HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկեր չվճարող գյուղացիների գույքի վրա արգելանք կդրվի

Մարզային համայնքների ղեկավարներն ամեն ինչ անում են եկամուտների հավաքագրման կառավարության պահանջած 100%-ոց ցուցանիշն ապահովելու համար: Սակայն անտեսվում են գյուղացիների` հողի հարկը չվճարելու բուն պատճառները: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ապրիլի 28-ին տեղի ունեցած ավագանու նիստում հայտնեց, որ 2014թ. բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների հավաքագրումը կատարվել է 98,5%-ով: «Առաջին եռամսյակը հարկահավաքության  ամենադժվար եռամսյակն է, իսկ հողի հարկի հավաքագրումն` ամենադժվար հավաքագրվող հարկատեսակը»,- ասաց նա:

Ալավերդու քաղաքապետարանն առաջին եռամսյակում հողի հարկը նախատեսված 1 մլն 121 հազար 600 դրամ եկամուտների դիմաց  հավաքագրվել է 1 մլն  104,500 հազար դրամ, թերակատարվել է 1,5%-ով: Արտավազդ Վարոսյանն  ավագանուն բացատրեց, որ բարձր կատարողականն ապահովվել է իրավաբանական անձանցից հավաքագրվող հողի հարկի հաշվին: «Ֆիզիկական անձանց մասով մենք դեռեւս հարկահավաքության ցանկալի արդյունք չենք արձանագրել»,- ասաց նա` առանց դրա պատճառները մեկնաբանելու: Ա. Վարոսյանն անդրադարձավ նաեւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում կատարված օրենսդրական փոփոխությանը, որը վերաբերում է ՏԻՄ-ին: «Հոդված 29.1. Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել»: «Մենք  այլեւս դատարաններ չենք դիմում, հարկային գանձումներն իրականացնելու ենք միանգամից` հարկադիր կատարմամբ»,- բացատրեց քաղաքապետը: 

Վերջինս նաեւ հայտնեց, որ մյուս բոլոր հարկատեսակների գծով առաջին եռամսյակում նախատեսված հավաքագրումները 100%-ից ավելի են, բացառությամբ արտաքին գովազդի վճարումների, որը կազմել է  93,3%-ով: Դա էլ, ըստ քաղաքապետի, պայմանագրային հիմունքներով կատարվող  վճարում է եւ թերակատարման որեւէ խնդիր բյուջեի համար չի առաջացնի:  Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակի եկամուտների հավաքագրման կատարողականը համայնքում  կազմել է 106,1%, ծախսայինը` 80%: «Էնպիսի տպավորություն չստեղծվի, որ մենք ինչ որ ծախսեր ենք ունեցել ու չենք արել: Ուղղակի հարցը կայանում է նրանում, որ ըստ ժամանակացույցի, որոշ հոդվածներով կան նախատեսվածից քիչ կատարված ծախսեր` առանց աշխատանքների ծավալները վնասելու»,- բացատրեց Արտավազդ  Վարոսյանը` իր ասածը հիմնավորելով  բյուջեի հանրային ծառայությունների մասով:

«ՔԿԱԳ-ի նախատեսված 1 մլն 154 հազար դրամի փոխարեն 2800 դրամ է ծախսվել, քանի որ  ՔԿԱԳ-ի եռամսյակի ֆինանսավորումը եռամսյակի ավարտից հետո է լինում, հետեւաբար նրա ծախսային մասը կարտացոլվի արդեն երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի հետ միասին»: Բյուջեի ծախսային մասի մնացած խնդիրներին Ա. Վարոսյանը չանդրադարձավ, սակայն եկամուտների հավաքագրման միտումը հուսադրող համարեց: Ավագանու անդամ Վարուժան Սիմոնյանը տեղյակ էր, որ սեփական հարկային եկամուտները 100%-ով հավաքագրելու դեպքում կառավարությունը տվյալ համայնքին այլ ծրագրերով աջակցություն է ցուցաբերում: «17 կամ 20 հազարը գումար չէ, եթե ավագանուն էլ ասեիք, մենք կգնայինք ընկերոջը կհամոզեինք, որ հողի հարկը վճարեր, որ մենք այս հարցում խնդիր չունենայինք»,- ասաց նա: Ա. Վարոսյանը փարատեց ավագանու անհանգստությունը` հուսադրելով, որ բյուջեի տարեկան եկամուտների 100% հավաքագրման գործում խնդիրներ չեն ունենա:

«Հետքը» խնդրեց Ա. Վարոսյանի մեկնաբանությունը ֆիզիկական անձանց կողմից հողի հարկ չվճարելու պատճառների առնչությամբ: Քաղաքապետն ասաց, որ դա պայմանավորված է բնակչության սոցիալական խնդիրներով, ինչպես նաեւ` որոշ հարկատուների` քաղաքից բացակայելու հետ: «Էդ առումով նաեւ ոչ պակաս բարդացնող հանգամանք է այն, որ հողի սեփականատեր շատ հանգուցյալ հարկատուների ժառանգները ժառանգություն չեն ընդունել, որպեսզի ստանձնեն իրենց հարկային պարտավորությունը»,- հայտնեց  քաղաքապետը:  

Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի հողի հարկատուներ են Ակներ եւ Սանահին գյուղական թաղամասերի գյուղացիները: «Մեր սեփականաշնորհած հողը գյուղի դաշտում է, բայց տոչնի չափը չգիտենք` ինչքան է: Ճիշտն ասած` 930 մետր հող ունենք, բայց սեփականության իրավունքի վկայական չունենք: Մեր հողի տարեկան հարկը կազմում է 13,300 դրամ: Ես հիմա չգիտեմ` որքան պարտք ունեմ, բայց ծանուցագիր է եկել, որ տույժն էլ հետը 73 հազար դրամ է: Հետն էլ գրել են, որ մենք գործը առանց Ձեզ էլ կարող ենq տենալ»,- պատմեց գյուղացիներից մի կին, որի` 1996թ. մահացած  ամուսինը` Անուշավան Մոսինյանը, դեռեւս հողի սեփականատեր է: 

Սանահին գյուղի հանգուցյալ Վլադիմիր Էվոյանի սեփականաշնորհած հողերի ժառանգորդ որդին` Սերգո Էվոյանը, նույնպես չունի հողի սեփականաշնորհման վկայական: «Մի երկու անգամ մուծել եմ հարկը, էլ բան չեն ասել, չեմ մուծել: Համ էլ թող հողերիս տեղը ցույց տան, որ հարկը մուծեմ»,- ասաց նա: Վարդան Էվոյանը նույնպես հողի սեփականանության վկայական չուներ:

Քաղաքապետ Ա. Վարոսյանն ապրիլի 29-ին հայտնեց, որ գյուղական թաղամասերում հողի բազային ճշտումների խնդիրներ կան: Ըստ քաղաքապետի` Սանահինի  եւ Ակների  գյուղացիները 2014թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեին 770 հազար դրամ ապառքներ ունեն: Ու մինչ  Ալավերդու քաղաքապետն ու ավագանին ջանքեր չեն խնայում բյուջեի 2014թ. եկամուտների հավաքագրումը 100%-ով ապահովելու գործում, Ակներ գյուղի  51,2 հա եւ Սանահին գյուղի  45,8 հա վարելահողերում գյուղացիները ցանքս չեն կատարում: Գյուղացիներից շատերը դրանք օգտագործում են որպես խոտհարք:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter