HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վե՞րջ այլընտրանքային ծառայությանը

Արդեն երկու տարի է՝ 2005թ.-ի գարնանային զորակոչից սկսած, ոչ ոք չի դիմել այլընտրանքային ծառայության անցնելու համար:

Մինչ այդ այլընտրանքային ծառայությունն ընտրած 26 հոգուց 24-ը ծառայության 5-րդ ամսում դիմեցին փախուստի: Նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, սակայն որոշ ժամանակ հետո բոլորն էլ կարճվեցին: Ներկայումս 1 հոգի է գտնվ ում այլընտրանքային ծառայության մեջ, որը հենց սկզբից ընտրել էր զինվորական այլընտրանքային ծառայությունը:

«Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» օրենքը Հայաստանում գործողության մեջ մտավ 2004թ. հուլիսին: Օրենքը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայության 2 տեսակ՝ այլընտրանքային զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում եւ այլընտրանքային աշխատանքային ծառայություն ՀՀ զինված ուժերից դուրս: Այլընտրանքային զինվորական ծառայության համար նախատեսվում է 36 ամիս, այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը 42 ամիս է: Օրենքն ընդունվելուց հետո, 2004 թվականի առաջին աշնանային զորակոչին 24 մարդ էր դիմել այլընտրանքային ծառայության անցնելու համար, եւս 2 մարդ՝ 2005թ. առաջին զորակոչին:

Հայաստանում ներկայումս գրանցված 56 կրոնական կազմակերպություններից այլընտրանքային ծառայության համար դիմել էին «Եհովայի վկաները» եւ մեկ մոլոկան: «Օրենքը հենց նրանց համար էլ գրված է»,- ասում են ՀԿ-ները: Նրանք անցան այլընտրանքային քաղաքացիական ծառայության հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում՝ որպես սանիտար, բացի մեկից, որն ընտրել է այլընտրանքային զինվորական ծառայությունը: Ծառայության հինգերորդ ամսում` 2005թ.-ի մայիսին, այլընտրանքային ծառայություն անցնող բոլոր քաղաքացիները հրաժարվել են ծառայությունը շարունակելուց ու լքել են ծառայության վայրը: Նրանք հայտարարել են, որ ծառայությունն ամբողջությամբ այլընտրանքային չէ. պաշտպանության նախարարությունը վերահսկում է իրենց: Միաժամանակ դժգոհել են սանիտարի աշխատանք կատարելուց:

ՀՀ պաշտպանության ն ախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Աբովյանը հայտնեց, որ 26 հոգուց մեկը զինվորական այլընտրանքային ծառայության է անցել Քանաքեռի հոսպիտալում եւ շարունակում է, 23 hոգին ընտրել էին քաղաքացիական ծառայություն, իսկ 2 հոգի պարտադիր շտապ ծառայության էին անցել, որոնք, իրենց դիմումի համաձայն, հետագայում վերադարձան նորմալ զինվորական ծառայության: Պաշտպանության նախարարությունը նրանց հատկացված ֆինանսավորումը փոխանցում էր այն հիմնարկներին, որտեղ նրանք ծառայում էին: Նրանք կապույտ գույնի համազգեստ էին կրում:

Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոցում այլընտրանքային ծառայություն անցնողները հետեւել են բաժանմունքի սանիտարական վիճակին, հարդարել hիվանդների անկողինը, լվացել հատակը: Նրանք բողոքել են վերահսկողություն իրականացնող մարմիններից` ասելով, որ հիմնարկի ղեկավարությունից բացի, իրենց անընդհատ վերահսկել են ՊՆ-ի մի քանի կառույցներ՝ տարածքային ռազմական ոստիկանությունը, դատախազությունը եւ զինկոմիսարիատը: Նրանք հիմնականում չեն ունեցել կապի միջոցներ, թերթեր չեն ստացել, չեն կարողացել մասնակցել կրոնական հավաքներին: Զինվորական ոստիկանության աշխատակիցները պարբերաբար այցելում էին նրանց, ստիպում շարվել, ինչը հակասում էր նրանց կրոնական համոզմունքներին:

Իրավապաշտպանությամբ զբաղվող որոշ Հկ-ներ պնդում են, որ այդ հանգամանքը ստիպեց Եհովայի վկաներին ծառայության հինգերորդ ամսում` մայիսի սկզբին, հրաժարվել ծառայությունից: Կան նաեւ հակառակ պնդումները, որ այլընտրանքային ծառայողներն այդ հիմնարկներում զբաղված էին քարոզչությամբ, որն արգելվել է նրանց: Այլընտրանքային ծառայության անցածները պահանջում էին.

- իրենց կարգավիճակը հավասարեցնել քաղաքացիական ծառայողներին, իսկ ծառայության ժամկետը 3,5 տարուց դարձնել 3 տարի,

- այլընտրանքային աշխատանքային ծառայողներին ծառայության վայրը լքելու համար չպատժել զինծառայողների համար նախատեսված օրենքներով,

- իրենց համար սանիտարի աշխատանք չնախատեսել:

«Նրանք չէին ուզում ծառայել, քանի որ այդ կարգապահությունը նրանց ձեռք չի տալիս: Նրանք առանց թույլտվության հիմնարկից բացակայելու իրավունք չունեն, դրա համար էլ փախել են»,- ծառայության վայրը լքելու դրդապատճառն այսպես է մեկնաբանում նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ծառայության վայրը լքողների նկատմամբ զինդատախազությունը քրեական գործ էր հարուցել, որը որոշ ժամանակ հետո կարճվեց: 23 հոգին երկու տարի է, որ կալանավորվել են, եւ պրակտիկորեն նրանց նկատմամբ պատիժ էլ չի կիրառվել:

«Ես ճշտեցի, որ դատախազությունը նույն մեղադրանքի համար երկրորդ անգամ քրեական գործ չի հարուցում: Նրանք պատժվում են 2 տարվա ազատազրկման, մեկ տարի նստում են եւ վաղակետ ազատվում պատժից: Քանի որ 36 ամիս է նրանց ծառայությունը, դա նրանց ձեռք է տալիս: Նրանք չեն ուզում ծառայել, նույնիսկ համազգեստը չեն ուզում հագնել, ամեն դեպքում ռեժիմ կա, նրանք իրավունք չունեն քարոզչություն անել իրենց տարածքներում կամ գնալ կրոնական հավաքներին մասնակցելու: Հատկապես այս պատճառներով չեն ուզում ծառայել բանակում»,- հավելեց Սերգեյ Աբովյանը:

Սակայն, քրեական գործերի կարճումը չբավարարեց նրանց. Եհովայի վկաները արդարացման դատավճիռ էին պահանջում, ուստի դիմեցին Եվրոպական դատարան: Նրանց, թերեւս, հուսադրել է Եվրախորհրդի զեկույցի այն մասը, ըստ որի Հայաստանը չի կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն ապահովելու պարտավորությունը:

«2001թ. հունվարի 25-ին անդամակցելով ԵԽ-ին՝ ՀՀ պարտավորվել էր ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկման դատապարտված քաղաքացիներին»,- ասված է զեկույցում:

«Եհովայի վկաները լավ գիտեին, թե իրենից ինչ է ներկայացնում այլընտրանքային ծառայությունը, եւ համաձայնվել էին ծառայությանը: Բայց նրանք լավ խորհրդատուներ ունեն եւ շատ գրագետ կերպով պաշտպանում են իրենց շահերը` օգտվելով այն խոցելի տեղերից, որոնք դեռեւս կան օրենքում, եւ այսօր օրենքը չի աշխատում»,- ասաց «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը : Նրա կարծիքով` եհովականները զանգվածաբար հրաժարվեցին այլընտրանքային ծառայությունից , որովհետեւ որոշ միջազգային կազմակերպություններ նրանց հասկացրել են, որ սոցիալական ծառայության ժամանակ նրանց ոչ ոք չպետք է ստուգի: «Նրանց պետք է ստուգեն զինկոմիսարիատի աշխատողները, որոնց մոտից են նրանք ծառայության անցել՝ գնում, ստուգում են` տեղո՞ւմ են, թե՞ ոչ»,- պնդում է տիկին Միրզոյանը:

Կազմակերպության նախագահը նշեց, որ միջպետական հանձնաժողովն է որոշում, թե որտեղ պետք է աշխատեն այլընտրանքային ծառայության անցածները` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պահանջագրի հիման վրա: «Մենք նրանց հետ հանդիպում ունեցել ենք, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, շատ կիրթ, շատ պատրաստված տղաներ են, որոնք տրամադրված են քանդելու մեր բանակը: Սա խղճի ազատության մասին չի խոսում, եթե ես համոզված լինեի, որ նրանցից, օրինակ, Արթուր Ղազանչյանը իսկապես Եհովայի հետեւորդ է եւ սպասում է, որ Աստծո հետ պետք է հանդիպի, թերեւս նրան չմեղադրեի, բայց այդ տղան չի էլ իմացել Ավետարանի որեւէ գլուխ: Ես նրանց չեմ հավատում, նրանք շինծու մարդիկ են»,- ավելացրեց «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը :

ՀՀ Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը մամուլին հաղորդել է, թե կատարվածից հետեւություն է արել, որ այստեղ ավելի շատ քաղաքականություն կա, քան թե կրոնականություն եւ խղճի ազատություն։ «Եվ ես այս պահին տխուր հետեւություն եմ անում, որ այլընտրանքային ծառայողների մեջ ոչ բոլորն են նվիրյալ հավատացյալներ։ Այսինքն՝ սա նաեւ մի ոչ բարոյական սողանցք է բանակում ծառայելուց խուսափող որոշ երիտասարդների համար»,- ասել է նա։ Վարչության պետը իր ասելիքը հիմնավորել էր նրանով, որ այլընտրանքային ծառայությունը բոյկոտելուց հետո այլեւս նման դիմում չկա, որը նույնպես քաղաքական ակցիա է, քան թե խղճից եւ համոզմունքներից բխող քայլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter