HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն կվերականգնի շնողցիների նախկին պտղատու այգիները

Էմմա Պետրոսյան

Լոռու մարզի ցածրադիր գոտում գտնվող Շնող գյուղի կլիման բարենպաստ է հատկապես այգեգործության համար: Խորհրդային տարիներին Շնողում արտադրվում էր մինչեւ 4000տ պտուղ, հատկապես՝ դեղձ, որը վաճառվում էր Խորհրդային միության խոշոր քաղաքներում: Խորհրդային տարիներին եղած շուրջ 500 հա այգիների չնչին մասն է պահպանվել այժմ` մոտ 10%-ը, այն էլ` ծերացած ու շարքից դուրս եկած: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այստեղ մասսայական այգեհատումներ եղան: Այգիները նախկինում ոռոգվել են «Այրում-Շնող» ջրատարի ոռոգման ջրով: Շնողի նախկին համայնքապետ Հայկազ Քոչինյանը, ով նաեւ «Շնողէներգո»ՍՊԸ-ի բաժնետերն է, հէկ կառուցելու նպատակով «Խմհատ» հանդամասի ոռոգման ջրի 500 գծամետր խողովակաշարը վաճառել է «Շնող» ՍՊԸ-ին`գյուղացիներին զրկելով այգիները ոռոգելու հնարավորությունից: Վերջինիս հետ կապված ներկայումս քրեական գործ է հարուցված նախկին համայնքապետի դեմ:

Նախկին պտղատու այգիների տարածքն այժմ գրեթե ամբողջությամբ վերածվել է արոտավայրի: Այնտեղ իրենց անասուններն են արածեցնում Շնողի եւ հարեւան Արճիս գյուղի անասնապահները: Արոտավայրի մի հատվածում նրանք են իրենց անասունների հետ, մյուս մասում` տարվա այս սեզոնին բնության բարիքները հավաքող կանայք: Բոլորն իրար ճանաչում են եւ օգնում անասուններին հետեւելու հարցում:

Շնողցի Վազգեն Ամիրջանյանն այս արոտավայրեր իր անասուններին առաջին անգամը չէ, որ բերում է: Տարվա այս սեզոնին անասուններին արդեն սար տարած պիտի լինեին, բայց քանի որ եղանակային պայմանները լավը չեն՝ անասնապահները դեռեւս մնացել են գյուղում: «Էս արոտավայրի տերերը որ գան տենան իրանց խոտհարքումը մեր ապրանքն ըրածում ա, կնեղվեն: Նա էս խոտհարքով, էս հողովն ա ապրում, մենք էլ ապրանք ենք պհում, մեր ապրանքովն ենք ապրում: Դե, անասնապահությունն ավելի եկամտաբեր կլիներ, եթե միսը կարողանայինք մեր ուզած գնավ իրացնենք, բայց քանի որ չենք կարում, ավելի լավ կլիներ, որ այգեգործությամբ զբաղվեինք»,- ասում է Վազգենը:

Հողատարածքներ չունենալու եւ ոռոգման ջրի բացակայության պատճառով շնողցիների մեծ մասն անասնապահությամբ է զբաղվում: «Բա որ ջուր չունենք, ի՞նչ անենք, ինչն ա շահութաբեր, որ անասնապահությունն էլ շահութաբեր լինի: Ստեղի նախկին այգիները, եթե վերականգնվեն՝ կսկսենք այգեգործությամբ զբաղվել»,- ասում է Վազգեն Ամիրջանյանը:

Նախկին պտղատու այգիները վերականգնելու փորձեր արդեն արվում են: Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանն ասում է, որ դրա հետ կապված պայմանավորվածություններ ունեն «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ: ««Թեղուտ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է հիմնականում անտառային տարածքներում, ըստ կառավարության որոշման, նրանք պարտավոր են իրենց հատած յուրաքանչյուր 1 հա-ի դիմաց 2 հա նոր անտառ հիմնել, բայց մենք ազատ տարածքներ չունենք, որ անտառապատման համար տրամադրենք: Քանի որ առաջնայնությունը տրվում է Շնող, Թեղուտ համայնքներին, եթե մենք հողատարածքով չենք կարողանում ապահովել, ապա իրենք դա իրականացնում են հանրապետության այլ վայրերում: Թեղուտեցիների եւ համապատասխան կառույցների հետ բանակցության արդյունքում եկել ենք համաձայնության, որ ոչ թե անտառային ծառատեսակներ հիմնեն մեր տարածաշրջանում, այլ բնակչության սեփական հողատարածքներում վերականգնեն նախկին այգիները: Նոր այգիներ հիմնելիս ծառատեսակների ընտրության հարցում հաշվի են առնվելու նաեւ սեփականատիրոջ նախընտրությունները»:

2014թ. շուրջ 10-11 հա նոր պտղատու այգիներ կտնկվեն, սակայն ծրագիրը շարունակական է լինելու: Այս պահին այգի հիմնելու համար 60 մարդ է դիմել, բայց  համայնքապետը հույս է հայտնում, որ այդ թիվը հետագայում կմեծանա: Տնկիները Պտղավան գյուղից է ձեռք բերվում, իսկ հետագայում արտասահմանից պտղանյութ ձեռք կբերվի: «Նախկին պտղատու այգիների վերականգնումը լուրջ դրական փոփոխություն կլինի գյուղի համար»,- հավատացած է Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը:

Վերջինս հայտնեց, որ նախատեսում են վերագործարկել ոռոգման ջրի նախկին պոմպակայանները: Բացի այդ՝ Ամերիկյան «Հեյֆեր Փրոջեքդ Ինթերնեյշնլ» կազմակերպության ծրագրի շրջանակներում նոր պահեստային պոմպեր են ձեռք բերելու վթարների դեպքում դրանք գործի գցելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter