HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մհեկ ալ կնանիքն են Ռուսաստանի ճընապան փըռնում»

Հին հումոր կա Խոտ գյուղի բնակաիչների մասին. եթե օրվա մեջ խոտցին դրսից ոչինչ տուն չի բերում, ինչ-որ իր մի սենյակից մյուսն է տեղափոխում: «Մհեկ  էն գյուղան պան չի մնացալ, գործի տեղ չկա, քանի կար, ջահել տղամարդիկ  էին Ռուսաստանի ճընապան փըռնում, մհեկ ալ  կնանիքն են սկսալ, կանչում են, տանում, վեր ռուսների հետի ճաշ էփեն, լավաշ թխեն: Այ քեզ ղեկավար, տեսնո՞ւմ ես, Պուտինը հայերին հետի հինչ ա անում, հափռին մեջին յուղուծու ա անում, վեր հայերը լավ ապրեն Ռուսաստանում»,- ասում է Վանիկ Ստեփանյանը, նկատի ունենալով  այլազգիների համար ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին ՌԴ նախագահի ստորագրած օրենքը:

Նրա կարծիքը կիսում է նաեւ Միշա Հովսեփյանը, ասելով, որ իր կնոջն էլ են կանչել Ռուսաստանի բարեկամները, որ գնա մի ռեստորանում ճաշ եփի, բայց «պասպորտ չունի, զագրանի հետի ալ 25 հազար պետի տան»:

Նախկինում Խոտ գյուղն իսկապես տարածաշրջանի հարուստ տնտեսություններից մեկն էր, մանավանդ  գյուղի տարածքում կառուցված Գորիսի օդանավակայանի հետ մարդիկ մեծ հույսեր էին կապում, որ տնտեսությունն էլ ավելի կզարգանա: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնցից ամենակարեւորը ճանապարհների բարեկարգումն էր: Վերջինս, սակայն այսօր Խոտի ամենակարեւոր խնդիրն է համարվում, որն, ինչպես համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանն է նշում, համայնքի վերջին մի քանի քառամյա ծրագրերում «առաջին պատվավոր տեղն է զբաղեցնում»:

Գյուղից դեպի Տաթեւ տանող գլխավոր մայրուղի ընկած 2 կմ երկարությամբ ճանապարհի բարեկարգման, ասֆալտապատման համար, ըստ համայնքապետի, 200 մլն դրամ է անհրաժեշտ: «Երկու տարի առաջ պետբյուջեի միջոցներով հարթեցրին, բայց չասֆալտապատվեց, արդեն գրեթե անանցանելի է դարձել»,- նշում է համայնքի ղեկավարը:  Նրա խոսքով,  եթե միջազգային կամ տեղական որեւէ դոնոր հանձն առնի ճանապարհի ասֆալտապատման գործը, իրենք անհրաժեշտ չափով ներդրումը կապահովեն: «Կարող է զարմանալի թվալ, բայց բյուջեով մոտ 20 մլն դրամ խնայած գումար ունենք, որից 6 մլն-ը երկու տարում խնայել ենք, վարչականից` ֆոնդային  բյուջե տեղափոխել, եւս 12,8 մլն դրամի եկամուտ ապահովվել է հողի օտարումից: Շվեյցարական զարգացման գործակալությունը համայնքի տարածքում անասնապահական եւ գյուղատնտեսական պարագաների ցուցադրության եւ վաճառքի համալիր է կառուցում, որը շահագորման կհանձնվի հոկտեմբերին:

Մինչեւ այժմ համայնքային բյուջեի եկամուտներն ապահովվում են նաեւ «Որոտան» հէկ-ի վարձակալած 27 հա արտադրական նշանակության հողի դիմաց տրվող տարեկան 120 հազար դրամ վարձավճարի եւ 25 հազար դրամ գույքահարկի վճարումներով: Համայնքապետի ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` «Որոտան» հէկ-ի սեփականատերերը ցանկություն են հայտնել 120 մլն դրամով գնել զբաղեցրած հողատարածքը: «Գործարքը եթե հաջողվի, ապա ստացված միջոցները կուղղվեն կամ ճանապարհի բարեկարգմանը, կամ գյուղի մշակույթի տան վերանորոգմանն ու կահավորմանը»,- նշում է համայնքի ղեկավարը:

Համայնքային բյուջեն նոր միջոցներով համալրելու հնարավորություններից մեկը գյուղի կենտրոնում գտնվող մանկապարտեզի կիսակառույցի օտարումն է, որի շինարարական աշխատանքներն սկսվել են դեռեւս 90-ականներին եւ անավարտ մնացել: Կիսակառույցի համար համայնքային իշխանությունը դիմել է բազմաթիվ պաշտոնյաների, խորհուրդ են տվել օտարել, բայց ինչպես համայնքի ղեկավարն է ասում,  ափսոսում են: «Տարին կլոր մեր գյուղի մանկապարտեզը գործում է, որտեղ 25 երեխա է հաճախում, հարմարեցված շենք է, բայց պայմանները վատը չեն, Վորլդ-Վիժնն օգնում է գույքով, խաղալիքներով»,- տեղեկացնում է համայնքապետը:

Միջհամայնքային ճանապարհից բացի, Խոտի համար կենսական նշանակություն ունի նաեւ խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի կառուցումը: Չնայած խմելու ջրամատակարարման ներքին ցանցը պատկանում է համայնքին եւ սեփական միջոցներով են իրականացնում նաեւ կարգավորման, վերանորոգման բոլոր աշխատանքները, այնուամենայնիվ, խմելու ջրի վարձավճարները գանձում է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը: Վերջինիս առաջարկել են ջրամատակարարման ներքին ցանցն ընդունել իրենց հաշվեկշիռ, խոստացել են ընդունել, սակայն ժամկետները չեն հստակեցրել:

Մինչեւ «Տաթեւեր» ճոպանուղու կառուցումը, Խոտում եւս հույսեր էին կապում, որ զբոսաշրջությության ազդեցությունը նկատելի կլինի նաեւ իրենց համայնքում, սակայն, գյուղում դեռեւս նվազագույն պայմաններ անգամ չկան գբոսաշրջիկներին գրավելու համար: Մինչդեռ, համայնքի տարածքում պատմամշակութային նշանավոր կոթողներ կան, որոնք ըստ արժանվույն ներկայացնելու դեպքում կարող են գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, ինչպես օրինակ, 5-6-րդ դարերի եկեղեցիներ,

մ.թ.ա. 2-1 դար թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված է Կարմիր եկեղեցու (12-րդ դար) ավերակները։

Խոտում նաեւ թերահավատ են, որ համայնքների խոշորացումը դրական ազդեցություն կարող է ունենալ մարդկանց բարեկեցության ապահովման վրա: Մարտիրոս Գրիգորյանի կարծիքով համայնքների խոշորացման գործընթացը ժամանակավրեպ է այն առումով, որ հայեցակարգում ներկայացված այլ երկրների համայնքների օրինակները վերաբերում են այնպիսի համայնքների, որոնք անհամեմատ քիչ խնդիրներ ունեն, տնտեսական զարգացման առումով եւս համեմատելի չեն Հայաստանի բնակավայրերին: «Համայնքների խոշորացումը կարող է շահեկան լինել միայն միավորված համայնքների կենտրոնի համար»,- ասում է նա եւ շեշտում, որ այսօր տեղական բազմաթիվ խնդիրներ լուծվում են համայնքային իշխանության աշխատակազմի անհատական ջանքերով: «Այն հանգամանքը, որ վերջին տարիներին մեզ հաջողվում է ժամանակին հավաքագրել հողի հարկն ու գույքահարկը, եւս մեր աշխատանքի շնորհիվ է, մենք առանձին-առանձին այցելում ենք մարդկանց տներ, բացատրական աշխատանք տանում, ինչը խոշորացման դեպքում չի արվելու»,- համոզված է համայնքի ղեկավարը:

Այն, որ Խոտի համայնքում զգալի աշխատանք է տարվում համայնքային բյուջեի եկամուտների ավելացման ուղղությամբ, կակասկած չի հարուցում: Ավելին, բյուջեում պահուստային միջոցները տարեցտարի ավելանում են, սակայն զարմանալի է,  որ դրանք թեկուզ փոքր ծրագրերի միջոցով չեն ուղղվում համայնքային խնդիրների լուծմանը: Այդ դեպքում գուցե կրճատվեին օրեցօր ավելացող արտագաղթի մասին մարդկանց մտագությունները, որն իր չափերով, ըստ էության, Խոտում արդեն գենդերային հավասարության խնդիրը լուծել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter