HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոյություն չունեցող անձը Վարդան Պետրոսյանի գործով արձանագրություններ է ստորագրել

Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստին Հակոբյաններից ներկայացել էր միայն Արթուր Հակոբյանի ընտանիքը: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին Հայկ Հակոբյանի ընտանիքից հայտնել էին, որ դատական նիստն առանց իրենց շարունակեն:

«Առ այսօր ինչ արվել է, լրատվամիջոցների համար է արվել». Ռ.Բալոյան

Անցյալ դատական նիստին ապացույցների հետազոտումը սկսվել էր Տաթևիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակումից: Եվ քանի որ այդ ապացույցն արդեն հետազոտված էր, Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ դեպքից 5 օր անց տուժող Տաթևիկ Հակոբյանը դատաբժշկին հայտնել է, որ իրենց մեքենան ճամփեզրին  է եղել, երբ մեքենան հարվածել է:

Հետո փաստաբան Բաղդասարյանը միջնորդեց news.am կայքում տպագրված տուժող Էմմա Հակոբյանի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հարցազրույցը սկավառակով կցել քրեական գործին:  Հարցազրույց-տեսանյութում Էմմայի ընկերուհին նշել է, թե «Նիվայի» մեջ որտեղ են նստած եղել Հակոբյան ընտանիքի երեխաները: Օրինակ, ըստ այդ հարցազրույցի, Էմման նստած է եղել երկու նստատեղերի արանքում դեմքով դեպի քույրն ու եղբայրները: Դատախազ Արթուր Սարգսյանն առարկեց՝ նշելով, որ մասնավոր կայքից հանված մասնավոր անձի զրույցը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ, և անիմաստ է այն կցել գործին: Ռուբեն Բալոյանն ասաց. «Բառ չեմ գտնում ասելու: Պաշտպանական կողմը գտնում է մի բառ, որ կառչի, փորձում է օգտվել նրանից, որ Տաթևիկը շատ ծանր վիճակում է պատասխանել դատաբժշկի հարցերին: Այս միջնորդության նպատակը նույնպես այն է, որ լրատվամիջոցների ուշադրությունը գրավի, այն գործի նյութերի հետ կապ չունի: Առ այսօր ինչ արվել է, լրատվամիջոցների համար է արվել: Իսկ եթե լրատվամիջոցները շարունակեն կողմնակալ լուսաբանել, ապա ստիպված կլինեմ միջնորդել, որ առհասարակ չլուսաբանվեն նիստերը»,-ասաց Ռուբեն Բալոյանը՝ կարծիք հայտնելով, որ լրատվամիջոցները հիմնականում ներկայացնում են պաշտպանական կողմի դիտարկումները:

Միջնորդության մասին իր դիրքորոշումը հայտնելով՝ Վարդան Պետրոսյանը նշեց. «Նույն համացանցում քաղաքացի Բալոյանը հանգիստ կերպով բաներ է գրում իմ հարբած լինելու մասին, տուժող կողմը գրում է հարբած վիճակով սիրուհիներիս մոտ գնալու մասին: Այսինքն՝ այդ ամենը կարելի է անել, բայց այն, ինչ կարող է որոշիչ դեր խաղալ այս դատավարության ընթացքում, ասվում է՝ պետք չի»:

«Մենք մեր աշխատանքն ենք անում, լրատվամիջոցները կարող է և չլինեն, բայց մենք դատական քննությունը պիտի անենք: Պարզապես ապահովում ենք դատավարության հրապարակայնությունը»,-նշեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը՝ որոշում կայացնելով սկավառակը կցել գործի նյութերին:

Ինչքան առաջ է տարվում մեքենայի հետվթարային դիրքը, այնքան բարձրանում է արագությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտումը: Հրապարակվեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որը կայացվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին: Հրապարակվեցին նաև դեպքի վայրի զննության (կից սխեմայով), ապա երկու մեքենաների զննությունների արձանագրությունները: Հենց կից սխեման էլ դարձավ քննարկման առարկա:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց գործի նյութերին կցել  «Կառուցագետ» անկախ փորձագիտական կենտրոնի կողմից կատարված տեղանքի չափագրման սխեման: Կենտրոնի փորձագետ Ա.Հարությունյանի կատարած աշխատանքի և նախաքննության քննիչ Հ.Հակոբյանի կատարած սխեմաները տարբեր թվերում 4-6 մետրի տարբերություն էին տալիս: Իսկ գործի նյութերում առկա սխեմայում գրված 8 մետր նշումը, ըստ փաստաբանի, առհասարակ չի համապատասխանում իրականությանը:

«Ինքներդ նայեք, որ այդ թիվը սարքված է, դա ի սկզբանե 8 չի եղել: Մեքենաների հետվթարային դիրքերի տեղը 4 մետրով քննիչը սխեմայի մեջ շարժել է առաջ: Իսկ ինչքան առաջ է տարվում մեքենայի հետվթարային դիրքը, այնքան բարձրանում է արագությունը: Սխալ է նշվել նաև ավտոմեքենայից թափված հեղուկի տեղը, անվադողերի հետքերը նշված չեն, արձանագրված չեն կողասահքի հետքերը»,-ասաց Բաղդասարյանը՝ խոշորացույցը մոտեցնելով քննիչի կողմից պատրաստված սխեմային ու փոքր մոդելի մեքենաներով ցույց տալով երկու մեքենաների հետվթարային վիճակը:   

Արձանագրությունների տակ ստորագրել է գոյություն չունեցող անձ

Դեպքի վայրի արձանագրությունը հրապարակելուց հետո (որը կատարվել է հոկտեմբերի 20-ին, սա հետաքրքիր է այնքանով, որ քրեական գործը հարուցվել է միայն ամսի 21-ին) փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ապացույցներ, ըստ որոնց արձանագրությունների տակ ստորագրած ընթերականերից մեկը գոյություն չունեցող անձ է: Բանն այն է, որ Վազգեն Գարեգինի Կարապետյան անուն, ազգանուն, հայրանունով մարդ (Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 1985 թ-ին ծնված) Հայաստանում չկա:

Փաստաբանը դիմել է ոստիկանության անձնագրային վարչություն ու ստացել պատասխան, որ նման անձ Հայաստանում հաշվառված չէ և չի էլ եղել: Այնուհետ Բաղդասարյանը elections.am կայքից դուրս է բերել բոլոր Վազգեն Կարապետյաններին, սակայն Գարեգին հայրանունով 4 անձ է գտնվել, որոնք, սակայն, 1985 թ-ի ծնունդներ չեն եղել, այլ տարիքով մարդիկ: Բացի այդ, այլ հաշվառում ունեն, իսկ հաշվառումից դուրս գալու տվյալներ չկան: Փաստաբանը նաև հարցում է կատարել Զորավանի գյուղապետարան ու ստացել պատասխան, որ նման բնակիչ իրենք չեն ունեցել և չունեն:

Այս բոլոր հարցումներն՝ իրենց պատասխաններով փաստաբանը միջնորդեց կցել քրեկական գործին: Տուժող կողմն ու դատախազը չառարկեցին: Դատարանը դրանք կցեց քրեական գործին: Նիկոլայ Բաղդասարյանը միջորդեց անթույլատրելի ճանաչել այն ապացույցները, որոնք, որպես ընթերակա, ստորագրել է Վազգեն Գարեգինի Կարապետյանը, քանի որ դրանք ձեռք են բերվել քննչական գործողությունների խախտմամբ:   

Դատախազ Արթուր Սարգսյանի կարծիքով, հնարավոր է անձնագիր չունեցող անձը ներկայացել է այդ տվյալներով: Ուստի խնդրեց ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը ևս կարողանա պարզել՝ նման տվյալներով անձ կա Հայաստանում, թե՝ ոչ: Ռուբեն Բալոյանի կարծիքը նույնպես այն էր, որ  իրենք ևս փորձեն ընթերակայի վերաբերյալ տվյալներ ճշտել. «Եթե Բաղդասարյանը չի գտել ընթերակային, դա դեռ չի նշանակում, որ նա չկա»,-ասաց փաստաբան Բալոյանը: Դատախազն ու տուժողի ներկայացուցիչը խնդրեցին հետաձգել միջնորդության քննությունը: Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև դրա վերաբերյալ էական հանգամանքների պարզումը:

Սթափ բառի «ս» տառն, ըստ Ռ. Բալոյանի, կասկածելի է

Նաիրիի (Եղվարդի) բժշկական կենտրոն ընդունվելիս հենց դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին ստուգվել է՝ արդյոք Վարդան Պետրոսյանը սթա՞փ է վարել մեքենան, թե՞ ոչ: «Հետքը» դեռ նոյեմբերին հրապարակել էր ԲԿ-ի կողմից հաստատված փաստաթուղթը, ըստ որի Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ:

«Սթափ բառը ջնջումով է գրված»,-շեշտեց տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: «Պարոն Բալոյանը ճիշտ չի ասում, հարգելի դատարան: Ոչ մի ջնջում էլ այդ փաստաթղթում չկա, պարզապես «ս»-ի պոչիկը մի քիչ վերև է: Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը չի հերքել նախաքննական մարմինը, չի վիճարկել նաև Ռուբեն Բալոյանը ողջ նախաքննության ընթացքում, իսկ դատաքննության սկսվելու նախօրեին սկսեց հրապարակումներով հանդես գալ, թե կապացուցի, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել»,-առարկեց Նիկոլայ Բաղդասարյանը: Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ կարող են անգամ այդ «սթափ» բառի «ս» տառը հանել ու թողնել «թափ» բառը, և եթե ինքը սթափ չլիներ, ապա միգուցե կգրվեր «անսթափ» բառը: 

Ռուբեն Բալոյանն ասաց, որ Հայկ ու Արթուր Հակոբյանների, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունները միջնորդելու է, որ անթույլատրելի ապացույցներ ճանաչվեն. «Բոլոր տեղերում էլ միայն նշված է սթափ բառը, իսկ 0,00 տոկոս գրված չէ»,-առարկեց Բալոյանը: Նրա կարծիքով, առհասարակ Վարդան Պետրոսյանի հիվանդության ողջ պատմությունն է խեղաթյուրվել: 

Նիկոլայ Բաղդասարյանն, իր հերթին, հարցումներ է արել Նաիրիի (Եղվարդի) և «Էրեբունի» բժշկական կենտրոններ, որտեղից էլ ստացվել են պատասխաններ, առաջին դեպքում ուղարկվել է Վարդան Պետրոսյան վարորդի սթափության վիճակի մասին արձանագրությունը, իսկ «Էրեբունի» ԲԿ-ից փաստաբանին պատասխանել են, որ նման ստուգում իրենց մոտ առհասարակ չեն կատարում:       

Դատաքննությունը կշարունակվի մայիսի 16-ին: Այդ օրը փաստաբան Բաղդասարյանին կմիանան նաև Ֆրանսիայի քաղաքացի փաստաբանները: 

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Sevan Ayrapet ես, ինչ ես, չեմ ալարել ու կարդացել եմ, դու երևի հայերեն չես հասկանում, որ անկապ մեկնաբանություններ ես գրում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter