HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերընթերցելով Սարգսյանի և Էրդողանի ուղերձները

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Ապրիլի 24-ի նախօրյակին, օրվա խորհրդին համահունչ, ուղերձով հանդես եկան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդամենը մեկ օրում լրահոսում հայտնված արձագանքները ցույց են տալիս, որ Էրդողանի ինչ-որ առումով անակընկալ ուղերձը[1], մեծ արձագանքի է արժանացել աշխարհում: Ուղերձին անդրադարձել են արդեն ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին, Եվրամիության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Մեծի տանն կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ ուրիշներ:

Հետեւելով սոցիալական ցանցերին` կարելի է նկատել, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ամենամյա ուղերձը[2], ի տարբերություն նախորդների, նմանապես հանրային շատ ավելի մեծ ուշադրության է արժանացել, քանզի իր մեջ պարունակում է որոշակի խնդրահարույց ձեւակերպումներ:

Էրդողանի ուղերձի հետ մեկտեղ, անշուշտ, այն աշխարհում եւս տարբեր արձագանքների է արժանանալու: Առավել եւս, որ թե՛ Էրդողանի եւ թե՛ Սարգսյանի ուղերձներում առկա են նաեւ շեշտադրումներ, որոնք Թուրքիա-Հայաստան հնարավոր նոր փոխհարաբերությունների` կուլիսային դիվանագիտական կամ ակտիվ քաղաքական կապերի ապագան են նախանշում, այնպիսի կապերի, որոնք կարող են ընթացք ստանալ կամ ուղղորդվել հենց նման արձագանքների շնորհիվ:

Վերընթերցելով Ս. Սարգսյանի ուղերձը` նկատելի է, որ առերեւույթ մեր հայրենակիցներին ուղղված լինելուց բացի, այն ունի նաեւ կոնկրետ մեկ այլ հասցեատեր եւս` Թուրքիային: Ամբողջ ուղերձի մեխը վերջին հատվածի մեջ է`

«2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում»:

Հասցեատերերի շրջանակի ընդլայնումը ուղերձի նպատակների մեջ պետք է փնտրել: Այդ տեսանկյունից վերջին պարբերությունն ի դերեւ է հանում ուղերձի հիմնական նպատակներից մեկը` արդիական համարվող «ողջամիտ ժամկետներում» (այն է` ուղերձը հասցեագրողի նախանշած սահմաններում` մինչեւ խորհրդանշական 2015 թվականի ապրիլի 24-ը) Թուրքիային «հարկադրել» կատարելու երկու հստակ քայլ` բացել փակ սահմանները եւ հաստատել բնականոն հարաբերություններ Հայաստանի հետ: Ըստ ուղերձի` դա ցույց կտա Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի փոփոխությունը եւ կապացուցի, որ բացի բառերից, նաեւ գործողություններով է այդ վերաբերմունքն ամրագրված:

Ներկայացվածից պարզ է դառնում, որ Թուրքիային ներկայացվում է արձանագրությունների վավերացման վերջնագիր եւ վերը նշված երկու քայլերը ձեռնարկելու ողջամիտ ժամկետի ավարտը սահմանվում է 2015թ. ապրիլի 24-ը: Ասվածի ապացույցն է նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարության կապակցությամբ «Արմենպրես» գործակալության հարցերից մեկին տրված պատասխանը: Ըստ Վ. Սարգսյանի` «Ինչ վերաբերում է երկխոսությանը, որին կոչ է անում վարչապետ Էրդողանը, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այդպիսի երկխոսություն մենք ունեցել ենք, եւ այն իր տրամաբանական ձեւակերպումն է գտել Ցյուրիխյան արձանագրություններում, որոնց վավերացման գործընթացից թուրքական կողմը հետ կանգնեց: Հայաստանի Հանրապետության Նախագահը իր ուղերձում նշել է` «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլեւս բառերով չափվել», իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձեւակերպումն առավել քան արդիական է դառնում[3]:

Հետաքրքիր է, որ եթե Սերժ Սարգսյանն արդիական է համարում «ողջամիտ ժամկետ» դիտարկվող մեկ տարվա ընթացքում Թուրքիայի կողմից նշված քայլերի իրականացումը, ապա Էրդողանը դեռեւս արդիական է համարում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկի կենսագործումը: Ըստ Էրդողանի`

«Ժամանակի ոգին պահանջում է խոսել՝ տարաձայնություններով հանդերձ, զրուցակցին լսելով՝ փորձել նրան հասկանալ, որոնել փոխհամաձայնության ուղիներ, դատապարտել ատելությունն ու արժևորել հարգանքն ու հանդուրժողականությունը: Այս ըմբռնումով մենք՝ Թուրքիայի Հանրապետությունը, կոչ արեցինք 1915թ. դեպքերը գիտականորեն ուսումնասիրելու համար կազմել պատմաբանների հանձնաժողով: Այս կոչը դեռ արդիական է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների հետազոտությունները 1915թ. դեպքերի լուսաբանման և պատմության ճիշտ ըմբռնման տեսանկյունից կարևոր դեր են ունենալու»:

Էրդողանի եւ Սարգսյանի ուղերձներում համադրելի շեշտադրումներ են արված նաեւ միմյանց հանրություններին (ազգերին) հասցեագրված խոսքերում: Դրանցում ներկայացվում են պաշտոնական Անկարայի եւ Երեւանի համապատասխանաբար հայ եւ թուրք ժողովուրդների նկատմամբ ցուցաբերվող հանդուրժողականությունն ու բարյացակամությունը: Համաձայն Էրդողանի`

«Ապրիլի 24-ը, որը մեր հայ քաղաքացիների եւ աշխարհում գտնվող բոլոր հայերի համար հատուկ նշանակություն ունի, արժեքավոր հնարավորություն է ստեղծում նաև պատմական խնդրի մասին ազատորեն գաղափարներ կիսելու համար: … Ինչպես Օսմանյան կայսրության յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ հայերի ցավերի հիշատակումը, ըմբռնումն ու կիսումը մարդկային պարտականություն է: … Այն հույսով եւ հավատով, որ հին եւ աննման մի տարածաշրջանի նման ավանդույթների տեր ժողովուրդները կարող են անցյալի մասին խոսել հասուն կերպով, կորուստները հիշատակել իրենց վայել կերպով, խաղաղ քուն եմ ցանկանում 20-րդ դարասկզբի իրավիճակի պատճառով իրենց կյանքը կորցրած հայերին և ցավակցություն եմ հղում նրանց թոռներին»:

Համաձայն Սարգսյանի`

«Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք սա»:

Ներկայացվածն ուշագրավ է այն առումով, որ կողմերը միմյանց հանրույթներին ուղղված բարյացակամությունն ու հանդուրժողականությունն օգտագործում են այն ակնկալիքով, որ դրանով մի ընդհանուր դրական խորապատկեր կապահովեն հակընդդեմ նախկին պնդումները կրկին ներկայացնելու կամ, ինչպես Սարգսյանի ուղերձից է երեւում, թուրքական կողմի վրա առավել արմատական ճնշում բանեցնելու համար: Սակայն որքանո՞վ են նախկին պահանջներն ու ակնկալիքները ամրապնդված ճնշման գործուն մեխանիզմներով եւ որքանո՞վ են դրանք ուղղված կոնկրետ շահաբաժիններ ձեռք բերելուն:

Ըստ էության, թուրքական կողմի համար դեր է խաղում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում պաշտոնական Անկարայի «անկյուն քշվածի» կարգավիճակը: Հարկ է կեղծ ժպիտը դեմքին, կրկնելով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նախկին դիրքորոշումը, դիմանալ մեկ տարի: Արդյունքում Թուրքիան կձերբազատվի Հայոց ցեղասպանության փաստով պայմանավորված միջազգային հանրության համակարգված ճնշումից` փոխարինելով այն աշխարհաքաղաքական միայն կոնկրետ իրավիճակներից սկզբնավորվող լոկալ ճնշումներով: Ուստի «պատմաբանների հանձնաժողովը» ոչ թե երբեւէ գործարկված կամ կրկին գործարկվելիք գործընթացից Էրդողանի ակնկալած արդյունքն է, այլ նույն այդ գործընթացի տապալման միջոցը:

Իսկ Սարգսյանի համար, միակ ակնկալելի շահաբաժին է համարվում հայկական կողմի պահանջների` փոխկապակցված նշված երկու քայլերի Թուրքիայի կատարումը, որն էլ ամրագրվել է ՀՀ նախագահի ուղերձում: Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու նյութական հատուցումը դուրս են Սարգսյանի ծրագրերից: Սակայն եթե հայտնի են մեկ տարվա կտրվածքով նրա ակնկալած արդյունքները, ապա որոնք են նման վերջնագիր ներկայացնելու համար ենթադրվող ճնշման գործիքները:

Աքսիոմա է, որ կողմերից մեկի մյուսին ներկայացված վերջնագիրը պետք է ապահովված լինի ներազդող համապատասխան ուժով: Ռազմական գործողություններ վարելիս կարող է լինել վերջնագիր, եթե ներկայացնող կողմն իր ներուժով բավարարում է անհրաժեշտ մի շարք պարամետրերից գոնե մի քանիսը` հակառակորդի համեմատ ապահովված է առավել մարդուժով, ռազմական տեխնիկայով, բարձր մարտական ոգով, զորքերի տեղաբաշխման հարմար աշխարհագրական դիրքով, դաշնակիցների դիվանագիտական ու ռազմաքաղաքական աջակցությամբ եւ այլն: Հենց այդ ճնշման ներուժն է, որ վերահաս սպառնալիք է դառնում ներկայացվող կողմին եւ վերջնագիր ներկայացրած կողմի պահանջների չկատարման դեպքում դառնում է հակառակորդի առավել մեծ կորուստների, կործանման կամ բնաջնջման պատճառ:

Քաղաքական գործընթացներում վերջնագրերի ներկայացումը նույն սկզբունքով է կառուցվում` չնայած որ այստեղ ներազդման գործիքակազմը բոլորովին տարբեր կարող է լինել: Այս դեպքում առաջնահերթ են դառնում հակառակորդին ճնշելու քաղաքական մեխանիզմները` ներազդելու բազմակողմ ու բազմաձեւ դիվանագիտական հնարքները, քաղաքական ու տնտեսական մեկուսացման հնարավորությունները, պետության կենսապահովման համար անհրաժեշտ գործող, գործարկվող ու ծրագրվող նախագծերին խոչընդոտելու կարողությունները եւ այլն:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի նման ճնշումներ բանեցնելու հնարավորություններ ու կարողություններ: Ուստի Ս. Սարգսյանի ուղերձի տվյալ հանգուցային հաղորդագրությունը պետք է դիտարկել կամ իբրեւ հերթական «գիշերային դիվանագիտության» նախակարապետի, կամ էլ` իբրեւ ուղերձում նախորդած հատվածի հետ սերտ կապի մեջ գտնվող տիպիկ «սարգսյանական» ոճի շարադրանքի: Առաջին դեպքում խոսքը գործընթացին արտաքին ուժերի ներգրավման մասին է, իսկ երկրորդ դեպքում համատարած այն ստի, որը դարձել է անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի ուղերձների անբաժան «ուղեկիցը»: Ահավասիկ այդ հատվածը`

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով և պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն համայն հայության հայրենիքն է, որը, չնայած տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ - ոչ խաղաղություն» իրականությանը, շարունակում է իր առաջընթացը»:

Կարծում եմ մեր հայրենակիցներն ինքնուրույն կարող են գնահատել, թե որքանով ենք մենք Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մոտենում ուղղվող մեջքով ու բաց ճակատով, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը համայն հայության հայրենիքը եւ, չնայած օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններին` շարունակում իր առաջընթացը: 



[1] http://civilnet.am/erdogan-message-1915-events-armenian/,

[2] http://m.president.am/hy/statements-and-messages/item/2014/04/23/Address-by-President-Serzh-Sargsyan-on-remembrance-day-of-Armenian-Genocide-victims/,

[3] http://armenpress.am/arm/news/759343/erdoxani-haytararutyuny-hayoc-cexaspanutyan-zhkhtman.html

Մեկնաբանություններ (1)

barséghian
23 dari, 3 naxakah, barzé xavarnérits dours kal arants spiurkahay gidnaganérou medavoraganérou ognoutian handzagordzoutioun. Hayastan menats soviétnéri dzérgéroun, ourér sahmanapag, penagan hédévank gaxman médj ge xoranan djahidj tébi azgayn dendésagan, socialagan mechagouytayn karakagan mah. Tér keloux ge pardzradznén, hebard tegéd, das dalov hamaynhayoutian, cynism mindj hayoutian penadjendjoum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter