HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին մարզպետը Կապանի ջրամատակարարման ակունքներում նոր հանք է հետախուզում

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան

Կապանի բնակիչները քաղաք եկած հյուրերին կարող են հպարտությամբ ներկայացնել բնությունը, ձորերի հատակով անցնող գետերը, քաղաքի պատմությունը: Եվ, թերևս, այսքանը: Քաղաքում վաղուց արդեն չեն խոսում ջրի բարձր որակի մասին, հյուրերին շտապում են ասել, որ ջուրն առաջվա պես «քաղցր» չէ: Պատճառը ոսկու տենդն է:

Դեռևս 2008թ. Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ  համայնքի վարչական տարածքում  երկրաբանական ուսումնասիրությունների արտոնագիր էր ստացել «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն: Հետախուզությունը նախատեսված էր իրականացնել 4 տարում: Այս համայնքում են գտնվում քաղաքի խմելու ջրի ակունքները: Այդ ժամանակ կապանցիները սկսեցին դժգոհել խմելու ջրի որակից, ասում էին, որ ծորակից երբեմն հոսում էր ժանգագույն ջուր:

Տեղի հասարակական կազմակերպություններն էլ 2012թ. օգոստոսի 1-ին բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահին՝ խնդրելով կասեցնել «ԲԱՄՕ Մետալ»-ի արտոնագիրը: Այս նույն ժամանակահատվածում ընկերության գործունեության մասին իր բացասական վերաբերմունքն էր հայտնում նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ ջրի խնդիրն իր հսկողության տակ է: Նա հայտարարություններ էր անում,  ջրի աղտոտվածության դեմ պայքարողների շարքում էր, նույնիսկ մամուլում ասել էր, որ Կապանի ջուրն աղտոտվել է ոչ թե հեղեղումների, այլ «ԲԱՄՕ Մետալ»-ի գործունեության հետևանքով:

Սակայն նախկին մարզպետի՝ մաքուր ջրի համար մղած «պայքարը» երկար չտևեց: «ԲԱՄՕ Մետալ»-ի արտոնագիրն ավարտվեց 2012թ. հոկտեմբերի 5-ին: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին Սուրիկ Խաչատրյանն Արարատ Վեզիրյանից գնեց «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 51 տոկոսը, իսկ 49 տոկոս բաժնեմասը Վարդան Բարսեղյանինն է: Այս նույն անձը 50 տոկոս բաժնեմաս ուներ Մաքսիմ Հակոբյանին վաճառված ընկերությունում՝ «Լեռ-Էքս»-ում (մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում էր Սուրիկ Խաչատրյանին): Այսօր արդեն «Գեղի Գօլդ»-ը վարձակալել է այն տարածքը, որտեղ ոսկու որոնողական աշխատանքներ էր իրականացրել «ԲԱՄՕ Մետալ»-ը:

Ձնհալին սպասելիս

Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թևանյանն ասում է, որ տեղանքում գործող երկու ընկերություններից միայն «Լեռ-Էքս»-ն է այժմ երկրաբանական ուսումնասիրություններ կատարում, իսկ մյուս ընկերությունը՝ «Գեղի Գօլդ»-ը, սպասում է ձնհալին: «Ուղղակի հիմա սարերում ձյուն է, հետախուզական աշխատանքներ չեն ծավալում: Իսկ սարերը համարյա 2800-3000 մ բարձրության վրա են»,- նշում է համայնքի ղեկավարը:

Նրա ասելով՝ այն տեղանքը, որտեղ ընկերությունը հետախուզություն կանի, անվանում չունի, այն ավելի մոտ է Նախիջևանի սահմանին, իսկ Նոր Աստղաբերդից գտնվում է մոտավորապես 30 կմ հեռավորության վրա՝  Նոր Աստղաբերդ և Գեղի համայնքների խաչմերուկում:

Ս. Թևանյանը կարծում է, որ եթե հանքավայրը սկսեն շահագործել, պոչանքների մեծ հոսք է լինելու դեպի գետ, բայց քանի որ այս պահին դեռ արդյունահանում չի սկսվել, չի կարող ասել, որ գետն աղտոտվում է: Նա նաև ենթադրում է, որ «ԲԱՄՕ Մետալ»-ը չի երկարաձգել արտոնագիրը, քանի որ տեղանքում  հումք չի գտել: «Դե, հըլը «Գեղի Գօլդ»-ն էլ չգիտեմ, եթե հումք չլինի, կարող ա դադարեցնի»,- նկատում է նա:

Համայնքի ղեկավարը դեմ կլինի հանքի շահագործմանը 

Սուրիկ Թևանյանն ասում է, որ իր ղեկավարած համայնքն «ամենաքյասիբն» է, և մինչեւ 2008թ. իրենց տեղը ոչ մեկը չգիտեր: Համայնքն ունի հաշվառված 97 բնակիչ, 67 տնտեսություն: Ամռան ամիսներին համայնքի բնակիչների թիվն ավելանում է: «Էս ժողովուրդն աշխատանք չունի: Մի ժամանակ սկսել էին հիդրոկայաններ աշխատեցնել, գյուղացիները սկսել էին մի քիչ զբաղվել, հիմա էլ հանքերն են աշխատում, գյուղի տեսքն արդեն գալիս ա իր տեղը՝ ջրագիծ են քաշել, ճանապարհներն են լայնացնում, երկարացնում, այսինքն՝ աշխատանք կա, բայց ես դեմ եմ, էլի, որ էկոլոգիային, էդ ջրին վնասեն: Առաջնահերթ մեր համայնքով է հոսում այդ գետը: Ես իմ ընտանիքով էդտեղ եմ բնակվում, ես սնվում եմ էդ ջրից»,- ասում է նա:

Զրուցակիցս ավելացնում է, որ այս պահին դեռ վտանգ չկա, բայց եթե սկսեն հանքաքար հանել, ինքը պայքարելու է բնության պահպանման համար: «Ես էլ սկսելու եմ պայքարել էկոլոգիայի համար, երևի ես էլ մտնեմ էդ Կանաչների միություն, եթե սկսեն փչացնել բնությունը, բայց դե էդ մակարդակի չեն, որ տան-փչացնեն բնությունը,- ընդգծում է նա, հետո ավելացնում,- էդ ձորում, ի վերջո, մենք ենք ապրելու, եթե սկսեն ավերակ անել, հենց խաչմերուկում պիտի դուռը փակեն ու ասեն, որ էստեղ ոչ թե սանիտարական, այլ արգելված գոտի է»:

Համայնքը դատի է տվել «ԲԱՄՕ Մետալ»-ին 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ իրենք դատական հայց են ներկայացրել «ԲԱՄՕ Մետալ»-ի դեմ՝ համայնքի 2 տարվա պարտքը բռնագանձելու համար: Ս. Թևանյանն ասում է, որ  ընկերությունը  համայնքին երկու տարի չի վճարել պետական սեփականության հողերի վճարը, որը կազմում է մոտավորապես 13 մլն 700 հազար դրամ:

«Կարծեմ կառավարության 2010թ. որոշմամբ էր, որ մարզային  նշանակության հողերը տվել են համայնքին որպես պետական սեփականություն: Իսկ «ԲԱՄՕ Մետալ»-ի` պետական սեփականության հողերի պարտքը կազմում է մոտավորապես 13 մլն 700 հազար դրամ: Այդ գումարը պետք է վճարվեր գյուղապետարանի բյուջե»,- պարզաբանում է համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարը մի քանի անգամ զանգահարել է «ԲԱՄՕ Մետալ»-ի գրասենյակ, որտեղ նախ ասել են, թե «հեսա կանենք, մեր յուրիստին ենք տրամադրել», ապա նշել են, որ համայնքի հետ ոչ մի պայմանագիր չունեն, հետևաբար պարտք չի կարող լինել: Իսկ «Գեղի Գօլդ»-ը, ըստ նրա, տարեկան վճարում է մոտ 925.000 դրամ:

Ամբողջ տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի շեմին 

Շաբաթներ առաջ մենք այցելել էինք Նոր Աստղաբերդ համայնք, բարձրացել էինք մինչև Կապանի խմելու ջրի ջրհավաք ավազան, որի հարևանությամբ գտնվում է սահմանապահ զորամասը:

Ջրհավաք ավազանը, որտեղից ջուրը մտնում է խողովակի մեջ, տեղակայված է հենց այնտեղ, որտեղ Նախիջևանի սահմանից եկող վտակը միանում է Գեղիին: Ու չնայած երկուսն էլ սկիզբ են առնում Զանգեզուրի լեռնաշղթայից, բայց հարևանությամբ ծառայող զինվորների ասելով` տաք եղանակին նկատելի է, որ վտակն ավելի մաքուր է, քան ինքը` Գեղին, որի ակունքների մոտ գտնվում է հետախուզման վայրը, և տեխնիկա է աշխատում:

Այս տեղանքից հետո ճանապարհն աստիճանաբար դառնում է զառիթափ և դժվարանցանելի: Զինվորների ասելով` այդ ճանապարհով տրակտոր է գնացել-եկել: Քանի որ սարերում դեռ ձյուն է, շարժը դադարել է, սակայն տաքերն ընկնելուն պես տեխնիկան նորից կբարձրանա վեր:

Նոր հնարավոր հանքը իսկական աղետ կարող է դառնալ բոլոր նրանց համար, ում այս ավազանից խմելու ջուր է մատակարարվում: Այդ դեպքում ավազանում ոչ թե խմելու ջուր է հավաքվելու, այլ ինչ-որ խառնուրդ:

Ընդ որում` բացի ջրհավաք ավազան մտնելուց` նման բաղադրությամբ Գեղին հոսելու է մինչև միջպետական ճանապարհ` այդ ընթացքում իր աղտոտված ջուրը տալով ձորում տեղակայված գյուղերին, իսկ հետո էլ` թափվելով Ողջի:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի խոսքով՝ մասնագիտական խորը գիտելիքներ պետք չեն բնապահպանական ռիսկերը կանխատեսելու համար: Նա նշում է, որ Կապանի խմելու ջրի ավելի քան 90 տոկոսը մատակարարվում է հենց այդտեղ գտնվող ջրավազանից: Այն քաղաքի խմելու ջրի միակ աղբյուրն է: Հետևաբար, այդտեղ հանք բացելը կլինի բնապահպանական աղետ բնակչության համար: «Անթույլատրելի է անգամ հետախուզական աշխատանքների իրականացումն այդ տեղանքում, քանի որ այդ աշխատանքների ընթացքում վնասում են նաև բնական հողածածկը, որը հանդիսանում է բնական ֆիլտր ստորգետնյա և մակերևութային ջրերի համար, այսինքն՝ որևէ աշխատանք իրականացնելն այդ վայրում անթույլատրելի է»,- նկատում է բնապահպանը: Նա բացառում է հանքի թե՛ շահագործումը, թե́ դրա համար տարվող հետախուզական աշխատանքները՝ ավելացնելով. «Կապանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի այդ նախաձեռնության դեմ, որովհետև մենք այլընտրանք չունենք»:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ դա Եղեռնի պես անընդունելի/սարսափելի/տխուր է,որ Լիսկան դեռ ԲԱՆՏՈՒՄ չէ: .......................Երկրորդ՝ հարցերը ներկայիս Հայաստանում այլևս ՍՊԱՍԵԼՈՎ/հուսալով ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ: Կապանում էլ պիտի ՀԻՄԱ վեր՛ կենան ու գնան ԱՆԺԱՄԱՆԱԿ նստացույցի, հացադուլի նստեն քաղաքապետարանի/մարզպետարանի առաջ, ճանապարհ փակեն ու նման ակցիաներ կազմակերպեն:(Կապանի) դաշնակները ապրիլի 24-ին իրար հետևից դրոշներ են վառում. թող հիմա էլ գնան էդ հանքերի /հանքատերերի «դրոշները» վառեն. դրանք էլ թալեաթներից համարյա չեն տարբերվում:
Syuneci
amen turq shat kyerazer sra chap hayi glux uter.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter