HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեց փաստաբան Ս. Շարբաթյանի սպանության գործով վկաների հարցաքննության փուլը

Նախօրեին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությանը  դատարանին այդպես էլ չէր հաջողվել ապահովել գործով դատակոչված երեք վկաների` Տիգրան Խլղաթյանի, Ազատ Խլղաթյանի  և Հրանտ Ասլիկյանի ներկայությունը:

ՀՀ ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնից դատարանին արձանագրություն էին ուղարկել այն մասին, որ ոստիկանների այցելության ժամանակ Տիգրան Խլղաթյանը տանը չի եղել: Վերջինիս մոր` Թամարա Ղազարյանի հայտարարության համաձայն՝ Տիգրան Խլղաթյանը 2014թ. ապրիլի 13-ին մեկնել է Ռուսաստանի դաշնություն` արտագնա աշխատանքի, և նրա հասցեն հայտնի չէ: 

Ոստիկանությունը դատարանին ներկայացրել է նաև տեղեկանք այն մասին, որ Տիգրան Խլղաթյանը Լոռու մարզի Շահումյան գյուղի 8-րդ փողոցի 1-ին տան փաստացի բնակիչ է: «Նախորդ դատական նիստին վկան եկել էր դատարան, մենք նրան չհասցրեցինք հարցաքննել»,- հայտնեց դատավոր Նարինե Հովակիմյանը:

Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանին հետաքրքրեց, թե Ռուսաստանի Դաշնություն մեկնելու վերաբերյալ ոստիկանությունը դատարանին ուղարկե՞լ է պաշտոնական տեղեկատվություն, թե՞ բավարարվել է ընդամենը մոր հայտարարությամբ: Պարզվեց՝ ոստիկանությունը բավարարվել է միայն վկայի մոր հայտարարությամբ: 

Ռուբեն Հակոբյանն առարկեց Տիգրան Խլղաթյանի ցուցմունքերը որպես ապացույց մեղադրանքի հիմքում դնելու դեմ, քանի որ, ըստ պաշտպանի, ապայցույցի հետազոտման ընթացքում չի ապահովվել մեղադրյալների հակընդդեմ հարցման սահմանադրական իրավունքը: Բացի այդ, վկան իր ցուցմունքում չի հայտնել իր տեղեկությունների աղբյուրը:

Մեղադրող, Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Պետրոս Մարտիրոսյանը առարկեց. «Վկայի ցուցմունքներից պարզ է դառնում, որ նրա ներկայությամբ դեպքի վայրում հավաքվածները` տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը և դեպքին ականատես վկա Հայկ Ասլիկյանը խոսել են դեպքի մանրամասների մասին»,- ասաց նա:

Մեղադրողը նշեց, որ ներկայացված ապացույցը թույլատրելի է:  Տիգրան Խլղաթյանի ցուցմունքին առարկություններ ներկայացրեցին  նաև ամբաստանյալ Սամվել Դիլոյանը և ամբաստանյալ Արտակ Վերանյանի  պաշտպան Մհեր Դավթյանը:

Դատարանը հրապարակեց նաև վկաներ Ազատ Խլղաթյանի և Հրանտ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքները, որոնց որպես ապացույց մեղադրանքի հիմքում դնելուն կրկին առարկեց պաշտպանական կողմը:  Դատարանը սրանով ավարտեց դատակոչված վկաների հարցաքննության փուլը և անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը: 

Ամբաստանյալների պաշտպանները «Հետքին» հայտնեցին, որ բավարար ապացույցներ են ձեռք բերել ամբաստանյալներին առաջադրված հոդվածները փոխելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter