HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ շիրակցիներն այցելել են «Ջարդի ձոր»

Մարիամ Խալաթյան

Շիրակի մարզի Ջաջուռ համայնքից 3 կմ արևելք գտնվող «Հերհերի» ձորում, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է «Ջարդի ձոր» անվամբ, ամեն տարի ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման նպատակով այցելում են Շիրակի եւ հարեւան Լոռու մարզի բնակիչները:

Պատմական տվյալները փաստում են, որ հենց այս ձորում 1915-1918թթ. դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները: Տարիներ առաջ դեռ հնարավոր էր գտնել ցեղասպանությունը վերապարածների, ովքեր սարսուռով հիշում էին, թե ինչպես էին հայ կանանց ու երեխաներին ժայռերից գլորում ձորը, իսկ տղամարդկանց` սրատում նոր նետում ցած:

Ասում են` տարիներ շարունակ ձյան հալոցքներն այստեղ ասպարեզ են հանել մարդկային ոսկորներ: Որոշ պատմաբաններ պնդում են` այսօր էլ, խոր ուսումնասիրություններ անելու դեպքում, էլի ոսկորներ կգտնվեն:

Ժողովրդական մի պատմություն էլ կա, թե դեպքերից տարիներ անց, մարդիկ խուսափել են այս կողմերով անցնել. ձորը երկար ժամանակ արձագանքել է կանանց ու երեխաների ճիչը:

«Հերհերի ձորում» Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ:

«Մեր ժողովուրդն էլ Քրիստոսի պես հարյավ ի մեռելոց: Սակայն 99 տարի անց մեր վրեժը լուծված չէ, հայրենիքը վերադարձված չէ: Նշանակում է` դեռ հատուցում ունենք ստանալու: Պիտի հիշենք ոչ միայն մեր 1.5 միլիոն նահատակների մասին, այլև` մեր վրեժի, հատուցման և հայրենիքի մասին: Երանի այն սերունդին, ով կլուծի մեր վրեժը, կստանա հատուցումը և ձեռք կբերի ամբողջական Հայաստանը», - իր ելույթում նշեց սրբազանը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կարծիքով հայ ժողովուրդը բավական երկար է ողբացել իր վիշտն ու կորուստը և հիմա պահանջատիրության ժամն է եկել. «Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն պահանջատիրությանը»: Մարզպետը հույս հայտնեց, որ հետագա սերունդները բախտ կունենան տեսնելու և ունենալու այն, ինչը մեզ այսօր դեռ չի հաջողվել: Քաղաքապետ Սամվել Բալսանյանի համոզմամբ էլ հայերը պետք է հասնեն նրան, որ 100-ամյա տարելիցին Թուրքիան ընդունի ու ճանաչի ցեղասպանությունը:

Պսակները դնելուց հետո «Ջարդի ձոր» այցելած շիրակցիները հարակից տարածքում մասնակցեցին ծառատունկի: Հուշարձանամերձ այս տարածքը համարվում է հատուկ պահպանության գոտի, եւ արդեն մի քանի տարի է՝ կոթողի հարևանությամբ ծառատուն է կատարվում, սակայն դրանք չորանում են խնամքի բացակայության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter