HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսիմ Հակոբյանը գնել է Սուրիկ Խաչատրյանի ընկերությունը. պաշարները դեռեւս ճշտվում են

Սյունիքի մարզկենտրոն Կապանում ոմանք մինչ օրս դեռևս փորձում են հասկանալ, թե ինչու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից գնել «Լեռ-Էքս» ընկերությունը, որին շահագործման իրավունքով պատկանում է Հանքասարի հանքավայրը:

Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ նախկին մարզպետն այն գնել էր 2008 թ. փետրվարի 12-ին և մինչև վաճառելը` 4 տարի, ընկերության բաժնեմասերը 50-50 % հարաբերակցությամբ կիսել է Վարդան Բարսեղյանի հետ: 2012 թ. օգոստոսի 22-ին ԶՊՄԿ-ն դարձել է «Լեռ-Էքս»-ի 100-տոկոսանոց բաժնետերը: Տեղացիները նշում են, որ Մ. Հակոբյանը պարտադրված էր գնել, քանի որ իշխանության վերին օղակների կողմից էր հրահանգված: Բնակիչներից զարմանքի առարկան նաև այն է, որ հանքավայրում մետաղական հարստությունը քիչ է, ու դա է եղել պատճառը, որ Ս. Խաչատրյանը հրաժարվել է ընկերությունից: Իսկ վերջինիս օրոք հանքի աշխատակիցներն ամիսներով չէին վարձատրվում և այդ մասին բազմիցս հայտնել էին մեզ հետ զրույցներում: Ասում են նաև, որ ԶՊՄԿ-ն հանքը գնել է մոտ 47 մլն դոլարով:

Մաքսիմ Հակոբյանի «տրանսնացիոնալ» խողովակաշարը

Հանքասարի հանքավայրը գտնվում է Կապանի Նոր Աստղաբերդ համայնքում, որի կազմի մեջ մտնում են 4 գյուղեր: Այս համայնքով է հոսում Գեղի գետը, որից քիչ վերև «Լեռ-Էքս»-ի կոմբինատն է: Դեպի հանքավայր տանող ճանապարհին` Գեղվա ձորում, կարելի է տեսնել սև, ոչ լայն տրամագծով խողովակաշար, ինչպես նաև ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալների, գլխավոր ինժեների ամառանոցները, որոնք միանգամից աչքի են ընկնում գյուղի խարխուլ, միհարկանի տներից՝ ստեղծելով կոնտրաստ:

Հանքավայրին մոտենալուց 7-8 րոպե անց Մաքսիմ Հակոբյանն էր եկել՝ 3 սև մեքենաներով: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե դա ինչ խողովակաշար է, ասաց.  «Սա տրանսնացիոնալնի խողովոկաշար է: Ի՞նչ խողովակաշար է. սովորական մի հատ խողովակաշար է, որտեղով որ արտանետված, պարզված ջրերը գնալու են ավելի ապահով տեղ»:

Իսկ հարցին, թե մինչ այդ չկար նման խողովակաշար, ԶՊՄԿ-ի տնօրենը պատասխանեց. «Չէ, չկար, բա չես տեսնում՝ հիմա ենք անում»:

Նշենք, որ պարզվածքի խողովակաշարը Լեռնաձորում միանալու է ԶՊՄԿ-ի պոչատարին, որով էլ խառնուրդը գնալու և թափվելու է ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարը:

Մ. Հակոբյանը նշեց, որ խողովակաշարի համար փորձաքննության անհրաժեշտություն չկա, իսկ պոչամբարի համար բոլոր փաստաթղթերն առկա են:  «Բոլոր փաստաթղթերը ձևակերպված են: Նախ՝ մեր ձեռնարկությունը շատ մեծ է, ամեն փոքր բան չէ, որ ես կարամ ինֆորմացիան իմանամ, շատ կարևոր կառույց է, բացառվում է, որ առանց նախագծի, փորձաքննության անցնի»,- ասաց նա:

Իսկ դիտարկմանը, որ համայնքի բնակիչներից հայտնել են, որ այդ աշխատանքների հետևանքով խնձորենիներ են վնասել Աջաբաջ համայնքում, Մ. Հակոբյանն ասաց. «Եթե մենք 4 հատ խնձորենի ենք վնասել, ես 40.000 հատ ծառ ստեղ եմ տնկել, 30.000-ն էլ՝ Երևանում: Ինձ թվում ա՝ ինձ կներեն, եթե 70.000 հատ ծառ եմ տնկել, էդ 4 հատը կարամ փչացնեմ»:

Նա նաև նշեց, որ իրենք ԶՊՄԿ-ից հանքաքար են տեղափոխում «Լեռ-Էքս», վերամշակում այն, այնուհետ նաև ավելացրեց, որ հետագայում նախատեսում են, որ «Լեռ-Էքսում» օրական կմշակեն մոտ 1200-1400 տոննա հանքաքար: Այն, որ «Լեռ-Էքս»-ը տարեկան 22 մլն տ հանքաքար մշակելու կարողություն ունեցող ԶՊՄԿ-ի հանքաքարն է մշակում, առնվազն զարմանք է հարուցում: Հակոբյանի փոխանցմամբ` հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լեռ-Էքս»-ը դեռ ուսումնասիրություններ է կատարում, այսինքն` գործարարը գնել է հանքի հանդեպ իրավունք ունեցող ընկերությունը` վերջնական հստակ պատկերացում չունենալով հանքի պաշարների մասին: Ու հիմա կոմբինատը պարապուրդի չմատնելու համար այնտեղ վերամշակման է բերում ԶՊՄԿ-ի արդյունահանած հանքաքարը: Արդյո՞ք սա չի հաստատում այն լուրերը, որ Մաքսիմ Հակոբյանին ստիպել են գնել «Լեռ-Էքս»-ը, չնայած գործարարը, ինչպես և պետք էր սպասել, հերքում է դա:

Որտե՞ղ է թափվում կոմբինատի պարզվածքը

Այն, ինչ կատարվում է Կապանի գողտրիկ ձորերից մեկում՝ Գեղվա ձորում, կարելի է տեսնել առանց որևէ փորձաքննություն անցկացնելու: Ձորը կորցրել է իր նախկին հմայքը, ինչպես Գեղի գետն իր ձկնային պաշարները: Տեղացիներից մեկը, մեզ հետ զրույցում մատնացույց անելով Գեղի գետը, ասաց, որ կոմբինատի պարզվածքի` այդտեղ թափվելու պատճառով ամբողջ կարմրախայտը սատկել է: Նրա խոսքերով՝ մի ժամանակ գետում լիքն էր կարմրախայտը, իսկ հիմա նույնիսկ հնարավոր չէ անցնել գետի կողքով՝ քիմիական նյութերի հոտի պատճառով:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն էլ, անդրադառնալով տարածքի բնապահպանական խնդիրներին, նախ ընդգծեց, որ այդ ձորում հանք բացելուն դեմ էին քաղաքի բնակիչները: «Կապանցիներից հաճախակի կլսեք, որ մի ձոր էր մնացել, էն էլ ապականեցին: Միաժամանակ դա բոլոր կապանցիների բացթողումն էր, որ թույլ տվեցինք այդտեղ հետազոտական աշխատանքներ ընթանան, և հանք շահագործվեր: Բայց եթե արդեն հանքը շահագործվում է, այն շահագործողները պետք է շատ նրբանկատ լինեն բնապահպանական խնդիրների հանդեպ, որովհետև այդ տարածքներում մի անգամ լինելով, կպատկերացնեք, թե ինչ հրաշք բնություն էր մինչև հանք շահագործելը»,- ասաց նա:

Բնապահպանի խոսքով՝ ժամանակին Գեղի գետում կարմրախայտ ձուկն առատ էր, իսկ կարմրախայտը, ըստ նրա, մաքուր ջրի ինդիկատոր է: Ինչ վերաբերում է պարզվածքի համար կառուցվող խողովակաշարին, նա համարեց ողջունելի, քանի որ այդպիսով կոմբինատի պարզվածքը չի թափվելու գետ: Սակայն դա բավարար նախապայման չէ բնապահպանական ռիսկերը նվազեցնելու համար:

«Այդ տեղանքի որոշ հատվածներում ռելիեֆը շատ բարդ է, բնապահպանական ռիսկեր են առաջանում, հաճախակի վթարներ՝ թե՛ սողանքների, թե՛ վայրի, ընտանի կենդանիների շարժի հետ կապված, և կարծում եմ, որ ընկերության տնօրինությունը պետք է հաշվի առնի այդ բոլոր ռիսկերը»,- ասաց Ա. Փարսադանյանը:

Բնապահպանը նշեց, որ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է իրականացնել ծրագիր, որպեսզի վթարի դեպքում խողովակաշարից արտահոսք չլինի շրջակա միջավայր:

Պարզվածքը փոխադրող գծի կառուցումը, ըստ Մ. Հակոբյանի, կավարտվի 1-1,5 ամիս հետո: Իսկ այս ընթացքում, բնականաբար, կոմբինատի պարզվածքը «Լեռ-Էքս»-ի պոչամբարից կլցվի Գեղի գետը (տես վերևի նկարում): Մինչ բնությունը լուռ տանում է իրեն հասցված վնասը, կոմբինատի ղեկավարությունը փորձում է շահույթ քամել: Իսկ ինչ վերաբերում է եկող սերունդներին, Մաքսիմ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր. «150 տարվա պաշար կա: Ես ձեզ ավելին ասեմ` ես հիմա պնդում եմ անընդհատ, որ մենք ինչքան հնարավոր է շուտ վերցնենք, որովհետեւ 10-20 տարի հետո այս նույն ապրանքը ոչ մեկին կարող է պետք չլինի: Պատերազմներ չլինեն` փամփուշտ պետք չգա»:

Նշենք նաև, որ մարզկենտրոնում խոսակցություններ կան, ըստ որոնց, Մաքսիմ Հակոբյանին տնօրենի պաշտոնից ազատելու են, իսկ նոր տնօրենը լինելու է մայրաքաղաքից:

Մեկնաբանություններ (3)

String
Ajs erevujti (maqsim esiminchyani) datoxutjunner@ miajn hnaravor e ajnpisi erkrum vortex voreve xelq u barojakanutjun ispar batsakajum e. Bolor hanqer@ anhrazhesht e azgajnatsnel isk sra nmannerin vtarel erkrits. Da e hajastani prkutjun@.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ ԶՊՄԿ-ը Սյունիքի ապագայի թիվ 1 վտանգն է. սա բոլորի՛ն պիտի պարզ լինի: Երկրորդ՝ ինձ զարմացնում է այն,որ ոչ ոք չի հարցնում այդ մարդկանց՝ իսկ Ի՞ՆՉ պիտի լինի (սխալ, անբետոնահատակ կառուցված) Արծվանիկի պոչամբարի ապագան. ով,երբ և ՈՒ՞Մ փողերով այն պիտի ապագայում (ասենք՝ 10-20-30 տարի հետո) մաքրվի/կառավարվի: Այս «Լեռ-Էքս»-ի գործարքը ՀԵՐԹԱԿԱՆ ապացույցն է,որ Սյունիքում (դեռ) տիրում է ֆեոդալա-կլանային-բդեշխային համակարգ. այսինքն՝ բիզնեսի անշահութաբեր լինելու դեպքում էլ ՍՏԻՊՈՒՄ են գնել (յունգլիների «կապիտալիզմ»): .................................................Երրորդ՝ վիճակը ավելի կվատանա,եթե ԶՊՄԿ-ի տնօրենի պաշտոնը գնի ոմն երևանցի: Չորրորդ՝ Սյունիքում էլ պրոբլեմների ԼՈՒԾՄԱՆ 2 կախարդական բառերն են՝ ՓՈՔՐ ու ՏԵՂԱԿԱՆ մակարդակով,այսինքն՝ անցում մեծից փոքրին ու Երևանյանից՝ բացառապես մարզային կառավարման: Սրա մասին ավելի մանրամասն գրել եմ իմ հետևյալ 2 հոդվածներում՝ ա) http://hetq.am/arm/news/30946/patand-marzern-u-erevanum-chgtnvats-banalinery-kam--hh-kusakcutyunneri-masin-orenqy-kortsanel-e-marzery.html ............................................. բ) http://hetq.am/arm/news/28294/qajarani-hanqum-korats-demokratian-kam-zangn-e-zur-erb-tshnamid-nersic-e.html
Գեւորգ
Իրավ, տեղանքն այլանդակված է անդառնալի կերպով ու հետագա վտանգներով: Ձնհալի, անձրեւների հետ լանջերը փլվածքներ են տալու ու այդ հող ու քարի մասսան՝ ծառերի հետ հոսելու է ձորը՝ քանի որ հիմքի շերտն արդեն խախտված է ու զրկված բուսական ծածկից: Բարբարոսների գործ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter