HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 անչափահաս երեխաների հայրը 6 ամիս բանտում է

Ալեք Պողոսյանի ընտանիքը 6 ամիս է՝ ապրում է առանց Ալեքի. անցյալ տարվա նոյեմբերի 5-ից նա ձերբակալվել ու կալանավորվել է Շանթ Հարությունյանի ու մյուս 13 քաղաքացիների հետ: Նրա 5 անչափահաս երեխաները՝ Մարտունը, Րաֆֆին, Մոնթեն, Սաթենիկն ու Շանթը, հազիվ են գոյատևում առանց հոր, առանց միակ կերակրողի (մինչև ձերբակալվելը Ալեքը մասնավոր գործեր է արել՝ ալեհավաքներ տեղադրել, հեռուստացույց նորոգել): 

44-ամյա Ալեքի ու Մանեի մեծ երեխան 13 տարեկան է, փոքրը՝ 5: Նրանց բազմազավակ ընտանիքն ապրում է Նոր Խարբերդի մեկհարկանի փոքր տանը. «Մեր գյուղից՝ Դավիթ Բեկից տեղափոխվեցինք Երևանին մոտ, որ երեխաները կարողանան շախմատի գնալ: Մեր մեծ տղան ու աղջիկը շախմատից կարգեր ունեն»,-ասաց Մանեն: 

Ալեքի կինը՝ Մանեն 5 երեխաներին է խնամում ու չի կարողանում աշխատել. բազմազավակ ընտանիքը ապրում է 51.000 ընտանեկան նպաստով: Անգամ Ալեքի համար փաստաբան չեն կարողացել վարձել, հանրային պաշտպանի ծառայությունից են օգտվում: Նրան, ինչպես և մյուս 13 կալանավորվածներին առաջադրված նախկին մեղադրանքը փոխարինվել է խուլիգանության հոդվածով, ինչը Մանեի կարծիքով, ծիծաղելի է: 

«Ալեքին ճանաչողները կարող են վկայել, թե ով է նա՝ հայրենասեր, հողին ու ջրին կպած, ուսումը ինստիտուտում թողած ու պատերազմ գնացած, բարի մարդ, որ վերջին շորն էլ ուզեն, կհանի կտա ուրիշին»,-«Հետքի» հետ զրույցում պատմեց Մանե Մնացականյանը: 

Ալեք Պողոսյանն ազատամարտիկ է: Նա 1989 թվականից Պոլիտեխնիկական ինստիտուտի 3-րդ կուրսից մեկնել է Հադրութի շրջանի Սպիտակշեն գյուղը պաշտպանելու: Խծաբերդի ջոկատով մասնակցել է գյուղի, այնուհետև նաև՝ Կապանի շրջանի Դավիթ Բեկի գյուղի պաշտպանությանը: Շանթ Հարությունյանի հետ ծանոթացել է 1991 թ-ին, ընկերացել են, դարձել համախոհներ:  1994-ից պատմություն է դասավանդել հայրենի գյուղի դպրոցում:  Ալեքը 1997 թ-ից  3 տարի եղել է Դավիթ Բեկի համայնքապետը: Մանե Մնացականյանի հետ, ով իրենց գյուղի աղջիկ է եղել, ամուսնացել է 1999 թ-ին: 2000 թ-ից այս կողմ Ալեք Պողոսյանը չի ունեցել մշտական վարձատրվող աշխատանք: Ընտանիքը պահել է մասնավոր պարապմունքներով, մասնավոր գործերով:  

«Նոյեմբերի 5-ին, 6-ին մեր տանն այնքան մարդ կար, որ երեխաներն ամեն ինչ հասկացան: Եկել էին խուզարկելու, զենք էին փնտրում: Բնական է, որ ոչինչ էլ չգտան, որովհետև մենք զենք չունենք: Հիմա երեխաները գիտեն, որ իրենց հայրը բանտում է: Բայց չեմ կարողանում բացատրել, թե ինչի համար է նա բանտում: Մինչև հունվար, երբ արգելում էին մեզ տեսնել Ալեքին, երեխաները շատ էին նեղվում: Հետո արգելանքը հանեցին: Ես գնում եմ տեսակցության, բայց չեմ ուզում երեխաներին տանել, որովհետև հորը չեն կարող գրկել, այնտեղ ապակիներ են ու խոսում ես հեռախոսով: Հիմա էլ չհասկացա, թե ինչու նորից երկարացրեցին կալանքի ժամկետը»,- պատմեց Մանե Մնացականյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter