HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյան. «2014թ. Հայաստանը չի հասցնի անդամակցել Մաքսային միությանը»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

- Օրերս արդեն նախկին Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ հնարավոր է` Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, փոխարենը միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Արդյոք Հայաստանի  տնտեսության համար նման մեծ ցատկը ռիսկային չէ՞:

- Նրանք, ովքեր այդպես են մեկնաբանում, բացարձակապես տեղեկացված չեն հարցից: 2015 թվականի հունվարի 1-ից սկսկած՝ Մաքսային միությունը վերածվում է Եվրասիական ազատ տնտեսական գոտու: Էլ ո՞ւր են մտնելու, պարզ չի՞... Հիմա, օրինակ վաղը, Ազգային ժողովի շենքի անունը դնեն Պառլամենտի շենք, գալու եք ասեք, թե ԱԺ շենք չեմ գալիս, Պառլամենտի շենք եմ գալի՞ս... Մաքսային միությունն ավելի խորը ինտեգրացված պրոցես է, որի ամենավերջնական տարբերակը Եվրասիական միությունն է: Հիմա մենք գնում ենք այդտեղ՝ անցնելով խորը ինտեգրացիայի փուլ: 2014թ. մենք չենք էլ հասցնելու այդքան օրենսդրություն ընդունել, քաղաքական որոշումը կընդունենք, հիմնական պայմանագրերի որոշ կետեր կընդունենք, բայց տեխնիկական գործընթացը, կանոնակարգումը կլինի միայն 2015 թվականին, իսկ այդ ժամանակ Մաքսային միություն չէ, Եվրասիական ազատ տնտեսական գոտին կլինի:

- Շատ չե՞նք շտապում Եվրասիական միությանն անդամակցելու հարցում, երբ շարունակվում են շուրջ 1000 ապրանքատեսակների գծով Մաքսային միությունից մաքսային բացառություններ ստանալու նպատակով բանակցությունները:

- Իմ խորին համոզմամբ՝ ուշացել ենք, այդ ինտեգրացիան պետք էր շատ և շատ վաղուց լիներ: Բոլոր դեպքերում ինտեգրացիոն պրոցեսների մեջ ենք, հետո, գիտեք ինչ կա, մեկ-մեկ ես ջղայնանում եմ, որ այս հարցը անընդհատ արծարծում են: Հիմա պատկերացրեք, հասարակ մի օրինակ բերեմ, ասում են, թե Մաքսային միությանն անդամակցելու ժամանակ մեր մաքսատուրքերը կավելանան: Ճիշտ է՝ շատ մեծ հարց է, ինչը կավելանա, ինչը չի ավելանա, որովհետև 800 ապրանքատեսակով մենք բանակցում ենք, բայց եկեք դա ասելուց առաջ հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, որ Բելոռուսը երեք անգամ Հայաստանից հարուստ է, Ռուսաստանը՝ չորս անգամ, Ղազախստանն էլ բնակչության թվով գերազանցում է մեզ:

Հիմա պատկերացրեք, որ մեքենա է բերում Այվազյան Վարդանը, նույն մեքենայից իրենց մոտ է տանում Պետրովը, այդ մեքենայի դիմաց երկուսիս համար էլ նույն մաքսատուրքն է, բայց ես թանկ եմ վճարում, ասում եմ՝ վայ, էս ի՞նչ թանկ եմ վճարում, այն դեպքում, երբ իմ վճարած գումարը, Պետրովի վճարած գումարն էլ գալիս լցվում են մի դրամապանակ ու հավասարաչափ բաշխվում է: Հիմա հարց՝ Պետրովը կարա՞ շատ գնի, թե՞ ես: Էդ թանկ գնով որ գնում են, այդ ամբողջ փողը իրար մեջ են բաժանում, էլ ի՞նչ ենք ուզում, տղերք, այդ փողը վերաբաշխվում է, վախենալ, սրտաճմլիկ բաներ անել դրա համար, պետք չէ:

- Ինչո՞ւ Հայաստանի համար նման որոշիչ փուլում փոխվեց Էկոնոմիկայի նախարարը: Նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը շարունակելո՞ւ է վարել նույն տնտեսական ուղեգիծը:

- Ես երկուսի պոտենցիալն էլ շատ բարձր եմ գնահատում: Կարեն Ճշմարիտյանի հետ աշխատել եմ կառավարությունում շուրջ 5-6 տարի, լավ անձնավորություն է, լավ մարդ, պրոֆեսիոնալ, ու հույս ունեմ, որ այս բարդ իրավիճակում նա կարող է լուծումներ տալ:

- Վահրամ Ավանեսյանը չէ՞ր կարող լուծումներ տալ:

Դե գիտեք ի՞նչ կա, ես չեմ ասում, որ Ավանեսյանը չէր կարող լուծումներ գտնել, պարզապես գոյություն ունի որոշում: Իսկ ի՞նչ է, դա չէ՞ր կարող Ներսես Երիցյանն անել, քաղաքական փոփոխություն է, հիմա ի՞նչ: Սկզբնական բանակցությունները տանում է թիմը, հիմա չէ՞ր կարող Ներսես Երիցյանը տանել, իսկ Տիգրան Դավթյա՞նը, եթե այս հարցերի պատասխանները ինձ տաք, ես էլ ձեր հարցին կպատասխանեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter