HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական գինի. աշխարհի լավագույն սպիտակ մուսկատը

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ տանող ճանապարհի ձախ հատվածում նկատելի է կարմրավուն մի շենք, որը հանդիպակաց է Արարատին: «Արմենիա Վայն» գործարանն է (այն հիմնադրվել է 2008թ.): Շենքի և լեռան միջև փռված են ծիրանենիները, որոնց կանաչն ավելի կոնտրաստային է դառնում կապտավուն ամպերի խտությունից: Այստեղ է պատրաստվում աշխարհի լավագույն սպիտակ մուսկատը: 2013 թ. Ֆրանսիայում տեղի ունեցած մուսկատի միջազգային մրցույթում լավագույն մուսկատ է ճանաչվել «Արմենիա սպիտակ քաղցր մուսկատ 2012»-ը: Ընկերության աշխատակիցներն ասում են, որ Սասունիկի ընտրությունը պատկանում է «Արմենիա Վայն»-ի սեփականատերերին՝ Վարդգես Վարդանյանին և Վահագն Մկրտչյանին:  Գործարանի տեղի ընտրությունը և նաև շենքի ճարտարապետությունը գովում է նաև ընկերության գլխավոր տնօրեն Ժան-Բատիստ Սուլան (Jean-Baptiste Soula), ով արդեն 3 ամիս է` ղեկավարում է ընկերությունը: 2 տարուց ավելի նա ընկերության գինեգործ-խորհրդատուն էր (ընկերությունում խորհրատվություն են իրականացնում 5 միջազգային մասնագետներ):

Այվազովսկին և ֆրանսիացի գինեգործը  

Ժան-Բատիստ Սուլան Ֆրանսիայի Բորդո քաղաքից է, եղել է ֆրանսիական շատոյի ղեկավար (Ֆրանսիայում ընդունված է այդպես անվանել գինեգործական ընկերությունները, որը թարգմանաբար նշանակում է դղյակ): Ասում է, որ Հայաստանի և հայերի մասին լսել է դեռևս Եգիպտոսում աշխատելու տարիներին, գիտեր նաև Արարատ լեռան մասին, որի մոտ Նոյը խաղողի այգիներ էր տնկել: Նրա գրասեղանին դրված էր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին հայերեն գիրք: Հետաքրքվեցի նրանից, թե արդյոք հայերեն գիտի: Ասում է, ցավոք, հայերեն չգիտի: Օրեր առաջ իր ծննդյան օրն էր, և գիրքը նվիրել են ընկերության աշխատակիցները, որտեղ կա նաև ֆրանսերեն թարգմանությունը: Պատմում է, որ գինեգործությամբ հետաքրքրվում էր համալսարանական տարիներին. քիմիկոսի մասնագիտություն էր ընտրել:

«Մեր համալսարանում քիմիայի ֆակուլտետը գտնվում էր գինեգործության ֆակուլտետի մոտ: Դասից հետո տուն գնալիս միշտ անցնում էի այդ ֆակուլտետի մոտով: Ամբողջ օրը անալիզներ էի անում, բայց հենց անցնում էի գինեգործների մոտով, տեսնում էի, որ նրանք էլ նույն ձևով էին հագնված, ինչպես ես, բայց անալիզներ անելիս համտեսում էին: Այդ ժամանակ նկատեցի, որ կյանքն անարդար է եղել իմ նկատմամբ: Դրանից հետո դիմեցի գինեգործության ֆակուլտետ»,- վերհիշում է նա, ապա նշում, որ քիմիայի ֆակուլտետում ստանալով մագիստրոսի աստիճան՝ ընդունվել է գինեգործության ֆակուլտետ: Իսկ թե ինչպես է ստացվել, որ ընդունել է Հայաստանի գինու գործարանում աշխատելու առաջարկը, ասում է, որ գինեգործության ամենահետաքրքիր պահը բացահայտումն է՝ թե՛ մարդկանց, թե՛ գինու, թե՛ մշակույթի, թե՛ պատմության:

«Գինին, իսկապես, յուրօրինակ է ամբողջ աշխարհում: Այն ոչ միայն ալկոհոլ է, որն ունի բուրմունք, այլև հոգևոր, մշակութային մակարդակի արտադրանք է»,- նկատում է նա, այնուհետ ավելացնում, որ իրենք՝ գինեգործները, զգայական առումով մի փոքր տարբերվում են այլ մասնագիտություն ունեցող մարդկանցից: Օրինակ, նշում է, որ զբոսանքի ժամանակ գինեգործն ինչ-որ բույր կարող է զգալ, կանգնել և ուշադիր հետևել, թե որտեղից է գալիս այդ այն:

«Հայկական գինու հետ իմ առաջին հարաբերությունը եղավ անմիջապես ուտելիքի հետ կապված: Առաջին օրը, երբ սեփականատերերի հետ սեղան դրվեց, որտեղ կային հայկական թարմ, հիասքանչ գույներով բանջարեղեններ, համտեսելով դրանք, ինքս ինձ ասացի, որ մի երկիր, որտեղ մրգերն ու բանջարեղենն այսքան լավն են, փաստ է, որ հնարավոր չէ այս երկրում վատ խաղող աճեցնել, իսկ լավ խաղողից հետո արդեն գինեգործի աշխատանքն է, որպեսզի խաղողի այդ բարձր որակն ամբողջ գործընթացում պահպանվի»,- ավելացնում է նա:

Հայկական և եվրոպական խաղողի հարաբերությունների մասին


Ֆրանսիացի տնօրենի կարծիքով` հստակ սահմանում չկա, թե այս գինին լավն է, մյուսը` վատը: Դա սուբյեկտիվ մոտեցում է, բայց, ըստ նրա, մարդիկ կարող են խոսել գինու որակի, համի հարստության մասին: Ասում է՝ Հայաստանում բացահայտել է խաղողի տեսակներ՝ կանգունը, հաղթանակը, արենին, որոնց երբևէ չէր հանդիպել:

«Ես եկա Հայաստան, որպեսզի մարդկանց սովորեցնեի, բայց միաժամանակ ձեռք բերեցի նույն քանակի գիտելիքներ, ինչքան որ պետք է սովորեցնեի: Գիտեք, իրականում կոնսուլտանտերն այսպես բացահայտ չեն խոսում, բայց այն, ինչ ասացի, իրականություն է»,- նկատում է ընկերության տնօրենը՝ կարևորելով հայկական և եվրոպական խաղողի «համադրությունը», որի արդյունքում ստանում են այնպիսի գինի, որը կարելի է ներկայացնել գինու միջազգային շուկայում:

«Օրինակ, եթե գինին ներկայացնում ենք որևէ միջազգային մրցույթի, որտեղ, բնականաբար, համտեսողները շատ մասնագիտացած են, և հստակ գիտեն, թե որ խաղողի տեսակն ինչ հատկություններ կարող է ունենալ, նրանց համար կարող է խորթ լինել, ենթադրենք, 100 տոկոս արենիից պատրաստված գինին: Պատկերացրեք, մի հայ բանաստեղծ հայերենով մի հիասքանչ բանաստեղծություն է գրել, և քանի որ ես հայերեն կարդալ չգիտեմ, չեմ հասկանա»,- բացատրում է նա:

«Պատկերացրեք աղցան, որտեղ միայն մի տեսակի կանաչի է: Եթե մի փոքր ձիթապտղի ձեթ կաթեցնեք այդտեղ, աղցանն ավելի լավը կլինի, այնուհետ կարող եք աղ ավելացնել՝ մանր կամ խոշոր: Նույն բանը կատարվում է նաև գինու հետ: Օրինակ, ես կարող եմ ունենալ մեկ պահաման արենի, մեկ պահաման հաղթանակ, որոնցից յուրաքանչյուրն իր տեսակով լավն է՝ մեկի մոտ կարող է գույնն ուժեղ լինել, մեկի մոտ մրգային բույրերը, բայց եթե որոշակի քանակով դրանք իրար խառնեմ, կստանամ բարձր հատկանիշներով գինի»,- բացատրում է Ժան-Բատիստ Սուլան: Ըստ նրա՝ իրենք այդ քայլով աշխարհին ուզում են ցույց տալ, որ Հայաստանում կա այն հողը, հնարավորություններ միջազգային մակարդակի գինիներ արտադրելու համար, և այդպես ավելի դյուրին է գինու միջազգային շուկայում կարևոր դիրք գրավելը:

Որտե՞ղ է գինու միջազգային շուկայի «դռան բանալին»


Հայաստանում գինեգործության ոլորտում, ըստ «Արմենիա Վայն»-ի տնօրենի, պակասում է կոլեկտիվ ապրանքանիշը: Նա նշում է «Saint Emilion»-ի մասին, որը համբավ ունի ոչ միայն գինեգործների, այլև գինեսերների շրջանում: Օրինակ, Բորդոյի շրջանում 800 գինի կա, որոնք, ընդգրկված լինելով մեկ կոլեկտիվ ապրանքանիշում, որոշակի կարծիք են ձևավորում սպառողների մոտ: «Ոչ թե ասում ենք, որ այս ընկերությունը լավն է, այլ ասում ենք «սեն էմիլիոն», և սպառողը գիտի, որ այդ 800 գինիների մեջ կարող է հայտնաբերել շատ հետաքրքիր, լավ գինիներ»,- ընդգծում է ֆրանսիացի գինեգործը:

Հովանոցային ապրանքանիշի դեպքում գինի արտադրող ընկերությունները պետք է հետևեն որակի ընդհանուր չափանիշներին, իսկ գինու արտահանման համար պետք է տրվի համտեսման հանձնաժողովի թույլտվություն: Զրուցակիցս ասում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի միջազգային շուկայում ներկայանալու համար՝ միևնույն ժամանակ նկատելով, որ գինու աշխարհի «դուռը» բացելը շատ դժվար է: Իսկ որպեսզի հայկական գինին ճանաչելի դառնա աշխարհում, պետք է հետևել խաղողի հայկական և եվրոպական տեսակների համադրությանը՝ ստանալով միանգամայն նոր համ:

«Ես օպտիմիստ եմ հայկական գինու ապագայի հանդեպ»

«Բարև ձեզ, Փառք Աստծո»: Սրանք ընկերության արտադրության տնօրեն ֆրանսիացի գինեգործ Մաթյո Բեսոնեի (Mathieu Bessonnet) հայերենի համեստ պաշարից են: 2 տարուց ավելի է ՝ Մաթյոն աշխատում է ընկերությունում: Սրտնեղում է, որ հայերենի իմացությունը դժվար է առաջ գնում, բայց նաև ոգևորվում, որ հայերենի թեկուզ համեստ իմացությամբ, երբեմն առանց թարգմանչի, կարողանում է շփվել աշխատակցիների հետ: Նա 6-7 տարի աշխատել է Ֆրանսիայի «Saint Emilion»-ում, Ավստրալիայում, Սիցիլիայում և Մարոկկոյում: Ասում է, որ զարմացած է «Արմենիա Վայնի» մեծ նախագծով, որը զբաղվում է գինու, կոնյակի, օղու և շուտով նաև շամպայնի արտադրությամբ: Նման նախագծերի, ըստ նրա, աշխարհում շատ հազվադեպ կարելի է հանդիպել: «Հայաստանում ինձ համար ամենակարևորը գինիների արտադրությունում այն է, որ մենք կարողանանք հարգենք հայկական սորտերն ու ավանդույթները: Առաջնայինն այն է, որ ուզում ենք ներկայացնել մի գինի, որի անունը «Արմենիա» է, և ուզում ենք, որ այն ամբողջովին ներկայացնի հայկական հողը»,- նշում է նա՝ հավելելով, որ ինքը հրաշագործ չէ, բայց լավ խաղող ունենալով՝ «օպտիմիստ է հայկական գինու ապագայի հարցում»:

«Կանաչ բերքահավաք»


Գինեգործ Մաթյոն բացատրում է գինու պատրաստման մի քանի սկզբունքային կետեր: Նախ՝ նշում է, որ սպիտակ գինու համար խաղողի մթերումը շատ ավելի վաղ են կատարում, որովհետև այդպիսով խաղողը պահպանում է թարմությունը: Նրանք դա կոչում են «կանաչ բերքահավաք»: Երկրորդ՝ բալանսի են բերում ալկոհոլի քանակությունը գինու մեջ, որովհետև խաղողը շատ հասած լինելու դեպքում ալկոհոլի թնդությունն ավելի բարձր է: Իսկ մինչ շշալցումը արտադրանքը փորձաքննության է ենթարկվում ընկերության լաբորատորիայում, որտեղ հատուկ շեշտում են դանիական «Ֆոսս» սարքը, որը բազմակի կրճատել է գինու արտադրությունում անալիզների ստացումը: Աշխատակիցներն ասում են, որ հաշված րոպեների ընթացքում նրանք կարող են ստանալ խմիչքի անալիզները:

«Մենք ստանում ենք գինիներ, որոնք պահպանում են բույրերի թարմությունը, և որոնք հեշտ է ըմպելը»,- նկատում է նա, հետո նշում, որ խաղողագործներին խորհուրդ է տալիս կարմիր գինու դեպքում 7-8 ողկույզ թողնել մեկ վազի վրա: Այդ դեպքում խաղողն ավելի լավ որակ է ունենում: Կարմիր գինու գունային ուժն, ըստ ֆրանսիացի գինեգործի, գտնվում է խաղողի կեղևի մեջ:

Ընկերությունը 2006 թ.-ից Արմավիրի մարզի Արտամետ և Կողբավան համայնքներում ունի 50 հա խաղողի այգիներ, ևս 50 հա պատրաստվում է հիմնադրել Սասունիկ համայնքում, որտեղ նախատեսվում է աճեցնել եվրոպական գինեբեր տեսակի խաղող: «Արմենիա Վայն»-ը սպիտակ գինու համար խաղող ձեռք է բերում հիմնականում Արագածոտնի մարզից, իսկ արենին՝ Վայոց ձորից: 2013 թ. գործարանը մթերել է 5000 տ խաղող:

Շշերի «պարն» ու 12-մետրանոց պահամանները

Սասունիկցի Տաթև Սարգսյանը գործարանի 186 աշխատակիցներից մեկն է (աշխատակիցներից 50-60 Երևանից են գնում, մնացածը՝ Սասունիկից և Աշտարակից), ով արդեն 3 տարի է՝ աշխատում է գործարանում: Նա անթարթ հետևում է շշալացման հոսքագծով անցնող գինու շշերին: Մինչ նրան հասնելը շշերն անցնում են պարզաջրում, շշալցում, խցանավորում: Մեկ հոսքագիծն առանց ընդհատումների աշխատում է 11 ժամ (աշխատակիցները 2 հերթափոխով են աշխատում): 1 օրվա կտրվածքով հոսքագիծը մատակարարում է շուրջ 25.000 շիշ: Հոսքագծին մոտ կանգնած մի պահ նույնիսկ թվում է, թե մեր առջև շշերի «պարի» պետական համույթն է` նույն տարազով ու շարժումների համաչափությամբ: Տաթևն այդ շարքից արագ հանեց մի շիշ՝ մի կողմ դնելով: Ասում է, որ շիշը կիսատ է լցվել, և այն նորից պետք է հետ ուղարկեն մառան: Իսկ մառանում տեղադրված են 12-մետրանոց պահամանները, որտեղ էլ ստանում են գինին: Գինու հնեցնումն էլ կատարում են տակառներում, որոնք 3 տարին մեկ պետք է թարմացվեն: Ըստ աշխատակիցների` 1 տակառն արժե 400-500 եվրո:

Արտահանման մասին կամ մի քիչ էլ թվեր

Ընկերության աշխատակիցները նշում են, որ «Արմենիա Վայն»-ը գինու ամենախոշոր արտահանողն է և առաջին հարկատուն գինեգործական ընկերությունների շարքում: Տարեկան արտադրանքի հզորությունը կազմում է 4 մլն շիշ գինի: 2012 թ. վճարել են 1 մլրդ 556 մլն դրամ, 2013 թ.՝ 1 մլրդ 657 մլն դրամ: 2012 թ. արտահանել են 371.000 շիշ գինի, 2013 թ.-ին՝ 1 մլն՝ այն համարելով արտահանման ռեկորդ: Իսկ արտահանվող երկրների շարքում են Ռուսաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Չեխիան, Լիտվան, ԱՄՆ-ն, Կանադան, արտահանման ամենամեծ ծավալները ուղղվում են դեպի Ռուսաստան:

Իտալական դիզայնն ու ֆրանսիացի գինեգործները

Ընկերության պիտակների դիզայնը հիմնականում արվում է Իտալիայում, միայն «Թարիրին» է, որ արվել է Ֆրանսիայում: Շշերը առավելապես գնում են Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» ՍՊԸ-ից: «Թարիրին» նոր ապրանքանիշ է ընկերությունում: Անվանել են Մենուա թագավորի դստեր՝ Թարիրիի անվամբ, իսկ պիտակի վրա կան նաև սեպագրություններ: Ընկերության տնօրենից հետաքրքրվում եմ իտալացիների և ֆրանսիացիների՝ գինու շուրջ ծավալած «վեճի» մասին: Ասում է՝ գինու շուրջ չեն կարող լինել վեճեր, և առհասարակ գինին սիրում է համերաշխություն, իսկ նրանք, ովքեր վիճում են այդ հարցում, հեռու են գինուց: Նրա խոսքով՝ համերաշխ մթնոլորտ է ձևավորվել նաև հայ գինեգործների շրջանում, և իրենք ուրախանում են հայկական գինու հաջողություններով:

Մաթյոն էլ նշում է, որ գինեգործի նպատակը գինու մեկ բաժակին տպավորությունների «փունջ» հաղորդելն է: Նա մատնացույց է անում շշալցման արտադրամասում գտնվող գինիների ցուցադրության անկյունը: Նրա հաշվարկով՝ ընկերությունն ունի մոտ 30 անվանական գինի, որոնցից երկուսն անակնկալ են սպառողի համար: Դրանցից մեկը պատրաստված է 100-տոկոսանոց հայկական խաղողով: Այդ ցուցափեղկի գլխավոր մասում «Թարիրին» է, որը նրանք համարում են ամենաբարձրակարգ գինին: Այն պատրաստված է հայկական և ֆրանսիական խաղողից:

Զբոսաշրջային «դիսկուրս» 

Ընկերության աշխատակիցներն ասում են, որ առաջիկա ծրագրերից մեկը գործարանը զբոսաշրջության վայր դարձնելն է: Դրա համար այսօր ինտեսիվ շինարարություն է ընթանում: Աշխատակիցները շեշտում են, որ գործարանի համալիրրի ճարտարապետությունը բծախնդրորեն է արվել, որտեղ կարմիր տուֆը, հայկական որմնանախշերը և գինին դիսկուրսի մեջ են մտնելու զբոսաշրջիկների հետ: 

Մեկնաբանություններ (1)

SUSANNA
կեցցեք, վաղուց ժամանակն էր միջազգային շուկա մտնել, նման ներդրումներ պետք է կատարեն մեր գործարարները, ոչ թե այդ մի բուռ երկիրը ողողեն հազարավոր սուպերմարկետներով և կասկածելի որակ ունեցող ապրանքներ հրամցնեն խեղճ ժողովրդին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter