Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Արձանագրություն ազատության մեջ



Նստած եմ խցում։ Ասում են՝ սպանել ես։ Ասում եմ՝ չէ։ Հարցնում են՝ խմբակային որեւէ հանցագործության մասնակից եղել եմ։ Ասում եմ՝ խումբն ինձ համար չհստակեցված կատեգորիա է։

Մորս առավոտյան տեսել եմ։ Հորս շորերը մի ամիս է, տանը դրած է։ Ասեց, եթե դժվար չի, կենտրոն իջեցնեմ․ նույն քաղաքում ենք ապրում էլի։ Գուցե մորս հարցնեք՝ ինչն է պատճառը։ Նրան այս առավոտ տեսել եմ։ Կարող եմ պատմել նաեւ մի քանի ամիս առաջ պատահածի կամ երեկվա զբոսանքի մասին։

Ձեզ հատկապես ի՞նչն է հետարքրքում։ Էս հարցադրումը երեւի շատ կտրուկ է։ Ձեզ հատկապես ո՞ր օրվա ո՞ր ժամի պատմությունն է հետաքրքրում։ Սա էլ հստակ հարցադրում չեք որակում․․․ Ձեզ հետաքրքրում է պատճառը, թե ինչի եմ նստել էս խցում։ Էդ պատճառը մեկ ժամվա առաջվա գործողությունների մեջ մի՛ փնտրեք եւ նույնիսկ ողջ օրվա գործողությունների։

Էդ պատճառի մասին բառերով հստակ ձեւակերպելը տարիներ կտեւի․ դուք հաստատ այդքան պատրաստ չեք լսելու։ Եթե չէ, հակառակ դեպքում պետք է  որ նստեք ու լսեք պատմություններ, որոնք պատճառ կարող եք որակել, եթե կամենաք։ Իսկ եթե չէ, իսկապես ձեզ օգնել չեմ կարող։ Ես սովորական մի տեղից եկել մի այլ սովորական տեղ եմ նստել։ Սա ամենից կարճ պատասխանն է։

Ինձ ստիպում եք մտածել․ես դրանից հեռանալու համար առանձնացել եմ․ձեր շահը ո՞րն է, կարելի է չէ՞ ուղղակի հանգիստ թողնել՝ գոյությանս ձեւերին որակումներ չտալով։

«Չբավարված նենգության սինդրոմներ եմ նկատում հարցադրումների մեջ»․ խնդրում եմ` ամրագրեք այս հատվածը՝ որպես ցուցմունքիս կարեւորագույն մասերից մեկը։

Տեսնում եմ, որ ձեր հեչ պետքն էլ չի, ուրեմն փասափուսեքդ հավաքեք, լուռ, կամ էլ աղմուկով, ոնց կամենաք, հեռացեք էստեղից։ Ես կիսելու բան հիմա հաստատ չունեմ՝ առավելապես, եթե որեւէ պատմություն ձեզ չի հետաքրքրում։

Ձեզնից այն մեկը, որ շատ ջահել է, ավելի հետաքրքիր առաջարկություններ չունի՞, քան հարցադրումները, ես պատրաստ եմ նման պատասխաններ տալու, եթե ինքը կամենա։

Բարձրահասակը շպրտում է նրան դեպի իմ կողմ։ Սկսում եմ կրծոտել ականջները։ Վախեցած նայում է դեմքիս, բան չի խոսում։ Ասում եմ ՝ պապանձվել ես։ Լուռ է։ Ցավից նույնիսկ ձեն չի հանում։ Ասում եմ՝ քո էստեղ հայտնվելու պատճառը որն է։ Լռում է։ Նորից եմ հարցնում՝ ավելի ուժեղ կծելով ու գոռալով։ Լռում է։

-Կուզե՞ս հանվել,- հարցնում եմ։

 Ձեն ու ծպտուն չկա։ Անհասկանալի դադար է մի րոպե տեւողությամբ։

-Կարգադրել են,- առանց հարցադրման՝ պատասխանում է։

Ա՜, ես հենց էդպես էլ մտածում էի, հիմա ի՞նչ՝ թողնելու ես ականջներդ կրծեմ մինչեւ վերջ։ Լռում է։

-Հա, կարգադրել են, որ թողնես,- խնդում եմ։

 Լռում է։ Էն երեքն էլ, ականջները կախ տված, լսում են ու չեն միջամտում։

«Ուրեմն արձանագրեք, որ այստեղ հայտնվելուս առաջին պատճառը հավուր պատշաճի չմիջամտելն է։ Եվ շարունակեք ինքներդ այդ լռության մասին գրել»։

Տեխասում Ջո անունով մի բարմեն կա։ Նաեւ բարի սեփականատերն է։ Երբեք չի եղել որեւէ երկրում։ Տեխասը հինգ մատի պես գիտի։ Եթե Ջեքը ուղղակի սառույցով ես խմում ու օտարերկրացի ես, հյուրասիրում է։ Եթե երեք բաժակը գերազանցում ես, սկսում ես վճարել։ Ջոյի կինը ավտովթարից մահացել է։ Երեխա չունի։ Կնոջից բաժանվելուց առաջ նրան հայհոյել է, հետո կինը մեքենայի տակ է հայտնվել։ Ասում է, որ հասցրել է ասել սրտին եկածը ու հիմա հանգիստ է։

Հորանջու՞մ եք, պարոնա՛յք։ Ասենք՝ հա՛, էն կողմում գտնվող հարյուրավոր Ջոյեր լինեն, ձեզ շատ պետք է․

«Հորանջելը եւ ննջելը ընկալում եմ որպես վիրավորանք եւ դրանից դրդված կարող եմ այրել հորանջողի տունը»․ ամրագրեք խնդրում եմ արձանագրության մեջ եւ ավելացրեք, որ այս պահին հրդեհներ չստեղծելուս միակ պատճառն այն է, որ ես չեմ պատրաստվում լքել խուցը։

Պատերազմից հետո (արտահայտությունից հետո կտրուկ նստեցին իրենց տեղերում թարմ վարունգների պես) ավագ ընկերներիցս մեկին համոզում էին, որ ամեն բան ավարտվել է։ Բեղ ու մորուսի միջից աչքերը պարզ երեւում էին ու գլուխը սեղանին դրած ասում էր՝ չի հավատում։ Հավատացրին մի ձեւ։ Զենքն ու կողմնորոշվածությունը հանձնեց համապատասխան մարմիններին։ Էսօր քրեակատարողականի տղերքը «փախած» են անունը կնքել։ Իրենց հետ նստած է նույն տեղը` սպանության համար։ Մեկին գտել է համոզողներից ու դանակահարել։

-Ու՞մ մասին եք խոսում,-հարցնում է բարձրահասակը։

Նայում եմ դեմքին շատ լուրջ՝ ունքերս վերեւ, ասում եմ՝ ինչ կարեւոր է, մեկ է, իրեն արդեն վաղուց հարցաքննել են, ու ինքն արդեն նստած է «փախածի» կարգավիճակով։

-Ի՞նչ կապ ունեք նրա հետ։ Որեւիցե առնչություն կա՞։

Բարձր խնդում եմ հետո կտրուկ պատասխանում․ «Ձեր հասկանալու բանը չի»։ 

Խնդրում եմ արձանագրության մեջ այս պատմության մասին գրելու դեպքում ավելացրեք․ «Քիչ եմ արել, հերն անիծել էր պետք»։

Սրանք նրա խոսքերն են, որի տակ ես էլ եմ ստորագրում։

Նրան էնքան քիչ եմ ճանաչել, որ միանգամից կտրուկ քայլերի դիմեցի։ Պառկեցի հետը նույն անկողնում։ Էդտեղ ծանոթացանք։ Ասեց՝ անունդ ինչ է։ Ասեցի՝ դեռ չեմ գնում ու էլի եմ գալու, կհասցնենք ծանոթանալ։ Էլ հարցեր չտվեց։

Հիմա հնարավորություն չունի։ Էդպես էլ անունս չպարզած՝ մոտեցրեց քիթը ու սկսեց լացել։ Ես ճանաչեցի իրեն միանգամից, ինքն էլ ինձ՝ լացից հետո։

Նման ծանոթությունները ձեզ չեն հետաքրքրում, պարոնա՛յք։ Իմ կյանքում դրանք շատ են։ Այդպես պատահեց նաեւ նրա հետ, ով տանս ապրեց երկու տարուց ավելի, հետո սուսուփուս հավաքեց իրերն ու հեռացավ՝ մի զույգ կոշիկ մոռանալով պահարանիս մեջ։

«Ես հավատացած եմ, որ բոլոր հարցադրումները անտեղի են, եթե կարող ես գոյությամբդ ցույց տալ ով լինելդ» ․ սա էլ խնդրում եմ ամրագրեք արձանագրության մեջ։

Իսկ երեկ ես զբոսնում էի։ Վաղուց չկիրառված ծիսակարգ է՝ ժամանակի պահանջով։ Տասնյակից ավելի հղի կանանց եմ տեսել․ նրանք որեւէ կերպ չեն առնչվում պատմություններիս հետ, բայց իրենց  պատմությունների պատճառով երեք ժամից ավելի մնացի այգում։

Հետո երեխաներ շատ կային` էս ու էն կողմ վազող։ Նրանցից մեկի անունը Դանիել էր։ Մի այլ Դանիելի եմ ճանաչում, որ հոդվածներ է գրում, մի ավելի պատկառելի Դանիել էլ կա էս քաղաքում, որ երաժիշտ է։ Հիշողություններ էլ կան մի ուրիշ Դանիելի հետ կապված, որ սահմանապահ է, ու երկու անգամ եմ տեսել կյանքումս՝ սահմանի վրա եւ երազում։

Ուզում եմ մի պահ կտրվեք, այս իրողություններից ու պատկերացնեք, թե ինչպես եմ նստած հիմա, կորցրածի պես, որ ոչինչ ձեռք չի բերել ընթացքում բացի պատմություններից ու սկսեք վերագնահատել ձեր պատմությունները, որքան էլ նրանք անարժեք կամ ապարդյուն թվան ձեզ։

Ամենազորեղ տրամաբանությունն անգամ ոչինչ է, եթե պատմությունների հիման վրա արձանագրություն կազմել հնարավոր չլինի։

Արդյոք ի վիճակի՞ եմ ես տեքստի հետ առնչվելու, առավելապես ձեզ հետ, եթե դիմացս նստածները միեւնույն ժամանակ լսում եւ չեն հասկանում ոչ միայն իմ բացատրությունները, այլ նաեւ իրենց կարգավիճակը։

«Ի՞նչն է մեզ դրդում այդքան խորը մոտենալ կարգավիճակ հստակեցնելու խնդիրներին, ինչի՞ց է, որ մենք չենք կարողանում այլեւս զարմացնել եւ զարմանալ»․․․ Այսպես ավարտեք այսօրվա արձանագրությունը, որովհետեւ ես առաջիկա օրերին չեմ պատրաստվում լքել խուցը։

Լուսանկարի հեղինակ՝ Թերիի Բորդեր 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ