HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սեփականությունից զրկում են նաեւ վկաների բացատրության հիման վրա

Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանը, այնուհետեւ քաղ. գործերով վերաքննիչ դատարանը, վկաների հայտարարությունները հիմք ընդունելով, Երեւանի բնակիչ Արմեն Զարգարյանին զրկել են Մամիկոնյանց փողոցի 49/1 շենքի 28 բնակարանի սեփականության բաժնից՝ վերջինիս նախկին կնոջ ու նրա հոր ցանկության հիման վրա:

Արմեն Զարգարյանն ու նրա նախկին կինը՝ Դիանա Զարգարյանը, հիշյալ հասցեի բնակարանի համասեփականատերեր են 2001թ.-ից, բայց երբ կինը որոշել է ամուսնալուծվել, նրա հայրը՝ Վիգեն Զարգարյանը, դիմել է դատարան ու հայտնել, որ համասեփականության իրավունքով դստերն ու փեսային պատկանող բնակարանն իրականում ինքն է գնել եւ հիմա ցանկանում է, որ այն իրեն վերադարձվի: Վիգեն Զարգարյանի ու նրա հրավիրած վկաների «անմեղ հայտարարությունների» հիման վրա դատարանը բնակարանը վերադարձրել է Վ. Զարգարյանին:

Ոչ միայն Արաբկիրի 1-ին ատյանի դատարանի, այլեւ վերաքննիչ դատարանի վճիռները պատճառաբանական մաս չունեն: Վերաքննիչ դատարանի 5 էջանոց վճռում ընդամենը մեկ հղում է արված ՀՀ քաղաքացիական օրենսգրքին եւ, չնայած այդ հղումն անգամ դատավորների օգտին չէ, դա չի խանգարել, որ նրանք բնակարանի համասեփականատերերին, ինչպես նաեւ նրանց երկու երեխաներին զրկեն սեփականության իրավունքից: Վերաքննիչ դատարանի վճռում նշվում է, որ ՀՀ քաղ. օր-ի 470 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը եւ դրա համար վճարել որոշակի գումար (գինը)»:

Բնակարանի առուվաճառքի պայմանագրում, որը վավերացրել է նոտարը, այդպես էլ գրված է: «Մենք՝ Լյուդմիլա Կոստանյանս եւ Կարեն Սարգսյանս, վաճառեցինք մեզ պատկանող Երեւանի Մամիկոնյանց փողոցի 49/1 շենքի 28 բնակարանը, իսկ ես՝ Դիանա Զարգարյանս, գնեցի Երեւանի Մամիկոնյանց փողոցի 49/1 շենքի 28 բնակարանը»: Բայց դատավորներն այս տողերը կարդալիս «ներքին համոզմունք» են ձեւավորել, որ բնակարանի իրական գնորդը Վիգեն Զարգարյանն է, չնայած պայմանագրում գրված է, որ «նշված հոդվածով սահմանված գործողությունը կատարել է Դիանա Զարգարյանը»:

Չէ՞ որ աղջիկը համաձայնվել է երկու երեխաների հետ դուրս գրվել բնակարանի գրանցումից եւ այն հանձնել հորը, «որպեսզի նա վաճառի ու մարի իր պարտքերը»: Աներոջ «սեփականատիրական» ցանկությունները պաշտպանող դատարանը մեկ հարց չի ուղղել դստերը, թե ինչպես եք որոշել լուծել երեխաների բնակության իրավունքը, եւ արդյոք իրավունք ունե՞ք հանուն ձեր հոր երեխաներին զրկել բնակարան ունենալու իրավունքից: Նրանք էլ հո ամուսին չե՞ն:

Իհարկե, հարկ կլինի պարզել, թե այս գործը քննող Արաբկիրի առաջին ատյանի դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը եւ վերաքննիչ դատարանի դատավորներ Արմեն Թումանյանը, Կարինե Հակոբյանը եւ Աստղիկ Խառատյանը ինչու՞ «ներքին համոզմունք» չեն ձեւավորել դատարանին ներկայացված գրավոր ապացույցներից, այլ հիմնվել են դատարանում արված հայտարարությունների վրա: Նույնիսկ այդ դեպքում, ինչպե՞ս են պարզել, որ հայցվոր Վ. Զարգարյանի հրավիրած վկաները ճշմարտախոս են, իսկ Ա. Զարգարյանի հրավիրած վկաները՝ ստախոս: Վերջապես, երբվանի՞ց է վկաների բացատրությունը հիմք հանդիսացել անձի` օրենքով ամրագրված սեփականությունը նրանից խլելու համար: Չէ՞ որ քաղ. օրենսգրքի 298 հոդվածն արգելում է վկաների ցուցմունքներ վկայակոչելը: «Գործարքի հասարակ գրավոր ձեւը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքները վկայակոչելու...»: Եթե նույնիսկ Արմեն եւ Դիանա Զարգարյանները ամուսիններ չլինեն, միեւնույնն է, նրանք են այդ բնակարանի սեփականատերերը, ինչպե՞ս կարող է այն պատկանել երրորդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter