HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի հարմարավետ շենքը կա, դատավորը չկա

Ալավերդին ժամանակակից պահանջներին համապատասխան վերանորոգված դատարանի շենք, կարգադրիչների ու  քարտուղարության  բավարար անձնակազմ ունի, սակայն արդեն մեկ տարի է՝ քաղաքացիական գործերով դատավոր չունի:

Վերջինիս պատճառով ոչ միայն Ալավերդու, այլև  Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքների բնակիչներն իրենց քաղաքացիական հայցերի դատական լուծումները ստանալու համար դեգերում են Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի և  Տաշիրի նստավայրերի դատարաններում:

Ալավերդու նստավայրի քրեական գործերի մեծ մասի դատքննությունն էլ  տեղի է ունենում Վանաձորում: Դրա հետևանքով նստավայրի դատարանի  աշխատակազմը գրեթե անգործության է մատնված:

2013թ. մայիսի 13-ին 6 ամսով՝ մինչև 2013թ նոյեմբերի 13-ը, Ալավերդու  նստավայրի քաղաքացիական  գործերով նախկին  դատավոր Արթուր Աթաբեկյանին գործուղել են Երևան: Դատավոր Արթուր Աթաբեկյանն իր  գործուղումն ավարտելուց հետո այդպես էլ Ալավերդու նստավայրի դատարան չի վերադարձել, նոր դատավոր էլ չեն ուղարկել:

Սկզբում  քաղհայցերը քննելու համար Ալավերդու նստավայրի դատարան են եկել Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի կամ Վանաձորի նստավայրերի դատավորները: «Մենք մտածեցինք, թե մեզ համար ինչ տարբերություն,  կարևորը այն է, որ   դատերն ընթանում էին: Հետո դա էլ վերացավ»,-ասում է   փաստաբան Ռոման Կոնինյանը:

«Ներկայումս տարածաշրջանի շատ քաղաքացիներ դատարան քաղաքացիական հայցեր չեն ներկայացնում, որովհետև բացի փաստաբանական ծառայության գումարը, նրանք պետք է կրեն նաև բազմաթիվ ծախսեր, այդ թվում նաև ճանապարհածախս`գործի քննությունը այլ քաղաքում ընթանալու  պատճառով»,-ասում է  փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:

 Փաստաբան Ռոման Կոնինյանը հիշում է, որ  Ալավերդու նստավայրի  դատարանը, երբ քաղաքացիական գործերով զբաղվող դատավոր ուներ, օրվա ընթացքում 7-8  քաղհայցով դատական նիստ էր լինում: «Հիմա իմ վարույթում  մոտ 40 քաղաքացիական  գործեր կան, որոնք լսվում են  Տաշիրի, Սպիտակի և մարզի մյուս քաղաքների նստավայրերի դատարաններում»,-բացատրում է փաստաբանը:

Ալեքսանդր Ծատինյանն էլ հիշում  է, որ նախկինում շաբաթվա ընթացքում իր փաստաբանական ծառայությունից օգտվել է 7 քաղաքացի, հիմա դիմում է 1-2 քաղաքացի: Ըստ վերջինիս՝ ալավերդցիների մեկ ամուսնալուծության կամ ալիմենտի բռնագանձման գործի քննությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի այլ նստավայրերում տևում է  շուրջ մեկ տարի: Քաղհայցերը մարզի մյուս  նստավայրերի դատարանների դատավորների վրա բաշխելը լուրջ դժվարություններ է ստեղծում նաև փաստաբանների աշխատանքում: Վերջիններիս համար ֆիզիկապես անհնարին է լինում նույն օրը մասնակցել Վանաձորի, Սպիտակի և Տաշիրի նստավայրերում  նշանակված նիստին: «Ամբողջ օրը ճանապարհներին ենք լինում»,- դժգոհում է Ռ.Կոնինյանը:

Ռոման Կոնինյան Ալեքսանդր Ծատինյան

Վերջինս ապրիլի 25-ին երկու գործ է ունեցել Սպիտակում եւ Տաշիրում: Փաստաբանը պատմեց, որ հայցվորներից մեկը 80 տարեկան մի  կին` ծննդյան թվի գրանցման գործով, պաշտպանին ասել է, որ  5 հազար դրամ չունի  փաստաբանի Տաշիր գնալու ճանապարհածախսը վճարելու համար և վերջ: Երկրորդը` երկու երեխաների հայրության ճանաչման գործ է եղել:  Երեխաների մայրը`5 հազար դրամ ճանապարհածախս է տվել փաստաբանին և  խնդրել է այնպես անել, որ գործը մեկ դատական նիստով ավարտվի, որովհետև այլևս հնարավորություն չունի ճանապարհածախս վճարելու:

Ռ Կոնինյանը նաև նկատել է, որ մյուս նստավայրերի դատավորները ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում ապահովել քաղհայցերի բազմակողմանի և օբյեկտիվ քննություններ, այդ թվում՝ պատշաճ հետազոտել ապացույցները: Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հայտնեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քաղաքացիական գործերով դատավորի հաստիք կա, սակայն նստավայրում դատավոր կնշանակվի 2015թ.-ի հունվար կամ փետրվար ամիսներին:

«Դիմորդները, ովքեր ուզում են դատավոր դառնալ մրցույթից հետո, արդեն հայտնի են, նրանք ներկայումս 10-ամսյա վերապատրաստում են անցնում ակադեմիայում: Վերապատրաստումն ավարտելուց հետո Ալավերդու նստավայրում կնշանակվի քաղաքացիական գործերով դատավոր»,- ասաց Արսեն Բաբայանը:

«Այդ դեպքում գոնե մեր քաղհայցերը քննող դատավորները թող գան Ալավերդու նստավայրի դատարան, ոչ թե սոցիալապես անապահով բնակիչներն ու փաստաբանները 80 կմ ճանապարհ հատեն դատավորներին հասնելու համար»,- ասում է Փաստաբան Ռոման Կոնինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter