ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Գառնիում աճուրդով վաճառվող հողատարածքներն ավագանին չի հաստատել



Գառնիի համայնքապետարանի հայտարարած վերջին երկու աճուրդներն, ըստ համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի, տեղի չունեցան: Մենք գնորդ չէինք, բայց շատ մեծ ցանկություն ունեինք տեսնելու, թե Կոտայքի մարզում հողերի վաճառքի քանակով երկրորդ տեղը զբաղեցնող Գառնի գյուղում որքանո՞վ է հողը պահանջված եւ  պահպանվո՞ւմ է, արդյոք, աճուրդների ընթացակարգը:

Մարտի 17-ին հայտարարված 0,1 հա բնակավայրի նշանակության հողատարածքի համար համայնքի ղեկավարի ասելով հայտեր չէին ներկայացվել: Տվյալ դեպքում, աճուրդի անցկացման ընթացակարգը պարտավորեցնում էր, որ նշանակված ժամին աճուրդային հանձնաժողովը որոշում կայացներ աճուրդը չկայացած համարվելու մասին: Համայնքի ղեկավարը, սակայն ընթացակարգը չպահպանեց անգամ մեր հուշելուց հետո:  

Հաջորդ աճուրդը հայտարարված էր 2014թ. ապրիլի 8-ին եւ դարձյալ աճուրդի էր ներկայացված 0,1 հեկտար բնակավայրի նշանակության հողատարածք, 405, 000 դրամ մեկնարկային գնով: Հայտարարված ժամին հավանական գնորդը` փողկապավոր միջին տարիքի տղամարդը, ներկայացավ համայնքի ղեկավարին: Նրա հետ առանձնազրույցից հետո համայնքի ղեկավարը մեզ հայտնեց, որ աճուրդը տեղի չունեցավ, քանի որ երկրորդ հայտատուն չներկայացավ: Աճուրդը չկայացած հայտարարելու մասին աճուրդային հանձնաժողովը դարձյալ որոշում չկայացրեց, համայնքի ղեկավարն անտեսեց մեր զգուշացումը, որ դրանով ընթացակարգ են խախտում:

Վերջին աճուրդից անցել է ավելի քան 20 օր եւ Աշոտ Վարդանյանը ոչ աճուրդը չկայացած համարելու մասին արձանագրությանն է ծանոթացրել մեզ, ոչ էլ կրկնաճուրդ է հայտարարել:

Դա մեզ հիմք է տալիս ասելու, որ հայտարարված երկու աճուրդներն էլ կայացված են համարվել եւ հողերը վաճառքը տեղի է ունեցել:

Նշեմ նաեւ, որ Գառնի համայնքի ղեկավարն առայժմ միակն է, որ թույլ չի տվել նաեւ ծանոթանալու 2013թ.-ին համայնքում տեղի ունեցած աճուրդ-վաճառքների փաստաթղթերին, որի համար գրավոր դիմել էինք ավելի քան ամիսեւկես առաջ: Համայնքապետը բանավոր հայտնեց, որ դրանք ոստիկանությունն առգրավել է, սակայն մեր պահանջին` գրավոր եւ փաստարկված պատասխանել մեր գրությանը, դարձյալ անպատասխան է մնացել: Այս առիթով վերհիշեցի, որ վերջին յոթ տարիներին Աշոտ Վարդանյանը «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության գրություններից ոչ մեկին չի պատասխանել: 

Համայնքում աճուրդով հողեր օտարելու մասին որոշումը կայացնում է համայնքի ավագանին, հիմնականում տարեսկզբին հաստատելով վաճառվելիք հողատարածքների ցանկը եւ դրանց մեկնարկային գները: Գառնի համայնքի ավագանին 2014թ. հունվարի 29-ի թիվ 5–Ա որոշումով հաստատել է Գառնիի համայնքային սեփականության հողերից սակարկության միջոցով օտարվող հողակտորների ցանկը, որում նշված երկու` 0,1 հա բնակավայրի նշանակության 07-021-0383-0063 եւ 0,1 հա 07-021-0220-0101 ծածկագրով հողակտորները ներառված չեն:

Ավագանին աճուրդ-վաճառքի միջոցով համայնքային հողեր օտարելու մասին դրան նախորդող որոշումը կայացրել էր 2013թ. հոկտեմբերի 17-ին, թիվ 46-Ա որոշումով հաստատելով հրապարակային սակարկությունների միջոցով գյուղ նշանակության եւ բնակավայրի նշանակության 14 լոտ հողատեսքերի վաճառքը: Այդ ցանկում նույնպես հիշյալ երկու ծածկագրով հողատարածքները ներառված չեն:

Հիշյալ հողակտորներն աճուրդ-վաճառքով օտարելու մասին հայտարարություններ փակցված չէր անգամ համայնքապետարանի ցուցատախտակին:

 Առհասարակ, ցուցատախտակում տեղադրված հայտարարությունների բովանդակությունից ելնելով դժվար է որոշել, թե այն, որպես իրազեկման գործիք, ում է պատկանում` Գառնիի համայնքապետարանին, թե՞ վարկային կազմակերպություններին: Հավանաբար վերջիններին, քանի որ վարկային կազմակերպությունների մասին բնակչության իրազեկվածությունը շատ ավելին է, քան համայնքապետարանի գործունեությունից: Համայնքապետարանը նրանց դերը շատ ավելի է կարեւորում համայնքում, քան տեղական իշխանությանը: Մասնավորապես, համայնքի վարչական շենքում զգալի տարածք է հատկացվել «ՖԻՆՔԱ» վարկային կազմակերպությանը, մինչդեռ ավագանուն աշխատանքային սենյակ հատկացնելը միանգամայն ավելորդ են համարել: 

 Լուսանկարում՝ Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ