HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության նենգությունը, կամ ևս մեկ թալակ վարորդների համար

Բագրատ Խաչատրյան  

Նախորդ հոդվածներիցս մեկում անդրադարձել էի Ճանապարհային ոստիկանության խեղաթյուրող եղանակով նկարահանումներին և տեսողական խաբկանքների կիրառմամբ վարչական տույժեր նշանակելու հարցին: Նշել էի, որ նույն հոդվածի մեկնաբանություններ բաժնում կտեղեկացնեմ ՃՈ-ն 23.04.2012թ. №1200041131 որոշումն առ ոչինչ ճանաչելուն ուղղված գործընթացին:

Սակայն տպավորություններն օրեր առաջ կայացած դատական նիստից այնքան վառ էին և անսպասելի, որ նախընտրեցի Ճանապարհային ոստիկանության հանդգնությունը ներկայացնել հանրությանը առանձին հոդվածով:

Հիշեցնեմ, որ 2012 թվականի մայիսի 8-ին ինձ հանձնված Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԽԱ կենտրոնի տեսուչ Արմեն Բաբայանի կայացրած որոշումը բաղկացած էր շատերիս քաջ ծանոթ 4 կետերից`

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 27-րդ մասի համաձայն, ԲԱԳՐԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ին տուգանել 3000 դրամ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հանձնելու օրվան հաջորդող օրը:
  3. Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարման հաշվեհամարն է` 900013150058:
  4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Ճանապարհային ոստիկանության պետին` որոշումն ստանալու օրվանից հետո 10 օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Մի պահ մոռանանք, որ որոշումը կազմված էր թերի, որ առ այսօր չգիտեմ, թե ինչ իրավախախտում է ինձ վերագրվում, մոռանանք, որ որոշմանը կցված նկարը և տեսանյութը խեղաթյուրված էին և չէին արտահայտում իրողության պատկերը, ուղղակի հետևենք իմ կողմից կատարված քայլերին:

Որոշումն ստանալուց 10-օր անց ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկի  №43 մասնաճյուղում իմ անունից կատարվել է 3200 դրամի վճարում, որից 3000 դրամը ՃՈ-ն կողմից նշված հաշվեհամարին: Սույն գործարքի վերաբերյալ մասնաճյուղը տրամադրել է համապատասխան անդորրագիր(տես` լուսանկարը):

 

Իմ կարծիքով հենց այս անդորրագիրն էր հանդիսանում Ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված տուգանքի վճարումն պատշաճ կատարելու փաստը հավաստող փաստաթուղթ: Այս նույն անդորրագրի պատճենն էի ներկայացրել դատարան: Սակայն, երբ դատարանը 2014 թվականի ապրիլի 18-ին կայացած նախնական նիստին, վկայակոչելով իմ կողմից ներկայացված անդորրագիրը, հարց ուղղեց Ճանապարհային ոստիկանության շահերը ներկայացնող Հայկ Վարդանյանին` «Դուք շարունակո՞ւմ եք պնդել նշանակված տուգանքի հնգապատկվելու կապակցությամբ»: Ապա պատասխանը եղավ` «Այո, պնդում եմ, քանի որ անդորրագրում նշված չէ, թե կոնկրետ որ որոշման հիմքով է Բագրատ Խաչատրյանի կողմից կատարվել վճարումը»:

Ինձ զարմացրեց իրադարձությունների նման զարգացումը: Դեռ կարելի է հասկանալ, որ Ճանապարհային ոստիկանությունն ինչ-ինչ պատճառներով դժվարանում է համադրել նույն անձի կողմից կատարված մի քանի իրավախախտումների դիմաց կատարված վճարումները, թե որ վճարումը որ իրավախախտման դիմաց է, բայց երբ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը քաջ տեղյակ լինելով, որ իմ նկատմամբ մինչև վճարումն կատարելու օրը որևէ այլ վարչական տույժ չի նշանակվել, և տեսնելով, որ «կատարված» խախտումը տեղի է ունեցել 17.04.2012թ., ՃՈ-ը №1200041131 որոշումն կայացրել է 23.04.2012թ., այն հանձնվել է ինձ 08.05.2012թ., իսկ իմ կողմից տուգանքի գումարը փոխանցվել է գանձապետարան 18.05.2012թ,. շարունակում է պահանջ ներկայացնել 15000 դրամ բռնագանձելու վերաբերյալ, ապա սա արդեն, մեղմն ասած…  նման արարքը որակավորող բառերի ընտրությունը թողնեմ Ձեր հայեցողությանը:

Մինչև հիմա ուղեղումս չի տեղավորվում, թե ո՞նց կարելի է տուգանքի դիմաց վճարումը կատարած մարդուց պահանջել կատարել նաև հնգապատիկ վճարում: Դատարանին խնդրեցի հաշվի առնել, որ մինչև 2012 թվականի մայիսի 18-ը, բացի Ճանապարհային ոստիկանության 23.04.2012թ. №1200041131 որոշումից, ես այլ որոշումներ չեմ ստացել, և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ չեմ կատարել: Ուստի, ուրիշ առիթ չեմ ունեցել Ճանապարհային ոստիկանության հաշվեհամարին գումար փոխանցելու: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը առարկեց, ասելով, թե իբր իմ հավաստիացումները և ներկայացրած փաստաթղթերը չեն վկայում, որ 2012 թվականի մայիսի 18-ի վճարումն իրոք կատարվել է  №1200041131 որոշման կապակցությամբ և առաջարկեց, որպեսզի ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկից տեղեկանք բերեմ, թե երկու տարի առաջ ինչի դիմաց են ինձանից գումար ընդունել: Դատարանը Ճանապարհային ոստիկանությանը պարտադրեց ներկայացնել տեղեկանք 2012 թվականի մայիսի 18-ին վճարված գումարը 900013150058 հաշվեհամարին մուտքագրվելու վերաբերյալ և սրանով նախնական դատական նիստն ավարտվեց:

Կրկնում եմ, մի կողմ թողնենք Ճանապարհային ոստիկանության 23.04.2012թ. №1200041131 որոշման իրավական էականությունը, մի կողմ թողնենք, որ իմ կողմից այն առ ոչինչ ճանաչվելու պահանջ է ներկայացվել, ուղղակի փորձենք հասկանալ, թե որքանով է իրավաչափ հայցվորի ներկայացուցիչ Հայկ Վարդանյանի դիրքորոշումն Ճանապարհային ոստիկանության որոշման համարը անդորրագրում պարտադիր նշված լինելու վերաբերյալ: Որպեսզի հազարավոր վարորդներ զերծ մնան Ճանապարհային ոստիկանության «հնարամիտ» թալակից, մանրամասն ներկայացնեմ, թե Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության որ դրույթներին է նրա պահանջը հակասում` 

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

Հոդված 5. ՁևԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Հոդված 10.  ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

Այսինքն, տուգանքի չափի հնգապատկմանն անդրադառնալիս վարչական մարմինը պետք է ՉԱԼԱՐԵՐ ու քննարկման առարկա դարձներ` ֆինանսական ստորաբաժանումից պարզեր, նման վճարման լինել-չլինելու հարցը և, առաջնորդվելով նույն օրենքի 10-րդ հոդվածով, այդ ժամանակ քննության բազմակողմանիությունը ապահովելու նպատակով կարող էր նույնիսկ տեղեկություններ և պարզաբանումներ պահանջել ինձանից, կամ գումարը ընդունող կազմակերպությունից:

Ասածիս ավելացնեմ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 305-րդ հոդվածի (Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը) 7-րդ պարբերության դրույթը, այն է` Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է կենտրոնական գանձապետարան, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:

Հիշեցնեմ, որ 23.04.2012թ. №1200041131 որոշմամբ նշանակված տուգանքի գումարը օրենքով նախատեսած ժամկետներում իմ կողմից փոխանցվել էր կենտրոնական գանձապետարան, Ճանապարհային ոստիկանության կողմից նշված հաշվեհամարին` սրանով իսկ կատարել եմ իմ վրա դրված պարտականությունը: Ինչ վերաբերվում է անդորրագրում վարչական ակտի համարը նշելուն, ապա նման պարտականություն որևէ օրենքով ինձ վրա դրված չէ: Սույն գործողությունը կոչված է օգնել Ճանապարհային ոստիկանությանը համադրել իրավախախտումները և կատարված վճարումները:

Նույն Ճանապարհային ոստիկանությունը կարող է միայն խնդրել ինձ (կամ գումարը ընդունող կազմակերպությանը) նպաստել իր մոտ կատարվող հաշվառման գործընթացի հեշտացմանը, և ոչ ավելին: Բացի այդ, իմ անունից փոխանցված գումարը շուրջ երկու տարի տնօրինվում է Ճանապարհային ոստիկանության կողմից, և եթե նա իրոք համարում է, որ այն ՃԵԿ-ի խախտման համար չէ փոխանցվել, ապա ինչո՞ւ հետ չի ուղարկել, կամ ինչո՞ւ չի ահազանգել «սխալ» կատարված դրամական փոխանցման կապակցությամբ: Չէ որ Ճանապարհային ոստիկանությանը հստակ հայտնի էր թե՛ իմ հասցեն, թե՛ հեռախոսահամարները, թե՛ ում անունից էր կատարվել վճարումն, այսինքն նա նախընտրել է անհիմն հարստանա՞լ:

Հարցը դիտենք այլ տեսանկյունից, անդորրագրում որոշման համարի նշված լինելը կամ բացակայությունը չի կարելի որակավորել որպես բարենպաստ կամ ոչ բարենպաստ փաստական հանգամանք, այսինքն` ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-րդ հոդվածը (Ապացուցման պարտականությունը բաշխելը) չի կարելի կիրառել անդորրագրում վարչական տույժ նշանակելու մասին որոշման համարի բացակայության փաստի նկատմամբ: Մյուս կողմից, լիովին կարելի է կիրառել նույն օրենքի 5-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսվածը: Ինչ վերաբերվում է դատավարության փուլին, ապա ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29-րդ հոդվածի (Ապացուցման բեռը) 2-րդ մասով նախատեսված է հետևյալը` վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

Ընդհանրացնենք հոդվածը և դրանով իսկ վիժեցնենք Ճանապարհային ոստիկանության հերթական անպատվաբեր և նենգ մտահաղացումն` եթե կատարել եք վարչական ակտով նշանակված տուգանքի վճարումն օրենքով սահմանված ժամկետում (խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում), ապա Ձեր վրա  դրված պարտականությունը համարվում է կատարված, անգամ եթե վճարման անդորրագրում նշված չէ, թե կոնկրետ որ որոշման հիմքով եք վճարումն կատարել: Այսինքն` ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և նրանց դիմաց կատարված վճարումների հաշվառման և միմյանց համադրելու բեռը ՀՀ օրենսդրությամբ դրված է վարչական մարմնի վրա, և ոչ թե խախտողի: Ավաղ, դե ֆակտո կատարվում է հակառակը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ս.թ. հուլիսի 11-ին, կախված հետագա զարգացման հետաքրքրությունից, տեղեկություններ կներկայացնեմ կամ այս հոդվածի մեկնաբանություններում կամ առանձին հոդվածով: 

23.04.2014

Մեկնաբանություններ (2)

Փաստաբան
Հարգելի Բագրատ, Ձեր ներկայացրած օրինակը պետական ծառայողի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահման սովորական օրինակ է. ՃՈ ծառայության ներկայացուցիչը, որպես պետական ծառայող, իրավունք չունի պահանջելու, որ Դուք վկայակոչեք կամ ներկայացնեք` Ձեր վճարման հիմք հանդիսացող ինչ-ոչ որոշում: Դատարանում` նրա գործողությունների և հայտարարությունների համար, համապատասխան հայտարարության դեպքում, Հատուկ Քննչական Ծառայությունը կարող է համապատասխան վարույթ սկսել: Բացի դրանից, մենք` Ձեզ հետ միասին, վճարում ենք հարկեր, որ պետական ծառայող կամ ոստիկան Հայկ Վարդանյանը ստանա աշխատավարձ և ունենա համապատասպան աշխատանքային պայմաններ` իր պարտականությունները կատարելու համար:
es ostikan
Այդպիսի 2 հատ կայֆոտ, հնգապատիկ երկու տարվա վաղեմության նամակ էլ ես ունեմ, ստորագրված ՀՀ ՃՈ ,,ՁՎԻՑ ՄԱԶ ԽՈՒԶՈՂ ,, վարչական ԱՆգործունեության բաժանմունքի պետ՝ ....Գ. Թանգիյանից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter