HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Նպատակ ունենք անել այնպես, որ մարդիկ փողոցում չմնան»

Վահե Սարուխանյան
Արարատ Դավթյան

Հարցազրույց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանի հետ

2006թ.-ին Երեւանի Չորրորդ գյուղի թիվ 1 տուն-ինտերնատին կից բացվեց Անօթեւանների սոցիալական օգնության կենտրոնը։

- Ինչպե՞ս հիմնվեց կենտրոնը:

- Մենք դրա անհրաժեշտությունը վաղուց էինք զգում: Բայց անօթեւանների թվի մասին ոչ քաղաքապետարանը, ոչ ոստիկանությունը, ոչ մի մարմին վիճակագրական տվյալ չուներ (այժմ էլ չունի), որ մենք կարողանայինք ասել, թե քանի տեղանոց կացարան է պետք: Մեծ քաղաքների փորձն ուսումնասիրելով՝ որոշեցինք Երեւանում բացել 30 տեղանոց կացարան: 2006-ին պետբյուջեում շուրջ 87 մլն դրամ նախատեսվեց այդ նպատակի իրագործման համար: Անցյալ տարվա ձմռանը շենքի վերանորոգման համար գումարները դեռ չէինք ստացել, եւ պարզապես երկու սենյակ կոսմետիկ վերանորոգեցինք: Այժմ այն հիմնովին վերանորոգված է: Բոլոր պայմանները կան: Կենտրոնի այս տարվա բյուջեն 30 մլն դրամ է:

- Ովքե՞ր են կացարանի բնակիչները, եւ ինչպե՞ս են նրանց հավաքում ու ընդունում:

- Մենք 18 տարին լրացած անօթեւան մարդկանց խնդիր ունեինք լուծելու: Մինչեւ 18 տարեկանների համար ՀՕՖ-ի կենտրոն կա Զեյթունում, որտեղ հավաքվում են թափառաշրջիկ եւ առավելապես մուրացկան երեխաները: Կարեւոր չէ՝ անօթեւան մնացած մարդը հաշմանդամ է, կենսաթոշակառու, փախստական, թե ուղղակի փողոցում է հայտնվել: Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ անձը դիմում է տարածքային սոցիալական ծառայություն, այնտեղից էլ ուղարկում են, դիմողը կարող է միանգամից գնալ կենտրոն, կամ եթե կա ահազանգ, սոցծառայությունը, ոստիկանությունը կամ կենտրոնի աշխատողները տեղափոխում են անօթեւաններին: Մենք մարդկանց տանում ենք կացարան, պարզում ենք, թե ինչն է խնդիրը: Կարելի է ասել՝ 95 տոկոսը չունի փաստաթղթեր: Իրենցից իմանում ենք անուն-ազգանունները եւ մեկ օրվա ընթացքում հայտնում ենք ոստիկանության տարածքային բաժին, մենք պարտավոր ենք դա անել:

- Ինչպիսի՞ օգնություն է ցույց տրվում կենտրոնում:

- Առաջին մի քանի ժամվա ընթացքում ընդունվածների սանիտարական ախտահանում է արվում: Հիմնականում իրենց հագուստն այրվում է, եւ նորն է տրվում: Կենտրոնն ունի բաղնիք, բժիշկ, սոցիալական ծառայող, իրավաբան, հոգեբան: Մենք բժշկական օգնություն ենք ցույց տալիս, անօթեւաններին սպասարկում է տուն-ինտերնատի պոլիկլինիկան: Հարկ եղած դեպքում մարդկանց տեղափոխում ենք դիսպանսեր: Անցյալ տարի, օրինակ, մեկին տեղափոխեցինք տուբ-դիսպանսեր. պարզվեց՝ տառապում է տուբերկուլյոզով: Կարող են պատահել հոգեկան ու վեներական հիվանդներ: Անօթեւաններին նաեւ օգնում ենք ձեւակերպել փաստաթղթերը: Անտուն փախստականների համար դիմում ենք Միգրացիայի վարչություն, հոգեկանների դեպքում՝ հոգեբուժարան: Օրը երեք անգամ տաք սնունդ է տրվում:

- Կացարանում օթեւանելու ի՞նչ ժամկետ է գործում:

- Մենք որոշեցինք անտուններին ժամանակավոր կացարանով ապահովել մինչեւ 60 օր ժամկետով: Դա ֆիքսված է նաեւ «Սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով: Մենք անօթեւաններին տուն տալու ծրագիր չունենք: Պատահում է այնպես, որ մարդը մի քանի օր կացարանում մնալուց հետո հեռանում է: Ոչ ոք իրավունք չունի նրան 60 օր պահել: Ամեն ինչ կամավոր է: Եթե 60 օրը լրանում է, այս ցրտերին, ամեն դեպքում, մենք ոչ մեկին բաց չենք թողնում: Կենսաթոշակային տարիքի հասած մարդկանց, որոնք բուժման կարիք ունեն, տեղափոխում ենք համապատասխան տուն-ինտերնատ կամ հիվանդանոց, այլապես մնում են կենտրոնում:

- Ինչպե՞ս է լուծվում տեղի հարցը:

- Կենտրոնի հիմնական հարցը հենց տեղի խնդիրն է: Ձմռան ամիսներին, բնականաբար, ավելի շատ են դիմողները: Բայց մենք նպատակ ունենք անել այնպես, որ մարդիկ փողոցում չմնան, դրա համար էլ ընդունում ենք, պայմաններ ենք ստեղծում: Այսինքն՝ եթե 30 հոգանոց է, մենք չենք ասում՝ երեսունմեկերորդին չենք ընդունում: Լրացուցիչ մահճակալներ են տեղադրվում: Ծառայությունը ընդլայնելու ենք, մտածում ենք մարզերում էլ այսպիսի կենտրոններ բացել: Ընդլայնելու տարբերակներից մեկը միջազգային կազմակերպություններին դիմելն է, մյուսը՝ կառավարությանը՝ լրացուցիչ գումար տրամադրելու համար:

- Ի՞նչ այլ քայլեր են ձեռնարկվում անօթեւանների խնդրի լուծման համար:

- Մի քանի օր առաջ փոխոստիկանապետ Հ. Վարյանի մոտ խորհրդակցություն էր ընթանում թափառաշրջիկների խնդրի շուրջ: Մասնակցում էին ոստիկանությունը, կրթության եւ գիտության, առողջապահության, սոցապ նախարարությունները եւ այլ գերատեսչություններ: Ոստիկաններին պրն Վարյանը հրահանգ է տվել լինել ավելի ուշադիր, իսկ հիվանդանոցներին հրահանգվել է ընդունել իրենց դիմող թափառաշրջիկներին: Կառավարության հաստատած կարգում կա պետպատվերով բուժօգնություն ստացող սոցիալական խմբերի ցանկը: Քննարկման ժամանակ որոշվեց, որ այնտեղ կավելացնենք նաեւ անօթեւան մնացած մարդկանց: Մենք նաեւ հայտարարություններ ենք տալիս, որ բնակչությունը տեղյակ լինի Անօթեւանների կենտրոնի մասին: Դեռ անցյալ տարի մեզ օգնեցին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, արտասահմանցի բարերարները, Մեսրոպ քահանա Արամյանը: «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն, որը զբաղվում է տարեցների սոցիալական սպասարկման հարցերով, ունի անօթեւանների փոքր կենտրոն բացելու ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter