ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Անտառապետը դժգոհ է «Թեղուտ» ՓԲԸ-ի իրականացրած անտառվերականգնման աշխատանքներից



«Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո  խոսնակ Վահրամ Ավագյանն ասում է, որ մինչ օրս Շնողի և Թեղուտի վարչական տարածքներում հատվել է 149 հա անտառ, որի փոխհատուցման շրջանակներում իրականացվել են 378,5 հա անտառվերականգնման աշխատանքներ Թեղուտ, Շնող, Օձուն, Արջուտ, Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում  և  «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի Լալվարի և Գուգարքի անտառներում:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարների  2008թ. փետրվարի 12-ի N59-Ա և փետրվարի 21-ի N 34-Ա համատեղ հրամանով  ստեղծված ժամանակացույցի համաձայն` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ  «Թեղուտ» ՓԲԸ-ն Թեղուտի և Շնողի անտառներում պետք է  հատեր 205,5 հա անտառ եւ իրականացներ  411 հա անտառվերականգնման աշխատանքներ:  

Ըստ Վահրամ Ավագյանին` Թեղուտ և Շնող համայնքերի վարչական տարածքներում  առ այսօր կատարվել է 67 հա անտառվերականգնման  աշխատանքներ:  

Թեղուտի համայնքապետ Ֆրունզե Նորեկյանը հայտնեց, որ 50 հա  անտառվերականգնման աշխատանքներ ընկերությունը կատարել է Թեղուտի  Փոլադի սարերում, որտեղ ընդհանրապես տնկիների կպչողականություն չի ապահովվել: «Մեր սարերում մեկ ծառի տակին 10 տնկի է դուրս գալիս, Փոլադի սարերում ծառը տնկելուց հետո կարգին չափար չեն արել, անասունները մտել են մեջը, սաղ ոտնատակ տվել»,- ասաց համայնքապետը:

Ապրիլի 30-ին Շնող և Թեղուտ  համայնքների գյուղացիների հետ Թեղուտ ՓԲԸ-ի ղեկավարների հանդիպմանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվար» անտառտնտեսության Շամլուղի տեղամասի անտառապետ Սերգեյ Շախկյանը  փորձեց պարզել, թե 67 հա անտառվերականգնման աշխատանքներում քանի՞ տոկոս կպչողականություն են ապահովել: Վահրամ Ավագյանը հայտնեց, որ  ընկերության կողմից աշխատանքային նախագծով նախատեսված շեմային կպչողունակությունն ապահովվել է: «Հավանաբար, ձեր հարցի հիմքում ընկած ենթատեքստի ակնարկն այն է, որ Շնողի տարածքում մենք ունեցել ենք մրցույթով հաղթած կազմակերպության ստանձնած պարտավորությունների թերի կատարում կամ չկատարում `շուրջ 17 հա տարածքներում»,- ավելացրեց  Վահրամ Ավագյանը: Ըստ նրա` թեև ընկերությունը դատական ատյաններում քննարկում է հարցը, սակայն չսպասելով հանգուցալուծմանը` Շնողի վարչական տարածքում  ստանձնել է ևս 17 հա անտառատնկման ծրագիր:  

Պատասխանը չգոհացրեց Սերգեյ Շախկյանին: Նա պահանջեց ներկայացնել անտառվերականգնման աշխատանքներում կպչողականության կոնկրետ ցուցանիշ: «Հինգ տոկոսը կպչողականություն չէ, պետք է 80 տոկոսից ավելի կպչողունակություն ունենա»,- ասաց Սերգեյ Շախկյանը:

Մամուլի խոսնակը բացատրեց, թե կնքվող պայմանագրերում յուրաքանչյուր տարի ստուգվում է կպչողականությունը: Շնողցի անտառապետը չհանդարտվեց: «Էդ  պայմանագիրը որ կնքել եք, հիշու՞մ եք ինչ ծառատեսակներ եք տնկել»,- հարցրեց նա: Վահրամ Ավագյանը չէր հիշում: Ասաց, որ աշխատանքային նախագծում նշված է թե́ ծառատեսակը, թե́ յուրաքանչյուր երկու ծառի հեռավորությունը:

«Ներողություն, բա որ նշված է, Փոլադի ձորում որ հացի տնկեք, էնտեղ կաճի՞»,- հարցրեց Սերգեյ Շախկյանը:

«Հետքի» հետ զրույցում  վերջինս ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի իրականացրած անտառվերականգնման աշխատանքներում ընդհանրապես կպչողականություն չկա: «Ո՞վ չգիտի դա: Տնկված անտառակուլտուրան  որպեսզի անտառ ճանաչվի, մինիմում 60-70 տոկոս կպչողականություն պետք է ունենա: «Վալլեքսի» տնկած անտառները 10 տոկոս կպչողականություն էլ չունեն: Վահրամ Ավագյանն անընդհատ ասում է՝ նորմատիվ շեմը ապահովում ենք: Դե ասում չի, թե որն է էդ նորմատիվ շեմը: Ո՞վ է տեսել տենց բան, Շնողի անտառը կտրում են` Օձուն անտառը գցում: Շնողի տարածքում էլ ասավ 17 հա է անտառ գցում, էդ դիմացից Խեչի դոշի հանդամասում են գցել, էդ հիմնավորապես վերացել է, 17 հա են ասում, 20 հա գցել են Փոլադի սարի տակին, Սարիբեկի թալի վերևներում, էդ էլ չկա»:

Անտառվերականգնման աշխատանքներից դժոգոհեց նաեւ Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը: Վերջինիս կարծիքով` «Թեղուտ» ՓԲԸ-ի անտառվերականգնման աշխատանքները հավուր պատշաճի  չեն վերահսկվել ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների  կողմից:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. hogatar mard11:18 - 16 մայիսի, 2014
es erkire es orina vorovhetev voch te navt chunenq ail hakarake lavel harust enderq unenq, qani vor chka petakan mtacoghutyun, qamun en trvum animast pogher voronq voch mi angam npatakain chen ogtagorcvel, poshiacvum en hskajakan gumarner u chen haskanum inchi vra, aisqn lavel haskanum en...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ