HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Նոր կառավարությունը հրաժարվում է շքեղության հարկից

Հայաստանն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհրաժարվի շքեղության հարկից: Խոսք է գնում թանկարժեք ավտոմեքենաների ներկրման դեպքում կիրառվող 20% ակցիզային հարկի մասին: Այս հարկը մտցվել է 2012 թ. հունվարի 1-ից՝ 25 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Նոր ակցիզը պայմանականորեն անվանեցին «շքեղության հարկ», թեև շքեղության օբյեկտներն ավելի շատ են: Ի դեպ՝ օրենքի նախնական տարբերակով նախատեսվում էր հարկել նաև շքեղ առանձնատները, խոշոր հողամասերը, թանկարժեք նկարների և քանդակների հավաքածուները և այլն: Սակայն օրենքի վերջնական տարբերակում թողնվեց միայն ներկրվող թանկարժեք ավտոմեքենան:

Կառավարությունը հույս ուներ, որ շքեղության հարկից տարեկան առնվազն 1 մլրդ դրամի եկամուտ կունենա, սակայն սպասելիքները, մեղմ ասած, չարդարացան: Արդեն 9 ամիս անց ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ շքեղության հարկն իրեն չի արդարացնում, ու որ թանկարժեք մեքենա ներկրողները դիմում են խորամանկության՝ ժամանակավորապես վերարտահանելով մեքենան:

Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանը 2013 թ. ներկրել է 1332 հատ 30 հազ. դոլարից ավելի արժողության մեքենա (ավելի թանկարժեք մեքենաների վիճակագրություն չի տրվում), 2012 թ. այդ թիվը կազմում էր 1567: Ռեկորդը գրանցվել է 2008 թ.՝ 2665 հատ: Սակայն 25 մլն դրամից (մոտ 70 հազ. դոլար) թանկ մեքենաների թիվն այնքան փոքր է, որ բյուջեն գործնականում ոչինչ չի հաշել:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանը, Հովհաննես Սոֆոյանը, Արմեն Մխիթարյանը և Միքայել Մելքումյանն առաջարկել են օրենսդրական նախագիծ՝ հրաժարվել ներմուծված մարդատար մեքենաների վրա կիրառվող ակցիզից՝ դրա անարդյունավետության պատճառով: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը դրական է վերաբերել Հանրապետական  և ԲՀԿ-ական պատգամավորների այս համատեղ նախաձեռնությանը;  

Սակայն շքեղության հարկից հրաժարվելը հարցի լուծում չէ: Այսպիսի հարկատեսակներ գործում են Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, աշխարհի բազմաթիվ երկրներում: Ռուսաստանում այն կգործի 2015 թ. հունվարի 1-ից, ու կրկին կտարածվի միայն շքեղ ավտոմեքենաների վրա: Սակայն Ռուսաստանի կառավարությունն արդեն իսկ սահմանել է այն ավտոմեքենաների տեսակները, որոնք կհարկվեն բարձր հարկով (ընդ որում՝ ոչ թե ներմուծման, այլ սեփականության պարագայում):

Սակայն նույնիսկ զարգացած երկրներում շքեղության հարկը հարուցում է հարուստ խավի ուժեղ դիմադրությունը: Օրինակ՝ ԱՄՆ-ը 1991 թ. մտցրեց շքեղության հարկ, սակայն մի քանի տարի հետո հրաժարվեց դրանից՝ հարուստ ամերիկացիները պարզապես իրենց նավերը ամրագրում էին Պանամայում ու դադարեցրին թանկարժեք իրեր գնել ԱՄՆ-ում: 2005 թ. վերացրին նույնիսկ թանկ մեքենաների հարկը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012 թ. մտցրեց 75% հարկ՝ 1 մլն եվրոյից ավելի եկամուտների համար: Սա աշխարհում հայտնի ամենածանր հարկն է: Ի նշան բողոքի՝ մի քանի հայտնի մարդիկ հեռացան երկրից, այդ թվում դերասան Ժերար Դեպարդյեն: Սակայն վերջերս Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց հարկը:

Ամենաարտառոց շքեղության հարկը գործում է Թաիլանդում՝ ինտերնետի օգտագործման համար պետք է վճարել ամսական 30 դոլար, քանի որ ինտերնետն այդ երկրում ճոխություն է համարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter