HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սգո պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ Ջավախքի եկեղեցիներում

Ապրիլի 24-ին Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրգած սուրբ և անմահ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր: Սբ. և անմահ պատարագի ավարտին եկեղեցական թափորը շարժվեց եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ, ուր հանդիսապետությամբ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

«Ջավախքցիների հոծ բազմությունը խոնարհվում էր, ծաղկեպսակներ դնում և խնկարկում՝ ի հանգստություն միլիոնավոր նահատակների»,- հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի անմիջական նախաձեռնությամբ և հրավերով, պատմության մեջ առաջին անգամ Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին ներկա էր սգո պատարագին և կիսում էր հայի ցավը:

Հոգեհանգստյան կարգից հետո ներկաները շարժվեցին Ապագայի տուն, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Ջավախքի փոխառաջնորդը խոսքով դիմեց ներկաներին. «Մենք այսօր, բարի գործ կատարելով և խնկարկելով, պետք է հավերժացնենք բյուրավոր նահատակների հիշատակը»:

Իսկ Վրաց Եկեղեցու մետրոպոլիտն իր խոսքում նշեց. «Մեր սուրբ պարտականությունն է հիշել 1915 թվականի նահատակներին»:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ջավախքի առաջնորդական փոխանորդության երիտասարդական բաժնի անմիջական ջանքերով եւ կրում էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը: Ապրիլքսանչորսյան այս և այլ միջոցառումներին մասնակցում էին Ախալքալաքի շրջանային վարչության և Ժողովի նախագահները, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը, ոստիկանության անձնակազմը, շրջանային հիվանդանոցի տնօրենը, շրջանի բոլոր կառույցների աշխատակիցները, հայկական և վրացական, ռուսական դպրոցների սաներն ու մանկավարժները, հասարակական, քաղաքական և ոչ կառավարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի հավատավոր անդամներ և այլոք:

Լուս.՝ Արմեն Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter