HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հակադիր մոտեցումներ Հայոց ցեղասպանությանը. հայ եւ թուրք ցուցարարները` հանդիպակաց մայթերին (ֆոտո, վիդեո)

Զաբել Սապունջյանն ասում է, որ արդեն 44-րդ տարին, ինչ ապրում է ԱՄՆ-ում, պարտադիր գալիս է բողոքի ակցիայի: Նա բողոքում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի իշխանություններից, որոնցից առաջինը մեկ դար առաջ իրականացրած ոճրագործությունը շարունակում է այսօր Քեսաբում: Իսկ երկրորդը, ըստ Զաբել Սապունջյանի`  նախագահ Օբաման հետ է կանգնել հայերին տված իր խոստումից եւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ Օբաման իր ուղերձում կրկին օգտագործեց Մեծ եղեռն արտահայտությունը:

Երեկ, ի թիվս սփյուռքի այլ գաղթօջախների, Վաշինգտոնում տեղի հայությունը նույնպես նշեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-րդ տարելիցը: ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանության առաջ մարդաշատ էր. դիմացի մայթին հավաքվել էին հայ համայնքի եւ վերջինիս սատարող տարբեր ազգությունների անհատներ, որոնք Ցեղասպանության ճանաչման, դրա ժխտողականությունը, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարության դիրքորոշումը քննադատող բովանդակությամբ պաստառներ էին պարզել` դիմացի մայթին հավաքվածներին ի տես:

Իսկ թրքական դեսպանատան առջեւ հավաքվել էր նմանատիպ խումբ, որը պարզել էր Թուրքիայի դրոշներն ու հակահայկական պաստառներ: Կար նաեւ Ադրբեջանի դրոշը: Թուրքերը բարձր երաժշտություն էին հնչեցնում, այդ թվում` միացվեց հայկական ծագումով, Թուրքիայում հայտնի «Սարի գելին» երգը:

Թուրքական կողմն իր թվաքանակով զիջում էր 150-200 հոգուց բաղկացած հայ ցուցարարներին, սակայն բավականին ագրեսիվ էր տրամադրված: Ինչպես տեղեկացանք, նախանցյալ տարի նրանք կրկին նման վարքագիծ էին դրսեւորել` պարելով ու երգելով, ինչից հետո այդ երկրի դեսպանը զգուշացում էր ստացել, եւ 2013-ին նման բան չէր կատարվել, սակայն այս տարի դեսպանի բացակայության հետեւանքով, ըստ էության, նույն պատկերն էր:

Կալիֆորնիայից Վաշինգտոն էին ժամանել հայ բայկերներ, որոնք ցուցարարների թվում էին: Նրանց ժամանելը ոգեւորությամբ ընդունվեց ակցիայի հայ մասնակիցների կողմից: Քիչ անց բայկերները ցուցադրաբար անցան թուրքական դեսպանության մայթի դիմացով, ինչն ակնհայտորեն դուր չեկավ թուրքերին, որոնք սկսեցին թրքերենով կոչեր անել:     

Թուրքիայի վարչապետ Էրդողանի, այսպես կոչված, ցավակցության հակառակ պատկերը փողոցում էր, որտեղ թուրքերը Ցեղասպանությունը որակում էին իբրեւ սուտ եւ կոչ անում վերջ տալ դրան` միաժամանակ իրենք հայտարարելով հայ «տեռորիստների» մասին:

Ցուցարար Զաբել Սապունջյանն (լուսանկարի կենտրոնում) ասում է, որ թուրքերն իրենց ստախոսությունը նույն ստով են ուզում ծածկել` ավելացնելով, որ վախենալով հայերի իրավունքների ճանաչումից` թուրքերը գնում են ուրացման ուղիով:

«Դժբախտաբար, նախագահ Օբաման խաղում է բառերի հետ: Պատմությունը լավ գիտի, ասել է սենատոր եղած ժամանակ, սակայն հիմա Թուրքիան թույլ չի տալիս այլ բառեր օգտագործել:

Ամերկյան դիվանագիտությունը եւ Հայոց ցեսպանությունը գրվել են Անկարայում: Սա ամոթալի է: Ամերիկացիներն իրենց սեփական քաղաքականությունը պետք է ունենան»,- ասում է ակցիայի մասնակիցներից ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:  

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, թե նախագահը բավականին հստակ է արտահայտվել այն մասին, որ 1,5 մլն հայ է սպանվել, ինչը վատագույն դեպքերից մեկն է: «Հետքի» հարցին, թե ինչու է Օբաման միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն-գենոցիդ բառի փոխարեն օգտագործում Մեծ եղեռն տերմինը, տվեց խուսափողական պատասխան` միաժամանակ նշելով, որ այդ արտահայտության կիրառումն արդեն խոսում է ԱՄՆ-ի` այս հարցում հստակ դիրքորոշման մասին: Պաշտոնյան հավելեց, որ ԱՄՆ-ն Հայաստանին ու Թուրքիային հորդորում է վերջնականապես կարգավորել հարաբերությունները, ինչից երկուսն էլ միայն շահելու են: Մեր հարցին, թե ինչու հայ-թուրքական արձանագրությունների ջատագովներից ու մերձեցման գործընթացը խթանողներից մեկը հանդիսացող Միացյալ Նահանգները այժմ չի դրդում Թուրքիային գնալ հստակ քայլերի` արձանագրությունների վավերացման, եւ արդյոք ԱՄՆ-ի համար էականը միայն ստորագրման փաստն էր, պետդեպարտամենտի աշխատակիցը նշեց, որ իրենք հազվագյուտ են մասնակցություն ունենում զուտ մասնակցելու համար, սակայն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչու իր երկիրը չի դիմում գործնական քայլերի` իր իսկ հովանավորած մերձեցումը ի վերջո կյանքի կոչելու համար: Փոխարենը, ըստ մեր զրուցակցի, դեռ շուտ է խոսել գործընթացի ձախողման մասին, եւ այն դեռ չի ավարտվել:


Արամ Համբարյանն ասում է, որ այս ակցիան Թուրքիային ցույց է տալիս այն, որ հայերը չեն մոռացել իրենց պատմությունն ու դատը, պահանջատեր են լինելու, պայքարելու են: Մյուս կողմից, ըստ Համբարյանի, էական է նաեւ աշխատանքներ տանել Սպիտակ տան, Կոնգրեսի երկու պալատների, մամուլի հետ:


Երկու ժամ տեւած ակցիայից հետո հայ ցուցարարները շարժվեցին նույն թաղամասում գտնվող ՀՀ դեսպանատուն, որտեղ պսակներ դրվեցին դեսպանատան բակում կանգնեցված խաչքարի դիմաց, եւ անմեղ զոհերի հոգեհանգստի արարողակարգ մատուցվեց: Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter