HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի օֆշորային թնջուկը և Վալերի Մեջլումյանի բիզնես-կայսրությունը

Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան

Թեղուտի ընդերքից շահույթ ստանալու են Կիպրոսի 3 քաղաքացի և գործարար Վալերի Մեջլումյանը: Սա, սակայն, միայն փաստացի կամ տեսականորեն: Վալերի Մեջլումյանն ամեն ինչ այնպես է խճճել, որ որևէ մեկը չկարողանա պարզել, թե իրականում ում հետ է նա «կիսում» Թեղուտի ընդերքը: 

Թեղուտի համար բնապահպան ակտիվիստների պայքարը ոչ մի արդյունք չտվեց: Արդեն հատվել է 140 հա անտառ:  2013թ. փետրվարին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրեց ընդերքօգտագործման իրավունք պղինձ-մոլիբդենի արդյունահանման համար: Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցումը նախատեսվում է ավարտել և պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանումն ու ապրանքային խտանյութերի արտադրությունը սկսել 2014թ. երրորդ եռամսյակում, այսինքն՝ այս տարվա ամռանից:   

Ո՞վ կամ ովքե՞ր են թաքնվում Թեղուտի հետևում

Կիպրոսյան օֆշոր 

Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2006-ին: 100% բաժնետերը մայր ընկերություն համարվող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (ACP) է եղել: 2008թ. խումբը վարկային պայմանագիր է կնքել «ՎՏԲ բանկ»-ի հետ՝ Թեղուտի հանքը շահագործելու համար ավելի քան 283 մլն դոլար ստանալու նպատակով:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 2011թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ 2011թ. նոյեմբերին, որպես «ՎՏԲ» խմբի հետ կնքված ֆինանսավորման պայմանագրի մաս, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է Կիպրոսում գրանցված «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ՍՊԸ-ին (Teghout Investments Limited): Այժմ կիպրոսյան ընկերության բաժնետոմսերի 50.05 %-ը պատկանում է «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին, իսկ մնացածը` «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի կողմից ղեկավարվող «ՎՏԲ» խմբին: Այդպես, համենայնդեպս, «Վալլեքսն» է ասում:

Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման պաշտոնական ռեգիստրի`«Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ»-ը երկու բաժնետեր ունի` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (50.05 %)  և Կիպրոսում գրանցված մեկ այլ ընկերություն` Nairi Infrastructure Capital Limited (49.95 %): Nairi Infrastructure Capital Limited-ի բաժնետերը կիպրոսյան մեկ այլ ընկերություն է` A.T.S. Nominees Limited, որի բաժնետերերը երեք հույներ են` նույն ազգանունով, գրանցված են նույն հասցեում (տես գծագրում): 

Թե ինչ կապ ունեն կիպրոսյան այս ընկերությունները Թեղուտի հանքավայրի և «ՎՏԲ բանկ»-ի հետ, փորձեցինք ճշտել անձամբ Վալերի Մեջլումյանից: Սակայն վերջինս հրաժարվեց մեզ բանավոր հարցազրույց տալուց: «Թեղուտ» ՓԲԸ-ի հանրային կապերի գրասենյակից տեղեկացրին, որ Վալերի Մեջլումյանը երկրում չէ, և մեր հարցերին իրենք կարող են գրավոր պատասխանել: Մինչդեռ երկու օր հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լոռու մարզ, և Վալերի Մեջլումյանը նրա հետ շրջում էր Թեղուտի հանքավայրում:

««Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերի մնացած մասի բաժնետերը «Վալլեքս» խմբի ընկերություն չէ, և մենք որևէ իրավասություն չունենք այդ ընկերության մասին որևէ տեղեկատվություն հրապարակելու: Այդուհանդերձ, հայտնում ենք, որ Nairi Infrastructure Capital Limited ընկերությունը ստեղծվել է «ՎՏԲ խմբի» կողմից բացառապես Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով համատեղ ձեռնարկության պայմանագրի կնքման ու դրա կենսագործման համար, և վարկային պայմանագրերի գործողության ընթացքում տիրապետում է «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ընկերության միայն «Բ» կարգի (չքվեարկող) բաժնետոմսերին»,- նշել է «Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը` պատասխանելով մեր հարցմանը: 

««ՎՏԲ-ն ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի տնօրինում «Թեղուտ» ՓԲԸ-ն: ՎՏԲ Բանկը կնքել է միջոցներ տրամադրելու մասին վարկային համաձայնագիր «Թեղուտ» ՓԲԸ հետ 2011թ. Հայաստանի կառավարության աջակցությամբ»,- այսպիսի պատասխան ստացանք «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից: Իսկ մենք հարցրել էինք, թե ինչպես է բանկը ստեղծել այդ ընկերությունը, եթե դրա հիմնադիրների կամ բաժնետերերի մեջ բանկը չկա, ի՞նչ առնչություն ունի Nairi Infrastructure Capital Limited-ը «ՎՏԲ» խմբի հետ, ովքե՞ր են ընկերության բաժնետերերը, ինչո՞ւ է այն ստեղծվել Կիպրոսում, այլ ոչ թե, ասենք, Հայաստանում կամ Ռուսաստանի Դաշնությունում»:

Բանկի պատասխանը հակասում է «Թեղուտի» տեղեկություններին, և ստացվում է, որ բանկը կապ չունի կիպրոսյան ընկերության հետ, իսկ համաձայնագիրը կնքվել է Հայաստանի կառավարության աջակցությամբ: Իսկ գուցե Հայաստանի կառավարությունը գիտի՞, թե ում է պատկանում Nairi Infrastructure Capital Limited-ի 49.95 բաժնեմասը: 

Լիխտեյնշտեյնյան օֆշոր

Վալերի Մեջլումյան
Լուս.՝ ACP-ի կայքից 

«Թեղուտ» ՓԲԸ-ն «Վալլեքս գրուպ»-ի ընկերություններից մեկն է, իսկ խումբը բաղկացած  է բազմաթիվ ընկերություններից: Դրանց հիմնադիրների և բաժնետերերի մեջ կան նաև օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ: Գրեթե բոլոր ընկերությունների հետ կապն ապահովում է գործարար Վալերի Մեջլումյանը:

Ընդհանրապես, «Վալլեքս» խումբը, բացի հանքարդյունաբերությունից, մի շարք բիզնես-նախագծեր է իրականացնում և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալում, օրինակ` տուրիստական («Վալլեքս Տուր»), տեխնոլոգիական («Վալլեքս Այ-Թի», որը Dell-ի հայաստանյան ներկայացուցչությունն է), բժշկական, կոսմետոլոգիական, առևտրային և այլ տիպի: Խմբի ընկերությունների մայրը համարվում է Հայաստանում գրանցված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (ACP): Մինչ 2011թ. ACP-ն ուներ երկու բաժնետեր` 80.7 տոկոսի բաժնետերը Լիխտեյնշտեյնում գրանցված Vallex F.M. Establishment էր, 19.3%-ինը` Վալերի Մեջլումյանը: «Արմենիա Քափր Փրոգրամ»-ի բաժնետերերի մեջ եղել է նաև «ԷԼԵԿՈՄ ԷՅՋԻ» (ներկայումս կոչվում է Marano Besitz- & Verwaltungs AG) ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում: Որոշ ժամանակ հետո այս ընկերությունը դուրս է եկել բաժնետերերի ցանկից և այժմ լուծարման փուլում է: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետերը այժմ Վալերի Մեջլումյանն է: 

Vallex F.M. Establishment-ը, սակայն, առանցքային դերակատարություն ունի այս ցանցում: Այն կապում է Վալերի Մեջլումյանի հայաստանյան բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում ունեցած բիզնեսին:

Vallex F.M. Establishment ընկերությունը բաժնետեր չունի (Լիխտեյնշտենյան օրենսդրությունը դա թույլ է տալիս), ընկերության միակ և վերջնական շահառուն, ինչպես նաև տնօրենը, Վալերի Մեջլումյանն է: Մեր ձեռք բերած փաստաթղթում երևում է, որ այս ընկերությունը, ACP-ից բացի, ունի այլ դուստր ընկերություններ: Դրանցից մեկը Ռուսաստանում գրանցված M.K.V. ընկերությունն է (գրանցման հասցեն` Старокалужское шоссе, д. 62): 

Ռուսաստանյան բիզնես

Մոսկովյան վերոնշյալ հասցեում, բացի M.K.V. ընկերությունից, գործում է նույնանուն, բայց ՌԴ-ում գրանցված «Валлекс Ф.М.Эст» ընկերությունը: Ընկերության կապիտալում թեկուզ չնչին (0,0001), բայց մասնաբաժին ունեն Թեղուտի հանքավայրը շահագործող կիպրոսյան «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ընկերությունը և «Վալլեքս» խմբի մեկ այլ՝ «Քեյ-Էս-Էմ-Էյ» ընկերությունը (99.9999%):

«ՎՏԲ բանկ»-ից ստացված վարկն ապահովված է «Валлекс Ф.М.Эст» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 99.9999% բաժնեմասի գրավով: Բացի այդ, գրավադրված են ընկերության շարժական ու անշարժ գույքը: Թեղուտի հանքը շահագործեու նպատակով «ՎՏԲ բանկ»-ից ստացված հիմնական գումարի և տոկոսների մարումը սկսվելու է 2015 թվականից:

Ստարոկալուժսկոյե 62 տուն (Старокалужское шоссе, д. 62) հասցեում տեղակայված է նաև ատամնաբուժական կլինիկա, կրթամեթոդական կենտրոն, ինչպես նաև կոսմետոլոգիական գործունեությամբ զբաղվող ընկերությունը՝ VallexM ՍՊԸ-ն (ստեղծվել է 2008-ին, տնօրենը հայազգի Հրաչ Ռաֆիկի Պողոսյանն է): Հիմնադիր և մասնակիցներ են Հայաստանում գրանցված «Էլ-Էմ-Այ Կապիտալ» ՓԲԸ-ն (51%) և տնօրեն Հրաչ Պողոսյանը (49%): «Էլ-Էմ-Այ Կապիտալ» ՓԲԸ-ն գրանցված է «Վալլեքս խմբի» ընկերությունների` Խանջյան 19 հասցեում: Սրա հիմնադիրն էլ խմբի մեկ այլ ընկերություն է՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն: Եվ սա դեռ ամենը չէ:  «Վալլեքսի» հետ առնչվող մեկ տասնյակից ավելի ընկերություններ կան Ռուսաստանում:

Արցախյան բիզնես

«Վալլեքսը» գործունեություն է ծավալում նաև Արցախում: «Բեյզ Մեթըլս» ընկերությունը շահագործում է Արցախի Դրմբոնի պղնձ-ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Ստեփանակերտում խոյանում է «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրը:

 ««Վալլեքս» խմբում ոչ ֆորմալ հիմքերով միավորված են ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և այլ պետություններում գործող միա­վոր­ներ: Ի լրումն սեփականատիրոջ ընդհանրության՝ այդ ընկերություններին միավորում է տնտեսական գործունեության հիմնարար սկզբունքների, գործարար էթիկայի կանոնների, կոր­պո­րա­տիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության և արժեհա­մա­կար­գային այլ հարցերում ընդհանրությունը»,- նշել է «Վալլեքսի» խմբի մամուլի պատասխանատուն: 

Չնայած Թեղուտի հանքավայրի հումքի արդյունահանումը դեռևս չի սկսվել, սակայն «Թեղուտ» ՓԲԸ-ն խոշոր հարկատուների 2013թ. ցուցակում զբաղեցրել է 66-րդ տեղը՝ վճարելով ավելի քան 107 մլն դրամ: ACP-ն 77-րդ տեղում է, վճարել է ավելի քան 8 մլն դրամ: «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն 155-րդ հորիզոնականում է, վճարել է ավելի քան 48 մլն դրամ հարկ: Հարկ վճարողների վերջին 100 հարկատուների ցանկում տեղ է գտել նաև «Վալլեքս Այ-Թի»-ն՝ 1.5 մլն դրամ հարկով:  

2012թ. «Վալլեքս» խմբի ընկերությունների հասույթը, ըստ հրապարակված վերջին հաշվետվությանը, կազմել է 43.4 մլն դրամ, որից շուրջ 43 մլն-ը՝ սև պղնձի վաճառքից, մնացյալը կազմել են այլ արտադրանքի վաճառքը և մատուցված ծառայությունները:  

Մեկնաբանություններ (6)

Армине
Я работала 2 месяца домработница у Валерия Джанибековича М. Порядочный человек, но возникли у меня вопросы он не смог помоч, живет он в Дзорахпюр улица Амараноциан очень большой красивый дом в 2000 квадратов с бассейном и садом в доме я аж удивилась от такой красоты и от много другого….. Здоровья ему
haj
varazy eli krkrac
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանյան հանքարդյունաբերությունից լավ հոտ չի գալիս: Այսպես եթե շարունակվի, մոտ 4-5 տարի հետո Հայաստանում քաղաքացիական պատերազմ է սկսվելու՝ հայերի ու հանքատերերի միջև:
Սամվել
աքքիլեսյան գարշապարը գլուխը քարն է տվել Թեղուտի մոտ
միամիտ լոռեցի
Երեւում ա լոռեցի միամիտ տղա ա: Ռուսաստանում փող ա աշխատել ու եկել ա որ հայրենիքում էլ գործ դնի: Էստեղ էլ ասել են, - ա շատ բարով ես եկալ, ասա ինչ էս օզում, ինչքան էս պիրալ, մերը - ձերը, մնացած հասկանալի բաները: Բայց՝ «ուզեցինք լավ բան անել - էն էլ համը դուրս եկավ ինչպես միշտ» (Չեռնոմիրդինի ականջը կանչի:) Հլա որ վերջն էլ պարզվի որ տակին էդքան պղինձ ու ոսկի չկա, էն վախտն ինչ զուռնի ձեն կգա? «Հետքին» բարի աջողում էս ծանր գործում:
barséghian
Poun imazdov, ge hiyanam Hedq mamouli leragrornérin vor asgan lourdj, xor ge kennargén, g'aydnapérén, as kréagan gazmevadz gazmagerboutiounérou karakaganoutioune MI NEBADAGOV TALANER BEDOUTIOUNE YEV lédznél kanim bédagan bajdonianérou kerbanér gacharagéroutian midjotsov. Chenoragaloutioun, hargankov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter