HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ղեկավարները բանվորներով են ապրում, դա պիտի գիտակցեն»

Առավոտյան ժամը 10-ն էր: Լաուրա Աթոյանը դեռ չէր հասցրել ամբողջությամբ մաքրել Արտաշատ քաղաքի` իրեն վերապահված փողոցները:

Ջանում էր հնարավորինս շուտ ավարտել մաքրման աշխատանքները, որպեսզի անցորդների վրա փոշի չնստի: Արտաշատում Լաուրային գրեթե բոլորն են ճանաչում: Ըստ նրա՝ 1992 թվականից մաքրում է քաղաքի փողոցները: Ասում է` սիրով է իր գործն անում: Լաուրա Աթոյանի հետ քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվում են նաեւ նրա երեք դուստրերը:

Նրանց գործը սկսվում է առավոտյան ժամը 6-ից:

Ասում է` այդ ժամին փողոցում մարդ չի լինում, մթության մեջ միայն իրենց ավելի ձայնն է լսվում: Լաուրան գոհ է, որ թեկուզ ամիսը 45.000 դրամով, բայց աշխատանք ունի: «Դե կյանք ա, մի օր` լավ, մի օր վատ ապրում ենք»,- ասում է Լաուրան, բարեւում հերթական անցորդին եւ նրան հաջող օր մաղթում:

Լաուրան պատմում է, որ ստացած աշխատավարձով չեն կարողանում մեկ ամիս ապրել, պարտքեր են կուտակում, բայց հույս ունի, որ նոր կառավարությունը քայլեր կձեռնարկի, եւ մարդկանց աշխատավարձը կբարձրանա: Նա շատ է կարեւորում իր աշխատանքը, ասում է, որ բնակիչներն էլ են իրեն հարգում, նույնիսկ շնորհակալություն են հայտնում քաղաքը մաքրելու համար: «Ղեկավարները բանվորներով են ապրում, դա պիտի գիտակցեն: Գոհ եմ, հարգում են ինձ»,- նշում է Լաուրան:

Նա իշխանություններին ուղղված անձնական խնդրանք չունի, փոխարենը կոչ է անում զբաղվել արտագաղթողների խնդիրներով: Լաուրային մտահոգում է դատարկվող Հայաստանը. այդ մասին խոսելիս նա հուզվում է, աչքերը թրջվում են, իսկ ձայնը` նվաղում:

«Մեր հայերը որ գնում են, այ դա լավ չի: Պետք է այնպես անենք, որ նրանց պահենք մեր թեւի տակ, թող չգնան: Հանուն երեխայի են գնում, այստեղ աշխատանք չունեն մարդիկ: Գնալու մտքից նրանց հետ կպահի միայն մեր սերն ու ուշադրությունը: Մարդուն պիտի կարեւորենք: Այդ ո՞նց է` բոլորին հրավիրում են Հայաստան, թե` եկեք տուն, բայց մեր հայերը Հայաստանում տեղ չունեն: Ախր չի կարելի, նույնիսկ սիրտս լցվում է, չի կարելի թողնել, որ նրանք գնան: Դա նման է նրան, որ մորը երեխայից կտրեն: Մեր երկիրն էլ մեր մայրն է, ի՞նչ տարբերություն»,- ասում է Լաուրան եւ շարունակում ավլել:

Քիչ անց Լաուրային զանգահարեցին աղջիկները. նրանք ավարտել էին իրենց աշխատանքը եւ սպասում էին մորը: «Գնանք տուն մի քիչ հանգստանանք, որ առավոտ շուտ էլի գործի դուրս գանք»,- ասաց Լաուրան եւ հրաժեշտ տվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter