HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ սփյուռքում (թարմացվող)

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրներում տեղի են ունեցել միջացառումներ: ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար տեղեկություններ է տրամադրում, որը ներկայացնում ենք ստորև:

Ֆրանսիայի նախագահը մասնակցեց Հայոց Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում կայացավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որն իր ներկայությամբ պատվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի նախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:

Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների եւ Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի հուշարձանին և այնուհետև հանդես եկավ ելույթով։

Նախագահ Օլանդը հայտնեց հաջորդ տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին: Բացի այդ, պետության ղեկավարը հայտնեց, որ հավատարիմ է մնալու իր խոստմանը և կառավարությունը գտնելու է այն անվիճարկելի իրավական մեխանիզմը, որով հնարավոր կլինի քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանության ժխտման համար: Վերջինս ընդգծեց նաև հաջորդ տարվա ընթացքում Փարիզում հայ հիշագրության և քաղաքակրթության կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ անցկացրեցին Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով:

Նույն օրը Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիացի բազմաթիվ քաղաքապետերի և պետական պաշտոնյաների գլխավորությամբ հազարավոր ֆրանսիացիների և ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ Զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունը  կատարվեց Հայաստանեաց առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու կրոնական առաջնորդների և հոգևորականների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին նաև Բուենոս Այրեսի նահանգային և քաղաքային իշխանությունների, Արգենտինայում հավատարմագրված դեսպանությունների, գիտական շրջանակների, ազգային և կրոնական փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Այնուհետև Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինացի դիվանագետ, իրավագետ Լեանդրո Դեսպուին, ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով և թուրք լրագրող, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հայտնի ակտիվիստ Ռագիփ Զարաքոլուն: Ելույթներում նշվեց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը` հետագայում նման ոճրագործությունների կանխման նպատակով: Թուրքիայի կառավարությանը կոչ ուղղվեց վերջ դնել ժխտողական քաղաքականությանը և ճանաչել ցեղասպանությունը, քանզի վաղ թե ուշ սեփական պատմության առջև առերեսումն անխուսափելի է: Դեսպան Մելիքյանն, անդրադարձ կատարելով ցեղասպանության պատմական, իրավական, քաղաքական և բարոյական կողմերին, ինչպես նաև բարձր գնահատելով Արգենտինայի հանձնառությունն ու հավատարմությունը համամարդկային արժեքներին, նշեց.  «Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ և գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր հետագայում դարձան այս երկրի արժանի քաղաքացիները, իսկ այսօր արդեն իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ և թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։ 2006 թվականին օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն մարդասիրական և բարոյական քայլ էր Արգենտինայի կողմից, այլ առաջին հերթին փաստում էր Արգենտինայի ժողովրդի և իշխանությունների անկոտրում հանձնառությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին, այլատյացության և անհանդուրժողականության մերժմանը, արդարության և ճշմարտության վերականգնմանը: Ցեղասպանությունների կանխարգելման և ապագա սերունդների մեջ համամարդկային արժեքների արմատավորման կամքի արտահայտումն է նաև Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր խորհրդի կողմից վերջերս ընդունած հայտարարությունը, որով ապրիլի 24-ը հռչակվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» և որպես հիշատակի օր պետք է ընդգրկվի Բուենոս Այրեսի դպրոցների կրթական ծրագրում»:

Ձեռնարկին ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:

 Ղազախստանում

Ապրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցեց Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

 Իր ելույթում դեսպան Սահակյանը նշեց, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ ժողովրդի կենսունակությունը: Ելույթներով և հոգեհանգստյան աղոթքով հանդես եկան Ղազախստանում Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Մարկոս Սարգսյանը և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուստ-Կամենոգորսկի և Սեմիպալատինսկի արքեպիսկոպոս Ամփիլոքիոսը:

Քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ներկաները ծաղիկներ զետեղեցին և, ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, հնչեցվեցին Սուրբ Երրորդության ռուս ուղղափառ եկեղեցու զանգերի ղողանջները:

 

Հունաստան

Ապրիլի 24-ին Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովի և ՌԱԿ Հունաստանի հայ իրավանց խորհրդի համակազմակերպմամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի Էսթիա հրապարակումտեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Միջոցառումն ընթացավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ` Հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը հոգեհանգստյան արարողություն մատուցեցին Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Ելույթով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Հաջորդիվ ելույթներ ունեցան Ատտիկայի մարզպետի տեղակալ Աթանասիոս Սպոնդիլիդիսը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը: Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում ՀՀ դեսպանության, ՀՀ Զինված ուժերի, հունահայ համայնքային կառույցների, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից: Մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը:

Հրավիրյալների շարքում էին Նեա Զմիրնիի միտրոպոլիտ Սիմեոն արքեպիսկոպոսի ներկայացուցիչ հայր Նիկողայոսը, տեղական ինքնակառավարման մարմինների և տարբեր հասարակական կազմակերպությունների, մասնավորապես` Հունահայկական բարեկամության միության,  ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին Հունաստանի հայ համայնքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրատնտեսական պալատի ներկայացուցիչներ:

Ավելի վաղ Աթենքի հայկական բոլոր եկեղեցիներում անց էին կացվել հոգեհանգստյան արարողություններ:

Սալոնիկի Սբ. Աստվածածին եկեղեցում Գերաշնորհ Տ. Ստեփանոս վարդապետ Փաշայանի գլխավորությամբ մատուցվեց հոգեհանգստյան արարողություն` Սալոնիկի մարզպետարանի, թաղային խորհրդի և ՀՅԴ Հունաստանի հայ դատիհանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նույն օրն առավոտյան Հայ գթության խաչի «Անի» մասնաճյուղի կողմից կազմակերպվեց արյունատվություն:

Ալեքսանդրուպոլիսում ապրիլի 24-ին կայացել է հոգեհագստյան արարողություն Սբ. Կարապետ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի առջև:

Ապրիլի 27-իննախատեսված են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված կենտրոնական քաղաքական ձեռնարկներ Հունաստանի Աթենք, Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս քաղաքներում:

Կիպրոս

Ապրիլի 10-ին Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ  է ունեցել Կիպրոսի խորհրդարանում` խորհրդարանի բոլոր անդամների ներկայությամբ: Ելույթից առաջ կիպրական խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են  Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Կիպրոսի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման հանձնախմբի կազմակերպությամբ` ապրիլյան միջոցառումների մեկնարկը տրվեց ապրիլի 23-ին երիտասարդական քայլարշավով` Նիկոսիա քաղաքի Մակարիոս պողոտայից ուղղվելով դեպի Արմենիաս և Լիմասոլ պողոտաների խաչմերուկ, որտեղ երթին միացան համայնքի մնացյալ անդամները` առաջանալով դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի: Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վարուժան Արքեպիսկոպոս Հերկելյանի գլխավորությամբ: Հսկման միջոցառմանը ելույթ ունեցան Վարուժան Սրբազանը և Վարդգես Մահտեսյանը: Օրվա բանախոսն էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, DISY (Ժողովրդավարական ռալլի) կուսակցության անդամ դոկտոր Էլենի Թեոխարուսը (Eleni Theocharous):

Ելույթներին հետևեց Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի համերգը, այնուհետ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում կուսակցապետերի, քաղաքապետերի, պատգամավորների, դեսպանների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ապրիլի 24-ի առավոտյան Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին ներկա գտնվեց Կիպրոսի Խորհրդարանի նախագահ և EDEK (Սոցիալական ժողովրդավարության շարժում) կուսակցության նախագահ  Յաննակիս Օմիրուն:

Ապրիլի 26-ին Նիկոսիայի Նարեկ վարժարանում տեղի կունենա արյունատվություն` եզրափակելով ապրիլյան ոգեկոչման միջոցառումների շարքը:

Սերբիա

Սերբիայի hայ hամայնքը այս տարի ևս իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Բելգրադի հայությունը հավաքվել էր Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի եկեղեցում, որտեղ պատարագ մատուցվեց` ի խաղաղություն Մեծ Եղեռնի զոհերի հոգիների։

Ելույթով հանդես եկավ Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, որն իր ելույթում նշեց, որ հայերը Թուրքիայից պահանջում են ոչ միայն ներողություն խնդրել, այլ ընդունել հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության փաստը։

Կանադայում

Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել հայ համայնքի ներկայացուցիչներ Տորոնտոյից, Մոնրեալից, Քեմբրիջից և այլ հայաշատ քաղաքներից:

Ոգեկոչման արարողությունը սկսվեց Կանադայում ՀՀ դեսպանության մոտ, որտեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևորականները` Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ:

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվեց Կանադայի խորհրդարանի դիմաց, որտեղ ցուցարարների հոծ բազմությանը միացան խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնյաներ, ովքեր ելույթ ունեցան տարելիցի կապակցությամբ: Ելույթով հանդես եկավ նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով շեշտեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է:

 

 Շվեյցարիայում

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակի ոգոկոչման պատարագ: Մոմավառության և ծաղկեպսակների զետեղման արարողություն տեղի ունեցավ եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ:

Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդ Գուսան Վարդապետ Ալճանյանը և Շվեյցարիայի Հայկական Միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: Շվեյցարիայում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը փոխանցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ ցեղասպանությունից 99 տարի անց անգամ չկա արդարադատություն, ճանաչում և իրավունքների վերականգնում: Արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է, որ պետք է պատժվի, և միայն ճանաչման ու զոհերի իրավունքների վերականգնման մեջ են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը:

Նույն օրը Ժնևի հայկական մշակութային կենտրոնում կազմակերպվեց հիշատակի երեկո, որին խորհրդանշանական էր Շվեյցարիայի հայկական համայնքի երիտասարդների մասնակցությունը` ցեղասպանության զոհերի արդեն 5-րդ սերնդի ելույթներով և հայ գրականության ստեղծագործական կատարումներով:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց Շվեդիայում բնակվող հայազգի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը ներկայացնում էր նրա տատիկի պատմությունը, ում դեմքի և ձեռքերի սպիներն ու դաջվածքները հիշեցնում էին նրան Ցեղասպանության վայրագությունների մասին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցեցին հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունը (RTS) և ռադիոն անդրադարձան Հայոց Ցեղասպանության թեմային` ներկայացնելով ինչպես 1915թ. իրադարձությունները, այնպես էլ դեսպան Ազնավուրի և համայնքային կառույցների ղեկավարների և հայ երիտասարդության հետ հարցազրույցները:

Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսվում նաև Բեռնում, Լոզանում, Ցյուրիխում, Աարաույում և այլ քաղաքներում:

Հռոմում

Ապրիլի 24-ին Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

Արարողությանը ներկա էին կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Գերհարգելի հայր Գևորգ վարդապետ Նորատունկյանի կողմից կատարվեց Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հոգեհանգստյան արարողություն: 

Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով իր ելույթում կարևորեց պատմական հիշողության և ժխտողականության դեմ պայքարի արդիականությունը:

Մասնակիցներին նաև ընթերցվեց Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Հայոց ցեղասպանությունը` մի խորը վերք է մեր քաղաքակրթության համար: Եվ ցեղասպանության հիշատակը, պատմական փաստերի մանրակրկիտ պահպանման հետ մեկտեղ, հիմնարար դեր ունի ժողովուրդների խաղաղ ապագայի համար»:    

Այնուհետև, խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Էմիլիա Դե Բիազին, ով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելով, մասնավորապես կարևորել է ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը, այն որակելով, որպես համամարդկային հիմնարար արժեք:  

Նույն օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձ է տարածել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինին, հայտարարելով. Բազում միջոցներ գոյություն ունեն հարգելու մեր պատմությունը, որոնցից առաջինն է` վառ պահել հիշողությունը: Այսօր, հիշելով Հայոց ցեղասպանությունը, մենք խորապես մոտ ենք զգում մեզ Հայ ժաղովրդին: Մի ցեղասպանություն, որը` նորագույն պատմության ամենագորշ էջերից մեկն է: Բոլոր իտալացիները, անկախ իրենց քաղաքական, մշակութային, կրոնական հայացքներից, հայության կողքին են, որը մեծ դեր ունի մարդկության պատմության մեջ»:

Ստրասբուրգում

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հավաք։

Արարողությանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի երկու փոխքաղաքապետեր, էլզասյան հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները և ժխտողականության դեմ պայքարը` կոչ անելով լինել առավել համախմբված և հետևողական ազգային նպատակների իրագործման համար։ Այս առումով նա ողջունեց Ստրասբուրգում և Էլզասում հայ երիտասարդների ակտիվ դերակատարությունը։

Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, հրեական, քրդական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:

Փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին իր խոսքում նշեց, որ դեսպան Պապիկյանի մջնորդությամբ Ստրասբուրգի քաղաքային իշխանությունները բավարարել են Ստրասբուրգում հայկական խաչքար տեղադրելու խնդրանքը։

Հանրապետության հրապարակից հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ստրասբուրգի սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցի, որտեղ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պաշտոն:

 Դանիայում և Նորվեգիայում

Ապրիլի 24-ին Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: 

Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա եկեղեցում:

Բացման խոսքով հանդես եկան Նորվեգիայի Հայ մշակութային միության խորհրդի անդամ Լիլիթ Մկրտչյանը և ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության մերժողականությանը, ներկայացրեց  փաստեր և փաստարկներ և ևս մեկ անգամ կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչումը այս անգամ նորվեգական համատեքստում` որպես օրինակ բերելով Կրագերոյի (Նորվեգիա) քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադեպը:

«Օսմանյան «հանդուրժողականության» միֆը և քրիստոնյա փոքրամասնությունները» թեմայով զեկույց կարդաց «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, պատմաբան Բորդ Լարսենը:

Տեղի ունեցավ նաև դանիացի պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդի «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գրքի շնորհանդեսը:

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Նորվեգիայում Հայ առաքելական եկեղեցական խորհրդի անդամ Նարինե Հարությունյանը: 

Վերջում դասական երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանից Նորվեգիայում ուսանող երաժիշտներ` Նարեկ Դարբինյանը (ջութակ), Տիգրան Բերկելյանը (դաշնամուր), Թամարա Մովսիսյանը (դաշնամուր), Ստելլա Բեգլարյանը (ջութակ):

Միջոցառմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, Կրագերոյի և Վերգոշայի քաղաքապետերը, Հայաստանի նորվեգացի բարեկամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կոպենհագենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ Սբ. Ստեփանոս եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որտեղ ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից դրվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, կատարվեց մոմավառություն:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի անունից ելույթ ունեցավ դեսպանության խորհրդական Լիլիթ Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով մասնակից է դառնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին, բարձրաձայն կամ լռելայն աղաղակում է, որ այլևս երբեք մարդկությունը չպիտի գնա ցեղասպանության, մարդկային նվաստացումների, ցավերի, կորստի և մաքառման ճանապարհով: Ելույթներ ունեցան հայ համայնքից Ժոզեֆ Բեդոյանը, Երևանից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի փոխնախագահ Աննա Կարապետյանը, դանիացի պատմաբան, լրագրող Դենիզ Սերինչին

Միջոցառմանը ներկա էին Դանիայում հավատարմագրված դեսպաններ, հայ ժողովուրդի դանիացի բարեկամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին Դանիայի Գյուլինգ ավանում:


Ռումինիայում

Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Պատգամավորների պալատի անդամ, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Պատգամավորն իր ելույթում, վկայակոչելով միջազգային տարբեր սուբյեկտների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը,  կոչ է արել 100-ամյակի նախաշեմին համատեղել ջանքերը Թուրքիային ժխտողականության ճանապարհից դարձնելու համար:

Հայոց Ցեղասպանության հիշատակի առիթով ուղերձ է հղել Ռումինիայի Սիբիու մարզի պրեֆեկտ` Օվիդիու-Իոան Սիտերլին, որում, մասնավորապես, ասվում է. «Միշտ էլ դժվար կլինի ցեղասպանության կապակցությամբ պատեհ խոսքեր գտնել: Մենք գլուխ ենք խոնարհում «Մեծ չարիքին» զոհ գնացածների տառապանքների առջև: Նրանց հիշատակը փոխանցում ենք գալիք սերունդներին, որպեսզի դատապարտված չլինենք պատմության սև էջերի կրկնությանը»:

Հայոց Ցեղասպանությունը դատապարտել է Ռումինիայի գնչուական համայնքը: Գնչուների սոցիալական միջամտության և հետազոտությունների կենտրոնի  հաղորդագրությունում ասվում է. «Միասին, Թուրքիայում, հիշատակում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը, մանրակրկիտ մշակված մի նախագիծ, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում 1.5 մլն. հայերի կոտորածին` ուղղված վերացնելու նրանց քաղաքակրթությունը և «թուրքացնելու» Անատոլիան: Ի նշան զոհերի և նրանց սերունդների նկատմամբ հարգանքի, գնչուները կոչ են անում բոլորին միանալ իրենց և վերջակետ դնել 100-ամյա ժխտմանը»:

Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց Ցեղասպանությանը: Հայտնի հեռուստամեկնաբաններ Դանիել Ապոստոլի և Միրունա Մունտեանի «Հինգշաբթի ժ. 9-ին» հեռուստաբանավեճի հյուրերն էին պատմաբաններ ակադեմիկոս Անդրեյ Պիպիդին և դոկտոր Զոե Պետրեն, սենատոր Վարուժան Ոսկանյանը և գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: Հաղորդման ժամանակ անհերքելի փաստերով հիմնավորելով երիտթուրքական կառավարության գործած ոճիրը և քննադատելով ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` մասնակիցները բովանդակությունից զուրկ և անբավարար համարեցին վարչապետ Էրդողանի տարածած ուղերձը: Հաղորդման ժամանակ հատվածներ ցուցադրվեցին «Ստրունգա» վավերագրական ֆիլմից, որը պատմում է 1923 թ. Ռումինիայի կառավարության կողմից Ստրունգա բնակակավայրում 400 հայ որբերին ապաստան տալու մասին: Վարուժան Ոսկանյանը երախտագիտություն հայտնեց փախստական հայերի նկատմամբ այն ժամանակվա Ռումինիայի կառավարության մարդասիրական վերաբերմունքի կապակցությամբ` միաժամանակ ափսոսանքով նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցն առայժմ բացակա է այսօրվա ռումինական քաղաքական օրակարգում:

Նույն երեկոյան Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում է հեռարձակել TVR1 հանրային հեռուստատեսության Կլուժ քաղաքի տեղական ալիքով:

Ռումինական հայտնի Adevarul օրաթերթն իր adevarul.ro էլեկտրոնային տարբերակի վրա ապրիլի 24-ին զետեղել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ ծավալուն հարցազրույց «Հայաստանի դեսպան. Եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց և արնածոր վերք» վերնագրով:

Դեսպանը բացատրում է, որ այսօր խոսքը վերաբերում է ցեղասպանության հետևանքների վերացմանը, քանի որ «եթե դահիճը չկա, ապա զոհը մնում է: Զոհը մի կողմից Հայաստանն է և Հայաստանի բնակչությունը, որն այսօր իր ուսերին կրում է ցեղասպանության հետևանքների ողջ ծանրությունը, մյուս կողմից հայ ժողովրդի մի հսկա հատվածը` ցեղասպանության ժառանգները, որոնք օտար երկրներում ենթական են լիակատար ուծացման, ինքնության կորստի և հաճախ ֆիզիկական բռնությունների ու նոր տեղահանությունների, ինչպես վերջերս Մերձավոր Արևելքում է: Ըստ դեսպանի, Հայաստանն ակնկալում է, որ «թուրքական կողմը փոխի իր բառապաշարը և պահվածքն այդ հարցում և վերադառնա 2009թ. Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված հանձնառություններին: Դա հնարավորություն կտար բարդ հարցերը քննարկել և լուծման ուղիներ փնտրել ավելի հանդարտ պայմաններում»: «Ոչ միայն միջազգային հանրության և Հայաստանի, այլ հենց Թուրքիայի շահերից է բխում Հայոց ցեղասպանության հարցին շուտափույթ լուծում գտնել: Այն գերկարևոր է մեր շրջանի, Մեծ Միջին Արևելքի և Եվրոպայի անվտանգության առումով,-եզրակացնում է Հայաստանի դեսպանը:

Ապրիլի 24-ի երեկոյան հիշատակի ցույց տեղի ունեցավ Բուխարեստի Հեղափոխության հրապարակում, որտեղ ներկաներին իրենց խոսքը ուղղեցին սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և գրող Վարդան Առաքելյանը: Նույն առավոտյան Բուխարեստի սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին Բուխարեստում պապական պատվիրակ մոնսենյոր Ֆրանչիսկո-Խավիեր Լոզանոն, Ռումինիայի ուղղափառ, կաթոլիկ, ղպտի և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Արարողության ավարտին ծաղկեպսակներ զետեղվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Բոլոր միջոցառումների հայ համայնքի կողքին էին նաև քրդական համայնքի ներկայացուցիչները:

Եղեռնի 99-րդ տարելիցը նշվել է նաև Ռումինիայի հայաբնակ մյուս քաղաքներում:

Ապրիլի 16-ին ՌՀՄ Յաշի մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց Ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս՝ քաղաքի համալսարանական շրջանակների ակտիվ մասնակցությամբ:

Բոտոշանի շրջանային գրադարանում ապրիլի 24-ից մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմայով ռումինահայ Ararat հանդեսի տարբեր տարիների համարները, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ: 

Կլուժի հայ համայնքի ջանքերով Տրանսիլվանիայի էթնոգրաֆիկ թանգարանում կազմակերպվել էր Հայոց cեղասպանությանը նվիրված քննարկում, որի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան պատմաբան Լորան Մադլին և դոկտորանտ Կլաուդիա Դարաբանը: Քննարկմանը հաջորդեց հիշատակի երեկո` ուղեկցված Ֆլաուտո Դոլչե խմբի դասական համերգով:

Բակաու քաղաքում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակներում Եռագույնի հրապարակում ելույթներ են ունեցել պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և ռումին գրող Միրչա Բոստան: Քաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվելու է սիմպոզիում, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալու սենատոր Վարուժան Ոսկանյանը, գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ռումին պրոֆեսորներ: Համայնքային կենտրոնում հաղորդումներ են ունեցել հայաստանցի կամավորներ և ուսանողներ:     

Բուխարեստյան միջոցառումները շարունակվելու են Հայ մշակույթի տանը, որտեղ ապրիլի 25-ին «Ցեղասպանության իրավական ասպեկտները» թեմայով ելույթ-քննարկման հյուրն է Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի դոկտոր Նաստի Վլադոյուն: Միջոցառման ընթացքում տեղի է ունենալու Յուրի Բարսեղովի Հայոց Ցեղասպանության իրավական ասպեկտներին նվիրված գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը:

 Սեուլում

Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:

 Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրեցին, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:

Լիբանանում

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսավոր սուրբ պատարագ, որին Մայրավանքի բակում  հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական,  մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին Անթիլիասի Մայրավանքի բակում գտնվող  «Նահատակաց հուշարձանի» մոտ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց հարյուրավոր ներկաներին ուղղված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հայրապետական պատգամը:

Ապրիլի 24-ի  երեկոյան  Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ:  Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների, Լիբանանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ:

Նախորդ օրը՝ ապրիլի 23-ի երեկոյան, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական մարմինը կազմակերպել էր մոմավառության քայլարշավ Բուրջ Համուտից մինչև Բեյրութի նահատակաց հրապարակ: 

Տասնյակ հազարավոր հայորդիներ «Նահատակաց հրապարակում» մասնակցեցին  ոգեկոչման ձեռնարկին` լիբանանյան պետական, քաղաքական, կուսակցական մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, հոգևորականների ներկայությամբ:  Ելույթներով հանդես եկան երիտասարդական մարմինների անդամներ Արին Ղազարյանն ու Աշոտ Բագրատունին, որոնք նշեցին, որ հայ երիտասարդները կշարունակեն իրենց պայքարը հանուն պատմական ճշմարտության հաստատման:

Ապա ելույթով հանդես եկավ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Զիադ Բարութը, ով նշեց, որ ապրիլի 24-ին կանգնած է հայության կողքին: Նա հարգանքի տուրք մատուցեց հայ նահատակների հիշատակին՝ ընդգծելով, որ  հատուկ վերաբերմունք ունի այն հայերի  նկատմամբ, որոնք շարունակեցին գոյատևել հակառակ տառապանքների և արհավիրքի:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայտոսթյանը: Նա նշեց, որ 99 տարի առաջ տեղի ունեցած ահավոր ողբերգութունից հետո հայությունը չգնաց դեպի անորոշ ապագա, չկորցրեց իր լույսն ու հույսը, այլ կարողացավ վերագտնել իր տունն ու ինքնությունը:

Հայ Կաթողիկե պատրիարքարանում տեղի ունեցավ նաև հայ կաթողիկե երիտասարդական միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հսկման երեկո, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, պետական պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի անդամներ:

  Բացման խոսքով հանդես եկան Ռուբինա Թովմասյանը և Կարո Մարաշլյանը: Ելույթով հանդես եկավ նաև Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, ով համառոտ ներկայացրեց Հայ Դատի պատմությունը: Հայր Անդրանիկ Ծ.Վ. Կռանյանը ներկայացրեց Հայ Կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի պատմությունը:   

 Փարիզում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնվեց Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Անն Իդալգոն:

Վերջինս նշեց, որ երևույթները պետք է կոչել իրենց անուններով և ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար: Փարիզի քաղաքապետը խոսեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում մայրաքաղաքի իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառումների՝ մասին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, որոնք, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի նախօրեին արված հայտարարությունները, ընդգծեցին Թուրքիայի իշխանությունների կողմից ժխտողական կեցվածքի անարդյունավետ լինելը:

Միջոցառման եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի նորընտիր քաղաքապետին ավանդական ընդունելության շարունակականությունն ապահովելու համար՝ դեսպան Չիտեչյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հավատարմությունը, մարդու և ժողովուրդների համընդհանուր իրավունքների և արժեքներին նվիրվածությունը Ֆրանսիայի մեծության վկայություններն են: Աշխարհի մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզը, ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը: Արդեն տարիներ Ֆրանսիան, որը  օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, նախագահի մակարդակով է հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Հայաստանը գիտակցում և կարևորում է այս ամենը»: ՀՀ դեսպանն այնուհետև անդրադարձավ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը` փաստելով, որ «Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում առերեսվել անցյալին և շարունակում են օրեցօր ավելի մխրճվել իրականության խեղաթյուրման անօգուտ քաղաքականության մեջ:

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Չիտեչյանը հայտնեց, որ Անն Իդալգոն որպես հայ ժողովրդի բարեկամ միշտ սպասված է Հայաստանում և Փարիզի քաղաքապետին հանդիսավոր կերպով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նրան ուղղված պաշտոնական հրավերը:

Շվեդիայում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ստոկհոլմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։

Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնու­թյամբ Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Թորյ հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ե

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր՝ 24.04.2014-ին, Հոլանդիայի Ալմելո (Almelo) քաղաքում բացվեց Եվրոպայում ամենամեծ Եղեռնի հուշարձանը՝ Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու բակում (կրակ՝ շրջապատված 16 խաչքարով): ........................ 22.04.2014-ին (բավականին մեծ) երթ էր նաև Հաագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter