HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 անգամ վիրահատված ազատամարտիկը դիմում է մարդկանց

42-ամյա Հայկ Պետրոսյանի ընտանիքում որևէ մեկը չի աշխատում: Ինքն ի վիճակի չէ, 2-րդ կարգի հաշմանդամ է: Կինը`Վարդուհին խնամում է ամուսնուն ու երեք անչափահաս երեխաներին: Մեծը՝ Ելենան 8 տարեկան է, երկու տղաները՝ 6 և 4 տարեկան: 

Հայկ Պետրոյանը 17 տարեկանից՝ 1989 թ.-ից կամավոր անդամագրվել է Հատուկ գնդին: 1992-ից մինչ օրս գլխի, ոտքի, ձեռքի 12 վիրահատություն է տարել: Պատերազմի ժամանակ ծանր վիրավորվելու հետևանք է: Աջ քունքի ոսկորը բացակայում է: Բժիշկներն ասել են, որ նման վիրահատությունը շատ թանկ արժե: Բայց Հայկ Պետրոսյանն այժմ քունքի ոսկորի մասին չի մտածում, ավելի հրատապ հարցեր կան թե՛ առողջական, թե՛ ֆինանսական: Ընտանիքը գոյատևում է թոշակով ու ընտանեկան նպաստով:

Մեկ ամիս անց 13-րդ վիրահատությունը պիտի արվի. «Ձեռքս դարձյալ պիտի վիրահատեն, ձեռքիս մեջ երկաթ կա, պիտի հանեն: Մինչև հիմա բոլոր վիրահատությունները պետական պատվերով են արվել, բայց այս տարվա համար  նախատեսված գումարն արդեն սպառվել է, ես պիտի վճարեմ»,-պատմում է Հայկը: 

1990 թ-ին Հայկ Պետրոսյանը մեկնել է զինվորական ծառայության, վերադառնալով՝ 1992-ից դարձյալ կամավոր մասնակցել Քելբաջարի ազատագրմանը, Բերդի, Վահան գյուղի պաշտպանությանը: 1994թ.  զինադադարից հետո մինչև 2006թ. ծառայության է անցել հայոց բանակում՝ Ճամբարակի զորամասում որպես դասակի հրամանատար, ապա առողջական խնդիրների պատճառով դուրս եկել, անցել թոշակի: 

Մինչև այս տարվա սկիզբը Հայկ Պետրոսյանն իր ընտանիքով ապրել է Ճամբարակում՝ մի լքված տան մեջ: Բնակարան ստանալու համար 2006 թ.-ից հերթագրվել է պաշտպանության նախարարությունում: Այս տարի պետությունը 2 մլն դրամ է հատկացրել Հայկին՝ տուն գնելու նպատակով: Բայց այդ գումարով նա չի կարողացել Ճամբարակում բարվոք տուն գտնել. «Ստիպված ես էլ 2000 դոլար տոկոսով փող վերցրեցի, ավելացնեի, որ տունը կարողանամ առնել ու ընկա կրակը: Հիմա չեմ կարողանում տոկոսները վճարել: Հայաստանում մարդիկ կան, ում համար այդ գումարը վճարելը խնդիր չէ: Եթե կարող են օգնել ինձ ազատվել այդ տոկոսով պարտքից, միայն շնորհակալ կլինեի: Գեներալ Սարոյան Սեյրանի հետ եմ կռվել: Իմ ռազմական ընկերն է եղել, ասեմ՝ հերոսական էր կռվում: Իր հեռախոսահամարը չունեմ, թե չէ կզանգեի, կպատմեի իմ գլխով անցածի մասին: Նամակ եմ գրել Գագիկ Ծառուկյանին, բայց կարծես չի հասնում, ոչ մի պատասխան չեմ ստանում»,- ասում է Հայկը: 

Հայկ Պետրոսյանը պարգևատրվել է մարտական ծառայության եւ արիության մեդալներով. «Երբեք չեմ կարևորել նման բաներ: Ես ֆիդայական ֆոտոներ մեկ-երկու հատ ունեմ, իմ գործն եմ արել, չեմ սիրել ռեկլամել արածս: Մտածել եմ, որ հայրենիքը պաշտպանելը բնական է ու հերոսություն չկա այդտեղ»,-շարունակում է նա: 

Տարիներ անց միայն Հայկ Պետրոսյանը գտել է 1992թ. արված եզակի լուսանկար, որտեղ ինքն էլ կա (ձախից առաջինը՝ կիսանստած): 

12 անգամ վիրահատված ազատամարտիկ Հայկ Պետրոսյանին ու նրա ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են վճարումներ անել այս հաշվեհամարներին: 

«ՎՏԲ Հայաստան բանկ»

AMD 16023101474902

USD 16023101474903

EUR 16023101474904

RUB 16023101474905

Հաշվեհամարի տերը՝ Հայկ Պետոսյանի կինն է՝ Վարդուհի Դանիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter