HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խանութները տուգանվում են, սակայն վիճակը չի փոխվում

Ալավերդու հարկային տեսչությունում գրանցված 88 մթերային խանութներից հիգիենիկ նորմատիվներին շատ թե քիչ համապատասխանում են հազիվ երկու խանութներ` «Աթոռիկ» ՍՊԸ-ին պատկանող Սարահարթ թաղամասի կենտրոնական վաճառատունը եւ Նարինե Խառատյանին պատկանող՝ նույն թաղամասում գտնվող խանութը:

«Մնացած խանութները նորմատիվային հիգիենիկ պահանջներին չեն համապատասխանում: Այս պատճառով, թեեւ վերջին տարիներին շուրջ 70 խանութներ տուգանվել են, այդուհանդերձ, այդ խանութների վիճակը չի փոխվում»,- ասաց պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետի տեղակալ, բժշկուհի Ժանետա Վերդյանը:

Ըստ նորմատիվների՝ խանութները պետք է ունենան հանգստի սրահ, հանդերձարան, հաճախասրահ, պահեստային մաս եւ ամենակարեւորը` սանհանգույց եւ լվացարան: Սակայն Ալավերդիում 80 մթերային խանութները զուրկ են նորմատիվային ամենակենսական պահանջներից` լվացարանից եւ սանհանգույցից: Ինչպես պատմում են սպառողներից ոմանք, շատ վաճառողներ իրենց բնական կարիքները բավարարում են խանութներում պահվող հատուկ դույլերում, քանի որ ջուր եւ լվացարան էլ չունեն, մնում է ենթադրել, որ նրանք սննդամթերք վաճառում են անլվա ձեռքերով:

Սանիտարական տեսանկյունից ավելի վատ վիճակում են մսի վաճառքի կետերը: Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի բժիշկ, հիգիենիստ Աշխեն Մոսինյանի 19.04.2006թ. թիվ 0558 «Զոհրաբ Մղդսյան» ԱՁ մսի վաճառքի կետի (տնօրեն՝ Զոհրաբ Մղդսյան) ստուգման ակտից. «...մսի վաճառքի կետը գտնվում է քաղաքային շուկայի տարածքում, կազմված է 10քմ մակերես ունեցող մեկ շինությունից, կատարում է մսի մասնագիտացված վաճառք, օժանդակ հարմարություններ չունի, մսի պահպանումը եւ վաճառքը կատարվում է միեւնույն բաժնից: Վաճառքի կետը հոսող տաք եւ սառը ջրով ապահովված չէ: Ձեռքերի լվացման համար պահանջվող լվացարանը բացակայում է»:

Երկարատեւ վերանորոգումից հետո վերջերս շահագործված Ալավերդու շուկայի ներսում կա լվացարան եւ զուգարան, բայց քանի որ մսի վաճառքի կետերը չեն պատկանում շուկային, ուստի «միս վաճառողները այստեղ զուգարանից եւ լվացարանից կարող են օգտվել միայն վճարելու դեպքում»,- ասաց շուկայի սեփականատերերից մեկը` Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:

Պարզվում է՝ օրվա ընթացքում յուրաքանչյուր մսավաճառ, չհաշված օգնականներին, 5-6 անգամ զուգարանից եւ լվացարանից օգտվելու դեպքում ամսվա մեջ շուկային պետք է վճարի շուրջ 9 հազար դրամ: Հազիվ թե մսավաճառները գնան նման շռայլության մաքուր ձեռքերով աշխատելու կարեւորությունը գիտակցելուց: Կրպակում աղտահանման հնարավորություններ չկան: Սառնարաններում պահվող մսատեսակների նկատմամբ ջերմային ռեժիմի հսկողություն չի կատարվում, մսի մասնատման եւ մշակման կոճղը հիգիենիկ նորմերին չի համապատասխանում:

Աշխեն Մոսինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հանձնարարագրով 2006թ. ստուգման են ենթարկվել նաեւ մսի վաճառքի նշված կետի հարեւանությամբ գտնվող Վարուժան Խեչիկյանին, Համլետ Իսոյանին եւ Վարուժան Նորեկյանին պատկանող մսի վաճառքի մյուս երեք կետերը, որտեղ նույնպես արձանագրվել է հակահիգիենիկ նույն ծանր վիճակը: Նշենք նաեւ, որ հարեւան գյուղերից մորթած անասունի միսը վաճառքի կետեր տեղափոխում են պատահական ավտոմեքենաներով: Քանի որ Ալավերդիում վաղուց չի գործում անասունների սպանդանոցը, այստեղ հաճախ անասուն մորթում են հենց մսի վաճառքի կետերի առաջ, կենտրոնական մայրուղուն հարող մայթի վրա: Իսկ մսի վաճառքի կետերի առջեւ մշտապես վխտում են թափառող շները:

Ինչպես մեզ հայտնեցին Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Ալավերդու բաժանմունքում եւ Ալավերդի «Պոլիկլինիկա» ՓԲԸ-ում, անմխիթար վիճակում է մթերային խանութներում աշխատող վաճառողների բժշկական զննությունը. ըստ պոլիկլինիկայի համապատասխան հանձնաժողովի՝ 2006թ. 88 մթերային խանութների աշխատողներից բժշկական զննություն անցել է ընդամենը մեկը, իսկ Ալավերդիում գրանցված է շուրջ 300 տուբերկուլյոզով հիվանդ: Որպես կանոն՝ խանութներում վաճառվող «ԳԳԳ», «Բարի սամարացի», «Արարատ», «Լինդա» ֆիրմաների երշիկեղենը մշտապես ընդունվում եւ վաճառվում է պարտադիր մակնշման թերի տեղեկատվությամբ, իսկ Արզնիի եւ Երեւանի թռչնաֆաբրիկաներից ձուն տարիներ շարունակ խանութներին առաքվում է առանց անասնաբուժական թիվ 2 ձեւի:

Նշված սննդամթերքը այդպես վաճառում են «Նաիրա» ՍՊԸ-ին, «Զեմֆիրա Գրիգորյան» ԱՁ-ին, «Արմեն Կարապետյան» ԱՁ-ին պատկանող եւ մյուս խանութներում: Ներկայումս էլ «Արմեն Կարապետյան» առեւտրի սրահում ցուցադրվում եւ վաճառվում են 18.07.2004թ. վերջնաժամկետով «Ավեդով» 1400 դրամ արժեքով զեյթունի ձեթը, մանկական Բիգ-բաբոլ, Օրբիտ ծամոնները եւ «Տոնական» թխվածքաբլիթները:

Հակասանիտարական, տարրական պայմաններից զուրկ, անճոռնի ու փնթի փայտե տնակներում է վաճառվում ամենամասսայական օգտագործման սննդամթերքը` հացը, որը, շատ դեպքերում, սպառողներն ընտրում են ամբողջ տեսականին շոշափելուց հետո միայն: Հաց վաճառողները չունեն արտահագուստ եւ ձեռնոցներ: Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածի ճանապարհաեզրին տեղակայված Ալավերդու հացի գործարանին պատկանող տնակի հացավաճառ Կարինե Սարգսյանը ոչ միայն արտահագուստ եւ ձեռնոցներ չի հագնում, այլեւ գնորդների առջեւ ձեռքերով խաղում է թափառող շների հետ, իսկ հետո, առանց ձեռքերը լվանալու, վաճառում հացը:

 Մթերային ապրանքների վաճառքի հակասանիտարական ծանր վիճակ է «Հայպետշին» թաղամասի շուկայում, որը ալավերդցիները, չգիտես ինչու, «Լաչինի միջանցք» են անվանում: Այստեղ սննդամթերքն ու բանջարեղենը վաճառվում են հենց գետնի վրա: Իսկ շուկայի կենտրոնով անցնող կոյուղագծերի հաճախակի կրկնվող վթարի հետեւանքով կեղտաջրերը հոսում են սննդամթերքի ու բանջարեղենի կողքով` գարշահոտություն տարածելով շուկայի տարածքում:

«Չնայած սննդի առեւտրի ոլորտում ստեղծված հակասանիտարական վիճակին, բարեբախտաբար Ալավերդիում վերջին տարիներին համաճարակներ չեն արձանագրվել, սակայն դրա վտանգը ես տեսնում եմ հացի եւ փողոցներում սննդամթերքի բաց վաճառքի մեջ»,- ասաց Ալավերդու հիվանդանոցի համաճարակաբան Սուրեն Լալայանը:

Մեր հարցին, թե որքան պետք է Ալավերդիում շարունակվի սննդամթերքի հակահիգիենիկ այս վաճառքը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ասաց. «Մինչեւ օրս փողոցային հակահիգիենիկ առեւտրի դեմ մենք պատշաճ պայքար չենք մղել նաեւ այն պատճառով, որ փողոցային առեւտրով իրենց օրվա հացի փողը աշխատող մարդկանց առեւտրով զբաղվելու առավել պատշաճ վայր չենք կարողացել առաջարկել, սակայն շուրջ մեկ ամիս առաջ, երկարատեւ վերանորոգումից հետո շահագործվեց շուկան, եւ մարդիկ այնտեղ կարող են առեւտուր անել»:

«Կատա» անունով նախկին քաղաքային շուկան պատկանում է քաղաքապետ Արթուր Նալբանդյանին, «Հյուսիսային էլ.ցանց» ՓԲԸ-ի Թումանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանին եւ Ալավերդու բնակիչ Տարոն Աբգարյանին:

Սակայն դեպի նորաբաց շուկայում մինչ օրս թե՛ առեւտրականների, եւ թե՛ սպառողների ելումուտ չկա: Բացման օրից այստեղ բանջարեղեն է վաճառում ընդամենը մեկ առեւտրական:

«Շուկայի 2 մետրանոց վաճառասեղանի համար վաճառողը օրական պետք է վճարի 800 դրամ, որն էլ շահավետ չէ, իսկ «Հայպետշին» թաղամասի շուկայում տնակ ունեցողներս ամսվա մեջ վճարում ենք 1.040 դրամ,- ասաց բարձրագույն մանկավարժական կրթությամբ առեւտրական Գեորգին՝ ավելացնելով, որ չի պատրաստվում տեղափոխվել նորաբաց շուկա,-իսկ պարտադրելու դեպքում կմեկնեմ Ռուսաստան»:

Քաղաքապետ Արթուր Նալբանդյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ «մինչեւ տոլով ծածկված զուգարան հիշեցնող առեւտրական տնակներից չազատվենք, հիգիենիկ առեւտրի մասին խոսելն անիմաստ է»:

Մինչ քաղաքապետը դատում է, Ալավերդիում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունը շարունակում է սպառնալիքի տակ մնալ: Վտանգի վերացման մասին տեղական իշխանությունը առայժմ միայն խոսում է, իսկ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնը շարունակում է իրավիճակը չփոխող ստուգման ակտեր գրել, որոնց համար սահմանված տուգանքները շատ դեպքերում նույնիսկ չեն վճարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter