HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անունը՝ փախստական

Սեւան քաղաքի Նալբանդյան 57 հասցեում գտնվող հանրակացարանում արդեն մեկուկես տասնամյակ ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր։

Նրանց այստեղ տեղավորել են ժամանակավոր՝ մինչեւ իրավական ու սոցիալական հարցերին լուծում տալը, բայց այդ ժամանակավորը հանրակացարանի բնակիչների համար երբեմն մի կյանք է տեւում։

1990-ին Բաքվից բռնի տեղահանված Նինա Կադամյանն արդեն ոչ մի հույս չունի, որ երբեւէ կապրի իր առանձին բնակարանում։

« Ո՞վ ա լուծում, ո՞ւմ ա պետք։ Հլը սպասում են, հեսա ստեղ քանիսը մահացան։

Երեւի սպասում են սաղ մահանան-պրծնեն, իրանք էլ ազատվեն մեզանից»,- ասում է տիկին Նինան։

Նա անհանգստանալու հիմքեր ունի, որովհետեւ մեր զրույցից մի քանի օր առաջ Սեւանի հանրակացարանին հրաժեշտ էր տվել փախստական բնակիչներից մեկը՝ 71-ամյա Անյա Եժկովան։ Նրա վերջին լուսանկարը, որ արձանագրել էին Անդրեյ Սախարովի անվան մարդու իրավունքների հիմնադրամի Գավառի մասնաճյուղի աշխատակիցները, վկայում է, որ բնակարանի գնման ուշացած եւ «անճար» սերտիֆիկատներն իրենց նպատակին ծառայելու փոխարեն փախստականներին ուղեկցում են դեպի անծանոթ աշխարհ։

Տիկին Նինան միայնակ է ապրում հանրակացարանի նեղլիկ այս սենյակում։ «Մի սենյակ ա՝ համ ճաշարան ա, համ ննջարան ա, համ զուգարան ա»,- բողոքում է տարեց կինը։

Ձմռանը բնական կարիքները նա հոգում է այս սենյակում, որովհետեւ ցրտերն ընկնելուն պես հանրակացարանի երրորդ հարկի զուգարանը դադարում է գործել։ Իսկ տաք եղանակներին հարկի մեկ ու միակ այդ զուգարանը սպասարկում է մոտ երկու տասնյակ մարդու՝ կանանց, տղամարդկանց, երեխաներին, հիվանդներին ու առողջներին, դեռ չծննդաբերած ու արդեն կրծքի երեխաներ ունեցող մայրերին։

Այս հանրակացարանի բնակիչների մեծամասնությունն ապրել է Ադրբեջանի քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում եւ այլուր, որտեղ 1988-90 թվականներին նրանք ստիպված եղան թողնել հարմարավետ, կահավորված բնակարաններ։ Իրադարձություններն այնքան արագ են զարգացել, որ նրանցից ոչ մեկը չի հասցրել գոնե անհրաժեշտ իրերը վերցնել։

Նինա Կադամյանն ասում է, թե ինքը փախստական է դարձել հաշված րոպեների ընթացքում։ «Աշխատատեղս հեռու չէր տնից։ Ընդմիջմանը գնում էի տուն ճաշելու եւ չհասկացա` ոնց հայտնվեցի մի դահլիճում, որտեղ ինձ նման բազմաթիվ հայեր կային։ Հետո բոլորով հայտնվեցինք լաստանավի վրա։ Լաստանավով Բաքվից հասանք Կրասնովոդսկ, այնտեղից էլ` օդանավով Երեւան»։

Եվգենյա Ասրյանն այստեղ է արդեն 18 տարի։ Ամուսինը մահացել է։ Աշխատանք չգտնելով` որդին մեկնել է Ռուսաստան։ Մի քանի տարի անց որդին էլ է մահացել։ Տիկին Եվգենյան հնարավորություն չի ունեցել մեկնելու որդու թաղմանը, որովհետեւ նրա ստացած նպաստն ու թոշակը հազիվ բավարարում են օրվա կարիքները հոգալուն։

«Մարդ ոնց ապրի, հիմի էլ ոնց հարմարվի։ Ես երեք կոմնատնի (սենյականոց) տուն եմ կորցրել՝ ամեն ինչով։ Եթե մի հատ հարմարություն լիներ, կապրեինք ու կմոռանայինք մեր կորցրածը»,- ասում է նա։

Տիկին Եվգենյայի հարեւանությամբ ապրում է Արամայիս Սահակյանի ընտանիքը։ Նրանք երկու սենյակ են զբաղեցնում, որոնցից մեկը ծառայում է որպես հյուրասենյակ, ննջարան եւ լողարան, իսկ մյուսը՝ պահեստ ու խորդանոց։ Արամայիսն այստեղ ամեն երեկո արեւածաղկի սերմ է բովում, որպեսզի հաջորդ օրը վաճառի Սեւանի շուկայի մոտ։ Նպաստից ու թոշակից բացի սա նրա ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է, ինչով էլ ապրում են ինքը, տղան, հարսն ու նորածին թոռնիկը։ Տղան՝ Սիմոնը, լճափի ռեստորաններից մեկում մատուցող է աշխատում։ Աշխատանքը սեզոնային է, քիչ թե շատ դրամ վաստակում է ամառային հանգստի շրջանում։ Մյուս ամիսներին, կարելի է ասել, գործ չկա։

Արամայիսը մեզ հանդիպած փախստականներից միակն է, ով կարողացել է սերտիֆիկատով բնակարան գնել։ Տունը «Յունոնա» ՍՊԸ-ին պատկանող ինը հարկանի հանրակացարանի վերջին հարկում է։ Շենքում վերելակ չկա, ջուրն իններորդ հարկ չի հասնում, տանիքը նորոգված չէ, եւ անձրեւաջրերն անարգել թափանցում են ներս։ Տունը գնելուց հետո նրանք շարունակում են ապրել նույն հանրակացարանում, որովհետեւ այդ տարածքը բնակելի դարձնելու համար մեծ ծախսեր են պահանջվում։

- Ինչո՞ւ առաք այդ տունը,- հարցնում եմ։ 
- Վախենում էինք, թե սերտիֆիկատը կկորցնենք,- ասում է Սիմոնը։

Նինա Կադամյանն ու Եվգենյա Ասրյանը, չկարողանալով սերտիֆիկատում նշված գումարին (մոտ 1 մլն դրամ) համապատասխան բնակարան գտնել, արդեն կորցրել են տուն ունենալու այդ հնարավորությունը։ «Մեզ բերին, սերտիֆիկատ տվին ձմեռը, երբ ոչ ոք տուն չէր ծախում»,- ասում է Նինա Կադամյանը։ Իսկ Եվգենյա Ասրյանը բողոքում է, որ այդ գումարով բնակարան գնելն անհնար էր։ «Պետք է վրեն մի բան դնեիր, բայց որտեղի՞ց դնեինք, որ էս ա մեր վիճակը։ Էսքան տարի տուն չեն տվել, մեկ էլ տվեցին, ու ոչ մի բան էլ չստացվեց։ Պիտի մտածեն մեզ նմանների մասին, պիտի մտածեն, որ մեր անունը փախստական ա»։

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ իմացանք, որ Նինա Կադամյանը նույնպես մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter