HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիում կայացավ ջահերով երթ

Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ ջահերով երթ՝ նվիրված hայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ և ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Երթի ժամանակ մասնակիցները վանկարկում էին «Ճանաչում-դատապարտում-հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգում էին հայրենասիրական երգեր: Ջահերով երթի ավարտին այն երկրի դեսպանատան առջև, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ ցեզասպանություն, և պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արևմտյան Հայաստանի բռնագրավումը, կայացավ բողոքի ցույց:

Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ ավելի քան հարյուր մասնակից արտահայտեց իր բողոքը 1915-23թթ. հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ և պահանջեց, որ Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար: 

«Այսօր այստեղ հավաքվել են 100-ից ավելի երիտասարդներ, որոնք ոչ միայն գիտեն և հիշում են 99 տարի առաջ կատարված ցեղասպանության մասին, բայց և պատրաստ են ամենօրյա պայքար մղել հանուն արդարադատության վերականգնման: Այստեղ հավաքվել է թբիլիսահայության  հույսը: Հենց դուք պետք է շարունակեք պայքարը, որն անպայման ավարտվելու է մեր հաղթանակով: 99 տարի առաջ Պոլսում թուրք պետությունը գլխատեց մեր ժողովրդին: Անցել է 99 տարի, և մեր ժողովուրդը նորից ծնեց վերնախավի մի ամբողջ սերունդներ: Մեր ազգը, որը վերապրեց այն, ինչ չէր վերապրի մեկ ուրիշը, ոչ միայն գոյատևեց, այլև կարողացավ հավաքել իր ուժերը և Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյամբ վերականգնել իր անկախությունը Արևելյան Հայաստանի փոքր հատվածի վրա: 1915-23թթ. Ցեղասպանությունը հանդուրժած, 1.5 միլիոն որդիներ ու դուստրեր կորցրած ժողովուրդը ծնել է հերոսների սերունդ, որն ազատագրել է Արցախը: Մեր ազգը հերոսների ազգ է: Եվ այսօր, երբ նայում եմ ձեզ, ես պատկերացնում եմ, որ վաղ թե ուշ դուք և ձեր երեխաները կհասնեք արդարության, կհասնեք հանցագործի դատապարտմանը և հատուցմանը: Պայքարի դրոշը, որը կրում էին մեր նախնիները, այսօր ձեր ձեռքերում է, և միմիայն ձեզնից է կախված՝ կհասցնե՞նք, արդյոք, մենք այդ դրոշը մինչ Արարատ, թե՞ ոչ»,-դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց «Վրաստանի  հայ  համայնքի» նախագահ Սամվել Մկրտչյանը: 

«Վրաստանի հայ համայնք»-ի երիտասարդական և ուսանողական միությունների կազմակերպած ջահերով երթին նաև միացան «Թբիլիսահայերի վեհաժողովի» ներկայացուցիչները, ինչպես նաև քահանա տեր Մանուկ Զեյնալյանը: 

Հիշեցնում ենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա բողոքի ցույց Ցեղասպանության ճանաչման պահանջով:

Լուսանկարը՝ Հասմիկ Հռիփսիմե Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter