HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս պայքարը ստրուկ չլինելու համար է»

«Հետքը» շարունակում է պատմել Շանթ Հարությունյանի հետ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ձերբակալված և արդեն 6 ամիս կալանքի տակ գտնվող 14 քաղաքացիների մասին: Այս անգամ մեր ադրադարձը տնտեսագետ, Արցախյան պատերազմի մասնակից, 4 երեխայի հայր, 1 թոռնուհու պապիկ Լիպարիտ Պետրոսյանի մասին է:

«Ապրիլի 22-ին պիտի տոնեինք մեր ամուսնության 20-ամյակը, բայց Լիպարիտին արդեն 6 ամիս պահում են բանտում ծիծաղելի ու անհեթեթ պատճառով: 1989 թ-ին, երբ Շանթ Հարությունյանը հացադուլի էր նստած, Շանթի քույրիկի՝ Սյուզաննայի հետ գնում էինք նրան տեսակցության: Այնտեղ էլ առաջին անգամ տեսա ու ծանոթացա Լիպարիտի հետ»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Լիպարիտ Պետրոսյանի կինը՝ Ռուզաննա Թեմուրյանը:  

Արցախյան պատերազմի առաջին օրերից Լիպարիտ Պետրոսյանը կամավոր մեկնել է Հայաստանի սահման՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ավարտական պետական քննությունը չհանձնած:

Նա Շանթ Հարությունյանի և այսօր կալանքի տակ գտնվող մյուս տղաներից մի քանիսի հետ եղել է Կապանում, մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը. «Իսկ երբ սարերից իջել է անգամ ֆիդայական հագուստն է հանել, որ ցուցադրական ոչինչ չլինի, թե ինքը կռված տղա է»,-պատմեց Ռուզաննան՝ նշելով, որ թերևս դա է պատճառը, որ անգամ մի թուղթ չունեն, որ ինքն ու իր ընկեր տղաները մասնակցել են ազատամարտին:

Զինադադարից հետո զինակից ընկերները սկսել են զբաղվել իրենց ընտանիքներով: Լիպարիտը մեծ ընտանիքի հոգսը հոգալու համար գնացել և շուրջ 9 տարի ապրել է Մոսկվայում, զբաղվել շինարարությամբ. «Մի քանի տարի առաջ վերադարձավ, գալուց մի քանի ամիս անց արդեն զգացի, որ շատ է մտահոգվում ժողովրդի համար, անարդարություններին շատ բուռն է արձագանքում: Անգամ ինձ հետ զրույցներում ասում էր՝ էս օրվա համար գնացինք պատերազմ, երկիր պահեցինք»,-պատմեց Լիպարիտի կինը:

Լիպարիտը, վերադառնալով Հայաստան, նորից գտել է զինակից հին ընկերներին: «Արդյունքում՝ նորից պայքար: Լիպարիտը չէր տեսել 2008-ի մարտի 1-ի դեպքերը: Իսկ այդ պատկերներն իմ աչքի առաջ են, քանի որ ապրում ենք Մաշտոց-Խորենացի փողոցների հատման մասում: Բայց 2013-ի նոյեմբերի 5-ին նման անհանգստություն չունեի, քանի որ գիտեի, որ մարդիկ գնում են խաղաղ երթի: Բազմաթիվ անգամ վերանայել եմ այդ տեսանյութերը: Լիպարիտը վազել է, երբ պայթուցիկների ձայներն է լսել: Տեղի է ունեցել սադրանք, տեսանյութում էլ երևում է, որ դիմացից է սադրիչը պայթուցիկը գցում: Անգամ ծիծաղելի է խուլիգանության հոդվածը»,-ասաց Ռուզաննա Թեմուրյանը:

Սկզբում Պետրոսյան ընտանիքը պաշտպաններ է վարձել, այնուհետև, զգալով, որ չի կարողանում այլևս վճարել նրանց, հրաժարվել է փաստաբանների ծառայություններից ու դիմել հանրային պաշտպանի գրասենյակ: Ռուզաննա Թեմուրյանը չի աշխատում, խնամքին երկու անչափահաս երեխաներ են, իսկ որդին ծառայում է հայոց բանակում:

Ընտանիքի միակ կերակրողը 6 ամիս անազատության մեջ է՝ կալանքի տակ «Նուբարաշենի» բանտում:

Ռուզաննան ասում է, որ 16 օր հացադուլի է մեջ է եղել ամուսինը, ինչպես և մյուս տղաներից մի քանիսը, որ հանվի ընտանիքի անդամներին տեսակցելու արգելանքը. «Երեխաներն են գնացել իրենց հորը տեսնելու, իսկ ես չեմ ուզում այդ նվաստացնող, բացասական աուրայով պայմաններում, երկշերտանի ապակիներից այն կողմ տեսնել Լիպարիտին ու անգամ ձայնը չլսել: Այնտեղ խոսում են հեռախոսով, գիտե՞ք: Ո՛չ խուլիգան է, ո՛չ հանցագործ, որ այդ պայմաններում տեսնեմ նրան:Միայն սնունդ, գրքեր եմ տանում, նաև երաժշտական դիսկեր»,-ասաց Ռուզաննան՝ համոզմունք հայտնելով, որ Լիպարիտի ու մյուս քաղաքացիների պայքարը, բողոքը նրա համար է, որ ստրուկ չլինենք, լինենք ազատ: Բայց այդ զգացողություններն իշխանությունը ուզում է ճնշել. «Այս պայքարը ստրուկ չլինելու համար է: Ազատատենչ մարդկանց պատժում են, որ այլևս ոչ մեկը երբեք չփորձի ոտքի ելնել իր իրավունքների, ազատության, անկախության համար: Մարդկանց մեջ ուզում են ոչնչացնել ազատության ձգտումը»:

Ռուզաննա Թեմուրյանը ելք չի տեսնում. «Ժողովուրդը հիմա պայքարելու սիրտ ու միտք չունի: Ես Հայաստանում տեսել եմ պայքարող ժողովուրդ: 20 տարի առաջ էր, երբ բոլորս էինք պայքարում: Ւսկ հիմա ժողովուրդը ո՛չ իր ուժերին է հավատում, ո՛չ էլ իշխանությանը: Կոտրված ենք, չենք հավատում…»,-վերջում ասաց Ռուզաննա Թեմուրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter