մեզ շատ քիչ է օգուտ տալիս: Անցած տարի 5 հա ցորեն ցանել, մեկ հա-ից եմ բերք հավաքել»,- ասում է համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արմեն Իգիթյանը:

Գյուղի բնակիչների 90%-ը վարկառու են: Բանկային կարուսելից օգտվում են գրեթե բոլորը: Չկա մեկը, որ միայն մեկ բանկային կազմակերպության վարկառու համարվի ու դա լավ օրից չէ, բողոքում են հովունցիները: «Ես օրինակ հինգ բանկային կազմակերպությունից վարկ ունեմ վերցրած, մեկից կվերցնեմ մյուսի վարկը կփակեմ: Մեր գյուղացիք կըսեն` «Ֆինկեն» հագել, նստել ենք «Կամուրջին», կսպասենք «Արեգակին»,- բանկերի անվանումներով բառախաղն է ծիծաղելով կրկնում Ա. Իգիթյանը:

Համայնքների վարչատարածքների վերաձեւման «սարսափը» հովունցիներին էլ է պատել: Գյուղացիների սեփականություն հանդիսացող 320 հա հողը կառավարության որոշումով միավորվելու է հարեւան Մայիսյան գյուղի հողատարածքներին: «Փոխանակ նրանցից մեզ սահմանակից 30 հա-ը միացնեն մեր գյուղին, մեր 320 հա-ն են ուզում տալ Մայիսյանին: Առանց այդ էլ գյուղը սուղ բյուջե ունի: Էնքան գումար չենք կարողանում հավաքագրել, որ գյուղի փողոցները ինչ որ չափով կարողանանք կարգի գցել, մի գործ ավել անենք, հիմա էլ էդ որոշումով հովունցիները հարկատու են դառնում Մայիսյանին: Ստացվում է, շատը` շատին»,-ասում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մանուկյանը:

Հովունիից անցած 5 տարիներին ընդմիշտ հեռացել է 20 ընտանիք: Գյուղում պակասել է նաեւ ծնելիությունը: Տարեկան ծնվում է 3-4 երեխա: Գյուղի միջնակարգ դպրոց հաճախում է 67, իսկ նախակրթարան՝ 15 երեխա:

«Մեր գյուղի տարածքում գործող կառույց չկա: Մայիսյանին պատկանող հողատարածքներում կա կազինո, գազազալցակայան, 2 հատ ռեստորան, խանութներ, որոնք հարկատու են: Հովունի մի հատ խանութ կա, 20 հազար դրամ հարկ կուտա, էդ է,- ասում է համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արմեն Իգիթյանը,- մեկ էլ մի հատ թռչնաբուծարան ունենք, որը չի գործում: Մի երեք տարի առաջ էր, անհատ գործարար էր, եկավ, բավական ներդրում արեց, բայց ընդամենը երկու ամիս աշխատեց, ձվի գինն իջեցրին 20 դրամ, էդ մարդը բանկրոտ գնաց: Եթե կարողանանք ներդրող գտնենք, թռչնաբուծարանը ոտքի կանգնեցնեն, մեր գյուղն էլ կշահի: Թե չէ, շատ հեշտ է վերցնել ու 320 հա-ը տալ հարեւան ավելի հարուստ գյուղին: Բա մենք ու՞մ կամ ինչի հույսով գյուղը պահենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter